«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2005-08-16 | #144, 2005-08-17 | #145, 2005-08-18


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԶԳԱՅՈՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ես այցելում եմ Հարավային Կովկաս, որովհետեւ Եվրոպայի ամենազգայուն տարածաշրջաններից մեկն է, իսկ այդ տարածաշրջանի երկրները` Եվրոպայի խորհրդի անդամ»: Տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին` օգոստոսի 17-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Ըստ նրա, առաջիկայում տարածաշրջանում տեղի են ունենալու կարեւոր իրադարձություններ, մասնավորապես նոյեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները: Նա ցանկություն է հայտնել բաց խոսակցություն ունենալ ԵԽ-ի առջեւ անդամ-երկրների ստանձնած պարտականությունների եւ հանձնառությունների մասին: Հայաստանի մասով ԵԽԽՎ-ի նախագահը հատկապես կարեւորել է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Հայաստանում այսուհետեւ միայն ազատ ու արդար ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ երկրում լավ կազմակերպված ընդդիմության անհրաժեշտությունը: Ըստ Ռենե վան դեր Լինդենի, անհրաժեշտ է նաեւ, որ ԵԽ-ի բոլոր առաջարկություններն ու պահանջները ընդունվեն եւ կատարվեն, քանզի այդպիսով Հայաստանը ցույց կտա միջազգային հանրությանը, որ պատկանում է ժամանակակից Եվրոպային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4