«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2005-08-16 | #144, 2005-08-17 | #145, 2005-08-18


ՔԱՆԴՎԱԾ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԸ Ո՞ՒՐ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

Արամի փողոցում արդեն հայտնվում են ռեստորաններ, մանր-մունր շինություններ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Արամի եւ Բուզանդի փողոցների վերջնամասում, ուր իբր նախատեսվում է տեղափոխել Գլխավոր պողոտայի կառուցապատման պատրվակով քանդված Երեւանի պատմամշակութային շենքերի վերջին բեկորները, վերջին ամիսներին նոր շինություններ են հայտնվել: Օրինակ, Արամի փողոցի վերջնամասում կառուցվել է «Նարդի» հացատունը, իսկ նրա աջ կողմում, քանդված հին շենքերի տեղում ներկա պահին գցվում են կառուցվելիք բնակելի նոր շենքի, անկասկածՙ երեւանյան «երկնաքերի» հիմքերը: Պատմամշակութային շենքերը խորթ միջավայրից փրկելու պատճառաբանությամբ դրանք քանդելու, իսկ ավելի ստույգՙ «ապամոնտաժելու» թույլտվություն տվողները Արամի փողոցը լցնում են մանր-մունր մասնավոր շինություններով, որոնց դիմաց կանգնած մեքենաների կլոր համարանիշներից դժվար չէ ենթադրել, որ հետագայում դրանց քանդելու հավանականությունը զրոյի է հավասար: Դեռեւս այս տարվա փետրվարին Գլխավոր պողոտայի Արամի ու Բուզանդի փողոցների պատմամշակութային շենքերի քանդման արագ թափից մտահոգված մի խումբ ճարտարապետներ, որոնց թվում են ճարտարապետ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը, պրոֆեսորներ Յուրի Սաֆարյանը, Արդվին Գրիգորյանը, Արտաշես Թորամանյանը, դոկտորներ Լորետա Դոլուխանյանը, Մարիետա Գասպարյանը եւ ուրիշներ, նամակ էին հղել վարչապետ Անդրանիկ Մարգարյանինՙ ներկայացնելով իրենց կոնկրետ առաջարկները քաղաքի ճարտարապետական մի շարք խնդիրների վերաբերյալ, սակայն առ այսօր պատասխան չեն ստացել, որովհետեւ այդ նամակը շա՜տ երկար ճանապարհ է անցել: Կառավարության քաղաքաշինության վարչությունից երեկ տեղեկացանք, որ նամակում արծարծված հարցերը հարյուրավոր շրջապտույտ են ունեցելՙ քաղաքապետարան, քաղաքաշինության եւ մշակույթի նախարարություն, հուշարձանների պահպանության գործակալություն, հետո նորից կառավարություն ու այնտեղից դարձյալ հիշյալ գերատեսչություններ:

«Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը մշակել է Երեւանի հուշարձան շենքերի պահպանության նախագիծը, որը ներկա փուլում շրջանառության մեջ է, համապատասխան գերատեսչություններով անցնելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը: Մենք հիմա սպասում ենք այդ նախագծին եւ շահագրգռված ենք, որ վերջապես այդ հարցերը լուծվեն», վարչությունից ասաց ճարտարապետ Նաիրա Շահսուվարյանը:

Հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանի ասելով, այդ նախագիծը մոտ 25 օր առաջ եղել է արդարադատության նախարարությունում, սակայն երեկ վերջինս ուղարկել է կառավարություն:

Նախագծում տեղ գտած հարցերից մեկը հենց վերաբերում է անցած եւ այս տարվա ընթացքում քանդված պատմամշակութային շենքերի տեղափոխմանը, կամ ինչպես մեր քաղաքապետարանում են ասումՙ ապամոնտաժմանը, դրանց համար քաղաքի կենտրոնում տեղ գտնելը, ինչն արդեն գորդյան հանգույց է դառնում:

Հետաքրքրական է, մինչեւ նախագիծը քննարկվի ու հաստատվի կառավարությունում, քանի նոր շենք, բենզալցակայան ու ռեստորան կհայտնվեն Արամի եւ Բուզանդի փողոցների այն հատվածում, որն իբր նախատեսված է տեղափոխման ենթակա պատմամշակութային շենքերի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4