«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


«ԿԻԼԻԿԻԱՆ» ՓՐԿՎԵՑ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՓՈԹՈՐԿԻՑ

«Ազգին» երեկ ուղարկած էլեկտրոնային նամակում Զորի Բալայանը պատմում է, որ 2 ու կես ամսվա սպասումներից հետո օվկիանոսում հայտնված «Կիլիկիա» նավի անձնակազմի ուրախությունը քիչ ժամանակ անց փոխարինվել է անհանգստությամբՙ հանկարծակի բռնկված փոթորկի պատճառով: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից ու սառը քամու ներխուժումից հետո անձնակազմի անհանգստությունն ավելի է մեծացել, երբ նրանց աչքի առջեւ ալեկոծված օվկիանոսի ալիքները հետզհետե ուժգնացել են:

«Այնպիսի տպավորություն էր, կարծես միանգամից իրար են ձուլվում մի քանի ալիքներ, միավորում, հզորանում, ուժգին թափով վերեւ բարձրանում ու մեկ վայրկյան անց մղվում առաջ: Այս ամողջ «այվազովսկին» տեւեց առավոտից մինչեւ կեսօր: Մենք ստիպված էինք թեքվել արեւելք, հայտնվելու Սինեշի նավահանգստում, ինչը ծրագրված չէր: Անհնար է մոռանալ մի դրվագ, որը սկզբում մեզ սարսափեցրեց, իսկ հետոՙ զվարճացրեց: Առաջին անգամ մենք մոտեցանք նավամատույցին օվկիանոսի առավելագույն տեղատվության ժամանակ եւ հենց այդ պահին զգացինք «Կիլիկիայի» «պստիկությունը», գրում է Բալայանը: Նավամատույցի տարածքը բուռն տեղատվությունից այնպես է բարձրացել, որ անհնար է դարձել այնտեղ ամրանալը, սակայն անվախ նավաստիներ Վահագն Մաթեւոսյանը, Մուշեղ Բարսեղյանն ու Հայկ Սադոյանը, որոնք գրեթե բոլոր նավահանգիստներում առաջինն են դուրս թռչել «Կիլիկիայից», այստեղ էլ են կատարել իրենց գործըՙ ջուրն ընկնելով ու իրար պարան մեկնելով:

Օվկիանոսի փոթորկից փրկված «Կիլիկիան» հավանաբար օգոստոսի 19-ին կհասնի վերջին հանգրվանՙ Լոնդոն:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4