«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2005-08-17 | #145, 2005-08-18 | #146, 2005-08-19


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Թուրքական NTV հեռուստատեսությունը օգոստոսի 18-ին ինտերնետային էջում տեղեկացրել էր, որ Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները կատարվել են 35 տոկոսով: Առաջնահերթ նպատակը մինչեւ անձրեւային եղանակների սկսումը եկեղեցու արտաքին պատերի վերականգնումն ավարտելն է: Թուրքական NTV-ն միաժամանակ նշում է, որ «915-921 թթ. Վանա լճի Աղթամար կղզում հայոց արքա Գագիկ Առաջինի նախաձեռնությամբ կառուցված այս եկեղեցին կարողացավ դարերի ընթացքում կանգուն մնալ»: Իսկ նրա վերականգնման աշխատանքներն իրականացվում են մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հատկացրած գումարով, որը կազմում է 200 մլն 400 հազար թուրքական նոր լիրա:

Վերականգնման աշխատանքներն իրականացնող ֆիրմայի ներկայացուցիչ Ադնան Վուրալը NTV-ի հարցին պատասխանել է. «Բնական աղետներն ու գանձ որոնողները մեծ ավերածություններ են պատճառել եկեղեցուն: Աշխատանքների առաջին փուլում ավարտել ենք տանիքի վերանորոգումը: Եկեղեցու ճակատային մասերի վերականգնումից հետո անցնելու ենք ներսի որմնանկարների վերականգնմանը, որն իրականացնելու են արտասահմանից հրավիրված մասնագետները»:

Վերականգնման աշխատանքներին, ըստ վերոհիշյալ աղբյուրի, մասնակցում է 25 մասնագետ: Եթե որեւէ արտառոց պատահար տեղի չունենա, ապա այդ աշխատանքները կավարտվեն 2006 թ. վերջերին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4