Սահմանադրությունն ու քաղաքական ռեֆորմները ազգային 3 մակարդակներում
«Սահմանադրական-քաղաքական բարեփոխումների ընթացքը Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում. քաղաքական էլիտան եւ ժողովրդի ձայնը». այսպիսի խորագրով հետազոտական հրատարակություն են լույս ընծայել Ընտրությունների ժողովրդավարության եւ համագործակցության միջազգային ինստիտուտը (International IDEA) եւ Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտը (CIPDD):
Այս համատեղ նախագծի ստեղծման խթան դարձավ Վրաստանում հեղափոխությունից հետո ստեղծված քաղաքական նոր իրավիճակը: Իշխանության եկած ուժերի նախաձեռնած ռեֆորմները պահանջում էին նաեւ սահմանադրական լուրջ փոփոխություններ: Սակայն դրանք իրականացվեցին հապշտապ, առանց հասարակական մասնակցության ու քննարկումների: Այս նախագիծը Հարավային Կովկասի 3 հանրապետություններում առկա քաղաքական ներկա իրողություններին համաշխարհային հանրությանն իրազեկելու եւ այդ խնդիրների հասարակական քննարկումներին նպաստելու նպատակ ունի: Քանի որ նախագծի հեղինակներից մեկը «Վրաստանի ձայնը սահմանադրական եւ քաղաքական ռեֆորմներում» կովկասյան ինստիտուտն է, հրատարակությունը գլխավորապես ներկայացնում է Վրաստանը, իր քաղաքական կառուցվածքի 2 գլխավոր հանգույցներովՙ իշխանության տարբեր ճյուղերի միջեւ հավասարակշռություն եւ կենտրոնական կառավարումից իշխանության տարածաշրջանային եւ տեղական մակարդակներին իրավասությունների փոխանցում:
Նախագիծը տարածաշրջանային ընդգրկում ու նշանակություն ունի նաեւ այն առումով, որ ներառում է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական ռեֆորմների վերաբերյալ փորձագիտական վերլուծություններ ու գնահատականներ: Հայ եւ ադրբեջանցի 3 փորձագետներ նախապատրաստել են հրատարակության մեջ ներկայացված հիմնարար խնդիրների վերաբերյալ փաստաթղթերն ու ուսումնասիրությունները:
Հայաստանին նվիրված բաժնում սահմանադրական ու քաղաքական ռեֆորմների եւ եվրոպական համագործակցության թեմաներով վերլուծական հոդվածները հեղինակել են Մկրտիչ Գիմիշյանը եւ Սերգեյ Մինասյանը: Մանրակրկիտ եւ ուշագրավ դիտարկումներ են ներկայացվել հատկապես տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմքերի վերաբերյալ:
Համատեղ նախագծի շրջանակներում նույն թեմայով մարտի 18-19-ը Թբիլիսիում կազմակերպվեց միջազգային համաժողով: Դրա գլխավոր առաքելությունը եղավ հարավկովկասյան 3 երկրներում բարեփոխումների եւ եվրոինտեգրման ընթացքի ու հեռանկարների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Կոնֆերանսի նյութերը եւս ներկայացվել են հրատարակության մեջ:
Համատեղ նախագծի հեղինակները հույս ունեն, որ հասարակական քննարկումների արդյունքում ծնված փորձագիտական հետազոտությունները պետական քաղաքականություն մշակելիս կօգտագործեն նաեւ Հարավային կովկասի 3 երկրների իշխանությունները:
Այն օգտակար կլինի նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների համար` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցության իրենց ծրագրերը մշակելիս:
Կ. Դ.