Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավճռով երեկ ազատ արձակված Եքթան Թուրքյըլմազն այսօր իր հայ ընկերների հետ կնշի ծննդյան 33-ամյակը, իսկ 15 օր անց կմեկնի Թուրքիա, ծնողներին տեսնելու, այնտեղիցՙ Մ. Նահանգներ, գիտական թեզի վրա աշխատանքը շարունակելու:
«Ցավում եմ կատարվածի համար: Իմ անտարբերության եւ անփութության հետեւանքով ես գրքեր արտահանելու թույլտվություն չեմ ստացել, չեմ իմացել Հայաստանի պահանջները, չեմ ցանկացել խախտել օրենքը: Խնդրում եմ լինել ներողամիտ եւ կիրառել հնարավորինս մեղմ պատիժ», իր վերջին խոսքում ասաց ամբաստանյալ Եքթանը:
Դատարանի սահմանած վերջնական պատժով նա դատապարտվեց 2 տարի ազատազրկմանՙ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215 հոդվածի 2 մասով եւ 215 հոդվածի 2 մասով, Հայաստանից պատմամշակութային արժեք ներկայացնող գրքեր դուրս հանելու փորձի եւ արտահանելու համար, սակայն նրա նկատմամբ կիրառվեց 77 հոդվածը, որը թույլ տվեց պատիժը կրել ազատության մեջ, առանց հսկողության եւ գույքի բռնագրավման: Նրանից առգրավված անձնական իրերը` լազերային սկավառակը, համակարգիչը, լուսանկարչական ապարատն ու բջջային հեռախոսը կվերադարձվեն, իսկ բռնագանձված 88 անուն գրականությունը կհանձնվի պետությանը:
Մեղադրող Կորյուն Փիլոյանը մեղադրական ճառում հիմնավորեց ամբաստանյալի դեմ հարուցված մեղադրանքը, դրա համար բավարար հիմք համարելով ամբաստանյալի խոստովանական ցուցմունքը, «Վերնիսաժի» գրավաճառների վկայությունները եւ Ղեւոնդ Ալիշանի «Սիսվան եւ Կիլիկիա, Լեւոն Մեծագործ» գիրքը չհայտնաբերվելու հանգամանքը: Նա շեշտեց, որ նախորդ այցերի ընթացքում մոտ հազար հայկական հնատիպ գրքեր գնած եւ Թուրքիա տեղափոխած ամբաստանյալը հերքում է Ալիշանի գիրքը արտահանելու փաստը, քանի որ նրա դեմ մեղադրանք է հարուցվել հենց դրա համար: Իր ճառի վերջում մեղադրողը հավելեց մեղմացուցիչ հետեւյալ հանգամանքներըՙ Եքթամի նախկինում դատապարտված չլինելը, դատարանում առավելապես ճշմարտացի ցուցմունք տալը, իր կատարած հանցանքը խոստովանելը, երիտասարդ եւ ամուրի լինելը, որից հետո միջնորդություն ներկայացրեց նրա նկատմամբ սահմանված պատիժը կիրառել առանց ազատազրկման: 2 ժամ անց դատավորը հրապարակեց դատավճիռը, որից հետո ազատ լինելու երջանկությունից դեռ ուշքի չեկած Եքթամը զրուցեց լրագրողների հետ:
«Ես միշտ հայերի բարեկամն եմ եղել եւ շարունակելու եմ մնալ: Ուրախ եմ, որ արդեն ազատ եմ ու կարող եմ մտածել գիտական թեզիս վրա աշխատելու մասին: Իմ ազատությունը շատ արժեքավոր է ինձ համար», ասաց նա:
«Էլի կգա՞ս Հայաստան, կաշխատե՞ս Ազգային արխիվում»:
«Այո, անպայման, այստեղ շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ: Շատ շուտ եմ կարոտում Հայաստանը, մեկնելուց 3 ամիս անց ցանկանում եմ վերադառնալ, լինել իմ սիրած վայրերումՙ Մաշտոցի պողոտայում, «Վերնիսաժում», «Մարկո Պոլո» սրճարանում, Ազգային արխիվում....»:
«Չե՞ս վախենում Թուրքիայում հալածանքի ենթարկվելուց»: «Իմ գաղափարները պաշտպանելու վախ ու մտահոգություն առ այսօր չեմ ունեցել, կարծում եմ, այսուհետեւ եւս այդպիսի խնդիր չեմ ունենա»:
«Հաջորդ անգամ Էլի գրքեր կտանե՞ս Հայաստանից», «Այո, միայն պիտի խնդրեմ Հայաստանի ղեկավարներին, որ ինձ օգնեն ճիշտ կատարելու արտահանման ձեւակերպումները: Թուրքիայում ավելի շատ հայկական գրքեր կան, քան Հայաստանում, որովհետեւ Պոլիսը եղել է արեւելքի մշակութային կենտրոնը եւ հայերը բազմաթիվ գրքեր են հրատարակել»:
Եքթանին աջակցելու էր եկել նրա գիտական աշխատանքի ղեկավարըՙ Դյուք համալսարանի պրոֆեսոր Օրին Սթարնը: «Մենք խիստ մտահոգ էինք Եքթանի համար: Այս պահին չափազանց գոհ եմ, որ նա արդեն ազատության մեջ է: Ես լավ գիտեմ, թե նա ինչքան է սիրում Հայաստանը, գնահատում հայերի պատմությունն ու մշակույթը, ձգտում ամուր կապեր ստեղծել հայ գիտնականների հետ, ինչը նրան թույլ կտա հաջողությամբ շարունակել իր գիտական աշխատանքը», մեզ հետ առանձնազրույցում ասաց Սթարնը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ