Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս «Բանանցի» 26-ամյա հարձակվող Արամ Հակոբյանն անդամակցեց ռմբարկուների «100-ի ակումբին»: «Դնեպրի» հետ կայացած խաղում էլ Արամն իրեն գերազանց դրսեւորեցՙ դառնալով հրաշալի երկու գոլի հեղինակ: Նրա խաղը չէր կարող չարժանանալ հավաքականի մարզիչների ուշադրությանը: Ուստի պատահական չէ, որ Հակոբյանն ազգային հավաքականի հետ մեկնեց Հորդանան: Այսօր Արամը խմբագրության հյուրն է:
- Արամ, նախ շնորհավորում եմ «100-ի ակումբին» անդամակցելու առթիվ: Ինչպես երեւում է, երանելի բարձունքի հաղթահարումը քեզ ազատել է կապանքներից: Այժմ ավելի անկաշկանդ ես գործում:
- Շնորհակալություն: Իրոք որ, կարծես կապանքներից ազատվել եմ: Երանելի բարձունքի հաղթահարման վերջին քայլերը դժվարությամբ տրվեցին: 100 գոլի սահմանը հատելը հեշտ խնդիր չէր: Երեւի թե դրանից հետո ավելի ես վարպետանում: Այժմ ավելի ազատ եմ գործում, կարծես թե նշանառությունս էլ վերականգնվել է:
- Ինչպե՞ս ես գնահատում «100-ի ակումբում» եղբորդ ցուցանիշը (136 գոլ) գերազանցելու հնարավորություններդ:
- Եթե շարունակեմ ելույթներս Հայաստանում, ապա կձգտեմ ոչ միայն եղբորս, այլեւս մյուս անդամների ցուցանիշները գերազանցել, ինչո՞ւ չէՙ նաեւ գլխավորել ռմբարկուների ընտանիքը:
- «Դնեպրի» հետ խաղում ինչո՞ւ չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը:
- Իմ կարծիքով, բավական հետաքրքրական մրցավեճ ծավալվեց եւ մարզադաշտ եկած հանդիսականներն իրոք մեծ բավականություն ստացան խաղից, թեեւ արդյունքն, իհարկե, հիասթափեցնող է: Պարտության գլխավոր պատճառը, կարծում եմ, այն էր, որ մեզ չբավականացրին միջազգային բարձր կարգի հանդիպումների փորձը եւ, իհարկե, վարպետությունը: Սրանք ֆուտբոլում կարեւոր են: «Դնեպրը» մնում է «Դնեպր» եւ մեկ անգամ եւս դրսեւորեց իր ներուժը, թեեւ վերջին շրջանում թիմի խաղում անկում է նկատվում: Չպետք է մոռանալ, որ անցյալ տարի թիմը բավական հաջող հանդես եկավ ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում:
- Հնարավո՞ր է շուտ հավատացիք հաղթանակին, ինչ-որ տեղ թուլացաք:
- Ոչ: Երբ ընդմիջման գնացինք 2-0 հաշվի ժամանակ, կարծում եմ, ֆուտբոլիստներից եւ ոչ մեկը դեռեւս թիմի վերջնական հաղթանակին չէր հավատում, որովհետեւ լավ էին գիտակցում «Դնեպրի» ներուժը, զորությունը:
- Իսկ ընդմիջմանն ինչպիսի՞ ցուցումներ ստացաք մարզիչներից:
- Անհրաժեշտ էր աչալուրջ գործել պաշտպանությունում, շեշտը դնել արագ հակագրոհների վրաՙ փորձելով զարգացնել հաջողությունը: Իմ կարծիքով, 2-րդ խաղակեսում էլ մեր խաղը լավ էր ստացվում, ոչնչով չէինք զիջում մրցակցին, նույնիսկ խաղային ու տարածքային առավելություն ունեինք: Հաշիվն ավելացնելու եւս մի քանի հիանալի առիթներ ունեցանք, ափսոս միայն, որ չկարողացանք դրանք օգտագործել: Գոլային պահերի չօգտագործումը, ունեցած առավելությունը պահպանել չկարողանալը ոչ միայն «Բանանցի», այլեւ ողջ հայկական ֆուտբոլի հիմնախնդիրն է:
- Իսկ ինչո՞վ կբացատրես այն փաստը, որ խաղակեսերի սկզբին «Բանանցի» խաղը չէր ստացվում, իսկ խաղավերջում էլ ընդամենը մի քանի րոպեում թիմը 3 գոլ բաց թողեց ու դառը պարտություն կրեց:
- Նույնպիսի պատկեր էր նաեւ «Լոկոմոտիվի» հետ հանդիպումներում: Ճիշտն ասածՙ դժվարանում եմ պատասխան գտնել, գուցե ֆուտբոլիստների մոտ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը խաղի ընթացքում է ձեռք բերվում, ուստի խաղասկզբում դեռեւս կաշկանդված են գործում: Իսկ խաղավերջում, երեւի թե մի պահ կորցրինք զգոնությունը եւ դաժանորեն պատժվեցինք: Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է եւ պետք է ողջ թիմով 90 րոպե պայքարել: Նման մակարդակի հանդիպումներում րոպեական թուլացումը, զգոնության կորուստը ճակատագրական կարող է դառնալ, ինչն ի վերջո, ցավոք, մեզ հետ պատահեց:
- Իսկ գուցե դա տղաների ֆիզիկական ոչ բավարար պատրաստությա՞ն հետեւանք էր:
- Նման խոսակցություններ խաղից հետո ես էլ լսեցի: Բայց խաղադաշտում դա չեմ զգացել: Անձամբ իմ գործողություններում հոգնածություն չեմ զգացել, տղաներն էլ պայքարեցին մինչեւ վերջ:
- Արամ, «Դնեպրին» երկու հրաշալի գոլ խփեցիր: Երբ դարպասին հեռվից հարվածեցիր, հույս ունեի՞ր, որ այն նպատակին կհասնի:
- Կարող եմ ասել, որ այդ հարվածում ողջ հոգիս դրեցի, իրոք ստացվեց: Ազատվեցի պաշտպանից ու հարվածեցի, հաջողությունն ուղեկցեց ինձ: Երկրորդ գոլի իրավիճակում Հայաստանի առաջնություններում հաճախ եմ հայտնվել, բայց վերջին հարվածն ինչ-որ չէր ստացվում: Այդ օրը մարզական բախտն ուղեկցեց ինձ: Դա ֆուտբոլիստի համար շատ կարեւոր գործոն է: Երեւի թե բոլորը փոխանցման էին սպասում, իսկ ես որոշեցի խաբս տալ մրցակիցներին ու անակնկալի բերեցի նրանց:
- Մինչեւ Երեւան ժամանելն էլ եղբայրդ էր խոցել «Դնեպրի» դարպասը: Ինչ է, ընտանեկան ավանդո՞ւյթ է դարձել...
- Անչափ ուրախ եմ Արայի համար, Աստված տա, շարունակի արդյունավետ խաղը «Ստալում»: Իմ գոլերի համար էլ ուրախ եմ, ափսոս միայն, որ դրանք չնպաստեցին թիմի հաջողությանը:
- Հնարավո՞ր է, որ Արայի հետ կրկին միասին հանդես գաք Ուկրաինայի առաջնությունում:
- Դեմ չեմ լինի: Սակայն դա միայն ինձանից չի կախված:
- Իսկ ունե՞ս հրավերներ:
- Կան մի քանի առաջարկներ, սակայն շտապել պետք չէ, հարկավոր է մտածել ու կշռադատված որոշում ընդունել: Իսկ արտասահմանում խաղալու ցանկություն, իհարկե, ունեմ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ