«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Որ Արցախում կրթամշակութային ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, չեն ժխտում նաեւ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում: Ժամանակն իր նոր պահանջներն է առաջադրում, որոնք անտեսելը նշանակում է եթե ոչ հետընթաց, ապա առնվազն` դոփել տեղում:

Կրթական եւ մշակութային հիմնախնդիրները լուծելու նոր մոտեցումներ որդեգրելու, դրանք նույն նպատակին ուղղելու եւ առկա խնդիրներին համակարգային լուծում տալու նպատակով ԼՂՀ ԿՄՍ նորանշանակ նախարար Կամո Աթայանը պարբերաբար հանդիպում է ոլորտի պատասխանատուների եւ առաջատար մասնագետների հետՙ անցկացնելով աշխատանքային խորհրդակցություններ: Զուտ գերատեսչական մոտեցումներով առկա հիմնախնդիրները լուծելը լիարժեք չհամարելովՙ նախարարը ակնկալում է իրավասու օղակների պրակտիկ աշխատանքից բխող գործնական առաջարկներ, որոնք իրոք կարող են նպաստել ճիշտ ուղեգիծ ընտրելուն: Միեւնույն ժամանակ նման քաղաքականությունը թույլ է տալիս բացահայտել ոլորտի կադրային ներուժը: Չբավարարվելով, սակայն, այդ ամենով, նախարարը նախաձեռնել է նաեւ այդ խնդիրները հասարակական-քաղաքական խավերի ներկայացուցիչների հետ քննարկելու ձեւը: Բնական է, որ ԼՂՀ-ում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպություններն ունեն կրթական ու մշակութային բնագավառներին վերաբերող ինքնուրույն տեսակետներ եւ, անկախ այն բանից, թե դրանք ինչքանով են մասնագիտորեն շահեկան, զուտ խորհրդատվական առումով ունեն կարեւոր նշանակություն:

Արցախում գործող կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ օգոստոսի 13-ին կայացած հանդիպումը նույն այդ նպատակն էր հետապնդում: Նախարարը նախ համառոտ ներկայացրեց գերատեսչության մտահոգությունների այն շրջանակը, որոնք մասնավորապես վերաբերում են կրթության արդյունավետության բարձրացմանը, գիտական ներուժի կենտրոնացման նպատակահարմարությանը, գյուղերում մշակութային օջախների վերականգնմանը եւ այլն: Նշված խնդիրները հետխորհրդային ժամանակաշրջանի ծնունդ են, եւ այս առնչությամբ Կ. Աթայանը համոզմունք հայտնեց, որ հասարակական-քաղաքական ուժերը եւս շահագրգռություն պետք է ունենան դրանց լուծման գործում:

Իրենց տեսակետները հայտնելովՙ հրավիրվածները հատկանշեցին հիմնախնդիրներին համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը, որովհետեւ մասնակի մոտեցումները չեն կարող բովանդակային դառնալ լուծումներում: Եվ թեպետ կուսակցությունների առաջնորդների ելույթները որոշակիորեն խարսխված էին իրենց քաղաքական մեկնակետերի վրա, այնուհանդերձ, դրանք ընդգծվում էին կրթամշակութային բնագավառներում վերափոխումներ անելու շեշտադրությամբ: Կարեւորվեց նոր դպրոցի մոդել ստեղծելու գաղափարը, որովհետեւ խորհրդային կարգերի փլուզումից հետո, հիրավի, Արցախում եւս ծառացել է ազգային դպրոց ունենալու հրամայականը: Նախարարի հարցադրումըՙ ունե՞նք ազգային դպրոց եւ կարո՞ղ ենք ունենալ, մյուս ելույթներում նույնպես իր արտացոլումը գտավ:

Առանձնակի քննարկման նյութ դարձավ ռուսական թեքումով դասարանի առկայության հարցը: Նման տիպի դասարան, երբ առարկաների հիմնական մասը ուսուցանվում է ռուսերենով, գործում է միայն Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում: Խնդիրն այն է, որ այս տարի նախատեսված 25-ի փոխարեն ռուսական թեքումով դասարանի համար հայտ են ներկայացրել, օգոստոսի 1-ի դրությամբ, 103 հոգի (այդ թիվը, ենթադրվում է, կկրկնապատկվի մինչեւ օգոստոսի վերջը):

Ազգային դպրոց ունենալու ծրագրի շրջանակում վերոհիշյալ փաստը մտահոգիչ է նրանով, որ հայտատուների գերակշիռ մասը ազգությամբ հայեր են, մինչդեռ ի սկզբանե այդ դասարանը նախատեսված էր խառնածին կամ դրսեկ երեխաների համար: Հաշվի առնելով, որ քննարկմանը մասնակցում են հասարակության ներկայացուցչական խավերըՙ նախարարը նույնիսկ մի փոքրիկ հարցում կատարեցՙ պարզելու, թե տվյալ պարագայում ինչքանով է ցանկալի բոլոր հայտատուներին ընդառաջելը: Ճնշող մեծամասնությունը դեմ եղավ դրան, ավելինՙ նշվեց, որ ոչ թե պետք է ընդարձակել կամ ստեղծել օտարալեզու նոր դասարաններ, այլ հանրապետության դպրոցներում բարձրացնել օտար լեզուների, այդ թվում` ռուսերենի, ուսուցման որակը:

Շոշափվեց նաեւ մասնավոր պարապմունքների խնդիրը: Նախարարը համաձայնություն հայտնեց այն մտահոգությանը, որ կրկնուսուցման ինստիտուտը իր հետ ստեղծում է նաեւ բացասական դաշտ, որտեղ առկա են դառնում սոցիալական, բարոյահոգեբանական եւ իրավական բնույթի հարցեր:

Կարեւորվեց նաեւ հանրակրթարաններում ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը: Նշվեց, որ թեեւ այս ուղղությամբ լավ հիմքեր են դրված, ինչի մի վկայությունը ԼՂՀ պաշտպանության եւ ԿՄՍ նախարարությունների համատեղ իրագործվող ծրագրերն են, սակայն լավարկման առումով անելիքներ դեռ շատ կան: Մասնավորապես, նորակառույց դպրոցներում չեն նախատեսվում ռազմագիտության դասասենյակներՙ անհրաժեշտ պարագաներով ու տեխնիկական հնարավորություններով:

Քննարկված խնդիրների առնչությամբ եղան կոնկրետ առաջարկություններ, որոնց մի մասը օրենսդրական ճանապարհով լուծում է պահանջում, իսկ մյուսները գերատեսչական իրավասության շրջանակում են: Նախարարը դրանք գրի առավՙ նախարարության համապատասխան օղակներում առավել նպատակային ու մասնագիտական ձեւով քննարկելու համար:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4