Թե՞ Պաղեստինի այս հատվածը վերածում է համակենտրոնացման ճամբարի
Օգոստոսի 15-ին իսրայելական զորքերը փակեցին Գազայի հատվածի սահմանային գլխավոր անցակետը, իսկ հաջորդ օրվա առավոտյան սկսվեց հրեա վերաբնակների դուրսբերումը: Դրան հետեւեց Իսրայելի պաշտպանության նախարար Շաուլ Մոֆազի հայտարարությունը: Նա թեեւ «ցավագին» համարեց հրեա վերաբնակների դուրսբերումը, բայց եւ այնպես նշեց, որ դա «կենսական անհրաժեշտություն է Իսրայելի ժողովրդավարական պետության համար»:
Իսրայելի կառավարությունն առայժմ հավանություն է տվել Գազայի 4 բնակավայրի դատարկմանը: Սակայն Իսրայելը որոշել է այնտեղ դատարկել հրեական բոլոր 21 բնակավայրերն ու եւս 4 փոքրիկ բնակավայրեր Արեւմտյան ափի հյուսիս-արեւմուտքում: Մոֆազի հայտարարությունը բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ որոշումը կկատարվի եւ վերաբնակների դուրսբերման գործընթացի ավարտին Գազայում կվերացվեն իսրայելական ռազմական բոլոր օբյեկտներն ու տարածքն ամբողջությամբ կանցնի Պաղեստինի ազգային վարչակարգի վերահսկողության տակ: Այսպիսով վերջ կտրվի տարածքում Իսրայելի 38-ամյա օկուպացիային:
Առաջին հայացքից թվում է, թե հրեա վերաբնակներին Գազայից դուրս բերելու Իսրայելի կառավարության որոշումը հօգուտ պաղեստինցիների չափազանց դրական քայլ է: Այն առումով, որ 7000 հրեաների դուրսբերմամբ փաստորեն ազատվում է 365 քառ. կմ ընդհանուր մակերես ունեցող Գազայի տարածքի շուրջ 32 տոկոսը, ինչը կարեւոր նշանակություն կունենա այնտեղ բնակվող 1,4 մլն պաղեստինցիների համար:
Չպետք է, սակայն, մոռանալ, որ Գազայի մակերեսն էլ իր հերթին Արեւմտյան ափի տարածքի 6 տոկոսին է հավասար: Մինչդեռ Արեւմտյան ափումՙ Հորդանանի սահմանի երկայնքով հիմնադրված խոշոր բնակավայրերում, որոնք բոլոր կողմերից պաշտպանության տակ են առել Երուսաղեմը, բնակվում են ավելի քան 300 հազար հրեա վերաբնակներ: Ավելինՙ չի բացառվում, որ Իսրայելը հենց այդ բնակավայրերում բնակեցնի Գազայից դուրս բերվող հրեաներին:
Այդ ընթացքում շարունակվում է 9 մ բարձրությամբ այսպես կոչված սահմանազատման պարսպի կառուցումը, որի ավարտին Իսրայելը կյուրացնի Պաղեստինի տարածքի եւս 10 տոկոսը, պաղեստինյան ապագա պետության մայրաքաղաքը համարվող Արեւելյան Երուսաղեմը գրեթե ամբողջությամբ կհայտնվի իսրայելական հատվածում, շուրջ 200 հազար պաղեստինցիներ կընկնեն պաշարման մեջ, եւ վերջապես, պաղեստինցիներին իսրայելցիներից տարանջատելու նկատառումով կառուցվող մի քանի հարյուր կմ երկարությամբ այս պարիսպն իրականում միմյանցից կտարանջատի պաղեստինյան ժողովրդի տարբեր հատվածներին:
Այլ կերպՙ որքան էլ Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը գոհունակությամբ արձանագրի Գազայի հատվածից հրեա վերաբնակների դուրսբերման վարչապետ Արիել Շարոնի կառավարության որոշումն ու աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները, որոնք գտնվում են համաշխարհային հրեական կառույցների ենթակայության տակ, փաստի առնչությամբ շեփորահարեն, թե Իսրայելը բարի կամք է դրսեւորում պաղեստինցիների նկատմամբ, որոշման հիմքում քաղաքական լուրջ հաշվարկներ են:
Դրանցից թերեւս կարելի է առանձնացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմքում ընկած հիմնախնդիրներից հրեա վերաբնակների հիմնախնդիրը միայն Գազայի հատվածում լուծելու դիմաց Պաղեստինին Երուսաղեմի կարգավիճակի եւ պաղեստինցի գաղթականների հիմնախնդիրների շուրջը բանակցելու հնարավորությունից զրկելը: Ինչ վերաբերում է Պաղեստինի պետության ստեղծման 4-րդ հիմնախնդրին, ապա դրա տարածքն էլ ըստ ամենայնի սահմանափակվում է Գազայի հատվածով միայն:
Գազայում պաղեստինյան պետության ստեղծման դեպքում Իսրայելը վերջնականապես կձերբազատվի դեռեւս 2002 թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի համատեղ ջանքերով ներկայացրած ուղեգիծը ձախողելու պատասխանատվությունից, իսկ այդ պետությունը կդառնա համակենտրոնացման յուրահատուկ ճամբարՙ ժողովրդագրական աղետի մշտական սպառնալիքով:
Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Գազայի հատվածը տարածքով անհամեմատ փոքր է, քան Արեւմտյան ափի յուրաքանչյուր քաղաք: Բացի այդ, Իսրայելը չի ճանաչում Պաղեստինի երկու հատվածներիՙ Արեւմտյան ափի եւ Գազայի միջեւ հաղորդակցության պաղեստինցիների իրավունքը: Միաժամանակ նա պաղեստինցիներին թույլ չի տալիս գործարկել Գազայի միջազգային օդանավակայանն ու նավահանգիստը: Այլ կերպՙ վերաբնակների դուրսբերման, նույնիսկ պաղեստինյան անկախ պետության հռչակման պարագայում Իսրայելը շարունակելու է Գազայի հատվածը լիարժեք վերահսկել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից եւ ծովից: Գազայից վերաբնակների դուրսբերման Իսրայելի նկրտումներն այս ամենով, ինչ խոսք, չեն սահմանափակվում, սակայն դա այլ հարց է, ուստի մասնավոր մոտեցման կարիք ունի:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ