«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2005-07-30 | #143, 2005-08-16 | #144, 2005-08-17


ԳԱԶԱՅԻՑ ՀԵՌԱՑՈՂ ՀՐԵԱՆԵՐԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՕՐԵՐԸ

Ի՞նչ զգացողություն են ունենալու Զանգելանում հաստատված հայերը, երբ նրանց համար գա X ժամը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարչապետ Արիել Շարոնը հայտարարում է, որ Իսրայելը չի կարող Գազան պահել ընդմիշտ: 48 ժամում Գազայի հատվածի 21 եւ Հորդանան գետի աջ ափի 4 բնակեցումներից ավելի քան 7 հազար հրեաների դուրսբերումը վարչապետը համարում է «ցավալի, բայց անհրաժեշտ քայլ»: Ծանրաքաշ Շարոնն ինքն է տասնամյակներ առաջ պատերազմել արաբների դեմ, սակայն հենց ինքն է ավելի քան 38 տարի շարունակվող Գազայի օկուպացիային մասնակիորեն վերջ տալու հրաման արձակում:

Աշխարհի տարբեր մայրցամաքներում շարունակվում են ազգամիջյան եւ տարածքային հակամարտությունները: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Ղարաբաղյան խնդիրն, անկասկած, տարբերվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից: Սակայն որքան էլ հակամարտությունները պատմական, իրավական եւ այլ առումներով տարբերվեն միմյանցից, գործում են միջազգայնորեն ընդունելի չգրված օրենքներ, որոնք կիրառվում են հակամարտություններից շատերի դեպքում:

Որքան էլ Հայաստանում եւ սփյուռքում ղարաբաղյան զինուժի վերահսկողության տակ գտնվող, վարչականորեն Ադրբեջանին պատկանող տարածքները համարվեն ազատագրված, միեւնույն է, գալու է պահը, երբ Հայաստանն ու Ղարաբաղը ստիպված կլինեն հրաժարվել դրանցից կամ առնվազն այդ տարածքների մի մասից: Ինչպե՞ս եւ ինչի՞ դիմաց են հեռանալու այդ տարածքներում հաստատված մի քանի հազար հայերը:

Նախ տեսնենք, թե ինչպե՞ս են դուրս գալիս Գազայի հրեաները: Իսրայելի կառավարությունը 150-400 հազար դոլար է տրամադրում Գազայից հեռացող յուրաքանչյուր ընտանիքի: Սակայն այն վերաբնակիչները, որոնք կդիմադրեն, կստանան այդ գումարը 1/3-ով պակաս: Անվտանգության ապահովման նկատառումներով 7 հազար հրեաների դուրսբերմանը ներգրավված են 40 հազար իսրայելյան ոստիկանական եւ զինվորական, ինչպես նաեւ 7,5 հազար պաղեստինյան ուժեր: Ավելի պարզ, Գազայում բնակվող 7 հազար հրեաները (ընդամենը 360 քկմ տարածք ունեցող Գազայում բնակվում են նաեւ1,4 մլն պաղեստինցի արաբներ) ընդդիմանում են, չեն ցանկանում հեռանալ այն տներից, որտեղ ապրել են 38 տարի: Արիել Շարոնի որոշումը նրանց համար ողբերգություն է:

Մեծ հաշվով, Շարոնի եւ Իսրայելի կառավարության քայլը չի կարող համարվել լուրջ փոխզիջում, ավելինՙ զիջում, եթե հաշվի առնենք, որ ավելի քան 50 տարի պաղեստինցիներին չի հաջողվում միջազգայնորեն ճանաչել տալ իրենց պետությունը, վերահսկողություն հաստատել այն տարածքներում, որոնք համաձայն ՄԱԿ-ի բանաձեւի պետք է կազմեին Պաղեստին պետությունը: Սակայն Շարոնն ընդամենը 25 բնակավայրերից դուրսբերումը համարում է լուրջ զիջումՙ հանուն տասնամյակներ շարունակվող պաղեստինա-իսրայելյան արյունահեղության դադարեցման: Շարոնին այս հարցում աջակցում են համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, որոնց թղթակիցները տները կորցնող հրեա վերաբնակիչների մասին զգայացունց հրապարակումներ են պատրաստում դեպքի վայրից:

Երեւանում ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչում, որ Ղարաբաղին հարակից տարածքները բացառապես անվտանգության նպատակներ են հետապնդում, դրանք ռազմական գործողությունների ընթացքում գրավվել են Ղարաբաղի, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով: Նմանօրինակ հայտարարությունները, հատկապես երբ անում է Սերժ Սարգսյանը, իսկ հենց պաշտպանության նախարարն է առավել հաճախ խոսում այդ մասին, ազդանշաններ են ԼՂՀ հարակից տարածքում հաստատված մի քանի հազար հայ բնակչությանը:

Ի տարբերություն Իսրայելի, Հայաստանն ավելի քան 10 տարվա ընթացքում չվերաբնակեցրեց ԼՂՀ հարակից տարածքները, մինչդեռ դա պետք էր անելՙ հաշվի առնելով, որ Ադրբեջանի սանձազերծած էթնիկ զտումների եւ ագրեսիայի հետեւանքով շուրջ 400 հազար հայեր իրենց տունն ու ունեցվածքը կորցրել էին Ադրբեջանում: Ընդհանուր առմամբ, հայերն Ադրբեջանի տարածքում ստիպված են եղել թողնել 180 հազար բնակարան եւ առանձնատուն: Եվ տունը կորցրած այդ հայերի գոնե մի մասը կարող էր դառնալ ԼՂՀ հարակից տարածքի բնակիչ:

Հավանական է, որ առնվազն 5 կամ 6 շրջանների վերադարձը Ադրբեջանին չի դիտվելու ղարաբաղյան հարցում փոխզիջում հայկական կողմից: Ոչ այն պատճառով միայն, որ այդ տարածքները վարչականորեն Ադրբեջանի մասն են, այլ որովհետեւ այնտեղ գրեթե ամայություն է: Սրանում համոզվեց նաեւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը, որն այս ձմռանն այցելեց այդ տարածքներՙ համոզվելու, թե արդյոք ճի՞շտ են Բաքվի այն պնդումները, որ պաշտոնական Երեւանն այնտեղ իրականացնում է բնակեցման եւ յուրացման քաղաքականություն:

Ի տարբերություն Գազայի հրեաների, ԼՂՀ հարակից շրջաններում չկան այն պահանջատեր հայերը, որոնց համար այդ տարածքներից հեռանալը կլինի ողբերգություն: Եվ ի տարբերություն Շարոնի, որն աննշան զիջումներ է անում պաղեստինցիներին եւ դա միջազգային հանրությանը մատուցում զոհողության նման մի բան, Հայաստանի ղեկավարը զրկված է լինելու նմանօրինակ հաղթաթղթից:

Ի՞նչ զգացողություն են ունենալու Զանգելանում, Մինջեւանում կամ Ղուբաթլուում հաստատված հայերը, երբ նրանց համար գա X ժամը: Դժվար թե որեւէ մեկը նրանց առաջարկի տասնյակ հազարավոր դոլարներ: Նրանք, ովքեր եղել են այդ տարածքներում, զրուցել բնակիչների հետ, կարող են պնդելՙ տանիք ունենալու դեպքում այդ մարդիկ պատրաստ են առանց փոխհատուցման, իրենց միջոցներով հեռանալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4