«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2005-08-17 | #145, 2005-08-18 | #146, 2005-08-19


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 21-27-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլի համահայկական առաջին մրցաշարը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 28 քաղաքների տղամարդկանց 19 եւ կանանց 9 թիմեր: Տղամարդկանց թիմերը նախնական փուլում բաժանվել են 5, կանայքՙ 3 խմբերի: Պայքարը շարունակելու են 8-ական լավագույն թիմերը: Եզրափակիչ փուլում մրցումներն անցկացվելու են օլիմպիական մրցակարգով:

Ինչպես տեղեկացրեց համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, բասկետբոլի մրցաշարի անցկացման որոշումը կայացվել էր դեռեւս անցյալ տարի: Դա պայմանավորված է նրանով, որ այսուհետեւ համահայկական խաղերն անցկացվելու են ոչ թե 2 տարին մեկ, այլ 4 տարին մեկ: Հերթականՙ 4-րդ խաղերը կկայանան 2007 թ.: Որպեսզի խաղերի միջեւ ընդմիջումը մեծ չլինի, եւ հաշվի առնելով բասկետբոլի մեծ մասսայականությունը խաղերի մասնակիցների շրջանում ու հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ, որոշվել է այսուհետեւ 2 տարին մեկ անցկացնել մրցաշար սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությամբ:

Բասկետբոլի համահայկական առաջին մրցաշարը պատշաճ մակարդակով անցկացնելու համար դեռեւս ապրիլին ստեղծվել է կառավարական կազմկոմիտեՙ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Կազմկոմիտեի կազմում ընդգրկված են տրանսպորտի ու կապի, առողջապահության, ՆԳ, առեւտրի եւ տուրիզմի ու այլ նախարարությունների ներկայացուցիչներ, որոնք պետք է ապահովեն մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը: Մասնակիցներին հյուրանոցներում տեղավորելու, նրանց հանգիստն ու մարզումները կազմակերպելու համապատասխան աշխատանք է տարվել: Ի դեպ, մասնակիցներն իրենք են հոգալու ճանապարհածախսը, հյուրանոցային ու սննդի ծախսերը: Բացառություն է կազմելու Իրաքի թիմը, որի ծախսերը հոգալու է արտգործնախարարությունը: Իսկ ՀՀ կառավարությունը մրցաշարի անցկացման համար 12-13 մլն դրամ է տրամադրել: Արդեն Երեւան են ժամանել Բեյրութի, Թեհրանի, Սարիի, Մարսելի թիմերը: Մրցումներն անցկացվելու են մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում, ՖԻՄԱ-ի մանեժում եւ ՋԷԿ-ի մարզադահլիճում: Մրցումների հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 21-ին «Դինամո» մարզադահլիճում, ժամը 18:00-ին: Օգոստոսի 24-ը հանգստյան օր է մասնակիցների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ծանոթանալու մայր հայրենիքի տեսարժան վայրերին:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ բասկետբոլի համահայկական առաջին մրցաշարի նկատմամբ հետաքրքրասիրությունը մեծ է հատկապես մարզաձեւի մասնագետների կողմից: Համահայկական նախորդ խաղերը վկայում են, որ մարզաձեւը մեծ մասսայականություն է վայելում սփյուռքում: Այժմ թիմերին հնարավորություն է տրվել մրցասպարեզ դուրս բերել նաեւ պրոֆեսիոնալ բասկետբոլիստների: Ինչ խոսք, այս քայլը հնարավորություն կընձեռի Հայաստանի հավաքականի համար արժանի թեկնածուներ ընտրել: Դա շատ կարեւոր հանգամանք է, որը կօգնի մարտունակ հավաքական կազմավորել ու դուրս գալ միջազգային մրցասպարեզ: Բացի դա, պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը զգալիորեն կսրի մրցակցությունը մրցանակային տեղերի համար:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հոգացել է նաեւ մրցումների հաղթողներին պարգեւատրելու մասին: Նախկինում անվանի հայ բասկետբոլիստ, ներկայումս Կանադայում բնակվող Արմենակ Ալաջաջյանը պատրաստել է փոխանցիկ մեծ գավաթը, որը հանձնվելու է տղամարդկանց թիմի հաղթողին: Այդ գավաթը կմնա Երեւանում եւ կտեղադրվի թանգարանում, իսկ հաղթող թիմերին կհանձնվեն դրա ավելի փոքր կրկնօրինակները: Իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած բասկետբոլիստները կպարգեւատրվեն մեդալներով ու դիպլոմներով: Նշենք, որ մարզադահլիճների մուտքն ազատ է:

Ի դեպ, սպասվում է, որ օգոստոսի 24-ին Երեւան կժամանի Արմենակ Ալաջաջյանը եւ վետերանների մասնակցությամբ ընկերական հանդիպում կանցկացվի:

Ինչ վերաբերում է համահայկական խաղերի ծրագրի ընդլայնմանը, ապա, ըստ Արմեն Գրիգորյանի, առաջարկվել է խաղերի ծրագրում ընդգրկել ձյուդոն, բռնցքամարտը, ձիասպորտը եւ սուսերամարտը: Ըստ գործող կարգի, որպեսզի տվյալ մարզաձեւն ընդգրկվի խաղերի ծրագրում, անհրաժեշտ է, որպեսզի առնվազն 5 երկրի 10 քաղաքների թիմեր հայտ ներկայացնեն: Այս հարցը կքննարկի համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն եւ համապատասխան որոշում կընդունի:

Եվ այսպես, հաջորդ շաբաթ Երեւանում մեծ բասկետբոլի մրցումների ականատեսը կլինենք: Սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ոչ միայն ցուցադրելու իրենց վարպետությունը, այլեւ ծանոթանալու մայր հայրենիքին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4