«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2005-08-16 | #144, 2005-08-17 | #145, 2005-08-18


ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆԱԽԱԴԵՊ ԿԴԱՌՆԱ՞ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ

Ճգնաժամերի միջազգային խումբը, որն աշխարհի առաջատար կենտրոնների համար կարծիք ձեւավորելու հարցում լուրջ ազդեցություն ունի, պատրաստվում է ՄԱԿ-ին ներկայացնել երաշխավորագրեր երկրագնդի 44 հակամարտությունների վերաբերյալ, ներառյալ ղարաբաղյանը: Ըստ «Ռեգնում» գործակալության, խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը հայտարարել է, որ Կոսովոյի խնդրի միակ լուծումն անկախությունն է: «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որն ընդունում են ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի որոշ աշխատակիցներ, բայց դեռեւս աջակցություն չի ստացել կոնտակտային խմբի երկրներից եւ ոչ մեկի մայրաքաղաքում: Այսօր Կոսովոյում բնակվում է ոչ պակաս, քան 2 մլն մարդ, իսկ տարածքը փաստացի ԵՄ-ի ներսում է: Եթե մտածում եք, որ միջազգային հանրությունը կընդառաջի Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ղարաբաղի ժողովուրդների ձգտումներին, ապա, իմ կարծիքով, դա այնքան էլ իրատեսական չէ», ասել է նա:

Ճգնաժամերի միջազգային խումբն առաջարկներ է նախապատրաստում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Մենք երկու զեկույց ենք պատրաստել Ադրբեջանում եւ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ճիշտ է, առաջարկները դեռեւս չենք ձեւակերպել: Եթե կողմերից ոչ մեկը չի ցանկանում գնալ փոխզիջման, խաղաղություն չի լինի», ավելի վաղ ասել էր Դելետրոզը: Խումբը հուլիսի կեսերին Թբիլիսիում հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ կազմակերպել էր ղարաբաղյան հակամարտությանը նվիրված փակ քննարկում: Ըստ ադրբեջանական մամուլի, խումբը նախագծի տեսքով հայերին եւ ադրբեջանցիներին է ներկայացրել մի փաստաթուղթ, որն ադրբեջանական կողմի դժգոհությունն է առաջացրել: Քննարկմանը մասնակցած պատգամավոր Գյուլթեկին Հաջիեւայի խոսքերով, նախագծում արտահայտված չի եղել «օկուպացիայի փաստը, եւ միտված էր Ղարաբաղում դե ֆակտո գոյություն ունեցող վարչակարգի օրինականացմանը»: Նախագծում ներկայացված է եղել ղարաբաղյան խնդիրը հանրաքվեով կարգավորելու առաջարկը:

Միջազգային փորձագետների կարծիքով, Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է նախադեպ լինել այլ հակամարտությունների համար: Մասնավորապես մոսկվացի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը մի քանի օր առաջ Բաքվի մամուլում նկատել էր, որ Կոսովոն ճանաչելու դեպքում «հետխորհրդային տարածքում առաջինը հերթ կկանգնի Լեռնային Ղարաբաղը», որովհետեւ «չճանաչված պետություններից Ղարաբաղն է ձեւավորված եւ կազմավորված կառավարման ու իշխանական համակարգ ունեցող միավոր»:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4