Հայաստանի ազգային հավաքականն Ամմանում ոչ-ոքի (0-0) ավարտեց հանդիպումը Հորդանանի ընտրանու հետ: Դա երկու հավաքականների միջեւ մինչեւ օրս կայացած անդրանիկ հանդիպումն էր: Կարծում ենք, այդ խաղը հնարավորություն տվեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանին ստուգելու ֆուտբոլիստներին եւ որոշակի կարծիք կազմելու նրանց ներկա մարզավիճակի ու խաղային ունակությունների մասին:
ՀՀ հավաքականի մրցակիցներից մեկըՙ Հոլանդիայի ընտրանին Ռոտերդամում ուժերը չափեց Գերմանիայի հավաքականի հետ: Հոլանդացիները Ռոբենի խփած 2 գոլերի շնորհիվ առջեւից էին ընթանում, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: Նախ Բալակը, ապա Ասամոան գրավեցին հոլանդացիների դարպասըՙ թիմին փրկելով պարտությունից:
Որոշ ընդմիջումից հետո կրկին հավաքական վերադարձած Զինեդին Զիդանը գոլով նշանավորեց վերադարձը: Նա դարձավ Կոտ դ՛Իվուարի դարպասը խփած 2-րդ գոլի հեղինակը: Իսկ մյուս երկու գոլերն իրենց օգտին գրանցեցին Գալասն ու Անրին:
Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց խորվաթների հետ: Վերջիններս Կրաչարի հարվածից հետո հաշվի մեջ առաջ անցան, սակայն Ռիկարդինյուն բրազիլացիներին փրկեց պարտությունից: Ջիլարդինոյի ու Ռիդի խփած գոլերը իտալացիներին հաղթանակ պարգեւեցին իռլանդացիների հետ խաղում (2-1):
Մեծ անակնկալ մատուցեցին դանիացիները, որոնք սեփական հարկի տակ պարզապես ջախջախեցին անգլիացիներին (4-1): Դա վերջին 25 տարիներին Անգլիայի հավաքականի կրած ամենախոշոր հաշվով պարտությունն է: Վերջին անգամ Անգլիայի հավաքականը նույնպիսի հաշվով զիջել էր Ուելսի ընտրանուն 1980 թ.:
Ընկերական մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Բելգիա-Հունաստանՙ 2-0, Լիտվա-Բելառուսՙ 1-0, Հունգարիա-Արգենտինաՙ 1-2, Էստոնիա-Բոսնիաՙ 1-0, Ալբանիա-Ադրբեջանՙ 2-1, Բուլղարիա-Թուրքիաՙ 3-1, Մարոկկո-Տոգոՙ 0-1, Նորվեգիա-Շվեյցարիաՙ 0-2, Մալթա-Հս. Իռլանդիաՙ 1-1, Շվեդիա-Չեխիաՙ 2-1, Սենեգալ-Գանաՙ 0-0, Ուելս-Սլովենիաՙ 0-0, Ավստրիա-Շոտլանդիաՙ 2-2, Էկվադոր-Վենեսուելաՙ 3-1, Իսպանիա-Ուրուգվայՙ 2-0, Իսլանդիա-ՀԱՀՙ 4-1, Պորտուգալիա-Եգիպտոսՙ 2-0, Պերու-Չիլիՙ 3-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ