«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2005-08-17 | #145, 2005-08-18 | #146, 2005-08-19


ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանից ԱԺ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի անդամ Վարդան Մկրտչյանն առ այսօր չի ստացել իրեն հետաքրքրող հարցի պատասխանըՙ ԴԱԿ-ի աշխատակի՞ց է արդյոք Գլխավոր պողոտայի կառուցապատման աշխատանքներն իրականացնող ընկերություններից մեկիՙ «Գրիառ» ՓԲԸ-ի տնօրեն եւ բաժնետեր Արթուր Յորդանյանը: Հարցն այն է, որ եթե վերջինս քաղծառայող է, իսկ դատական ակտերի կատարածուները համարվում են քաղծառայողներ, ուրեմն քաղծառայության օրենքի պահանջով չի կարող լինել որեւէ ընկերության բաժնետեր:

Բուզանդի փողոցի բնակիչների «Ազդակ» ակումբում հուլիսի 28-ին հրավիրած մամլո ասուլիսում պատգամավորը հայտնեց, որ այդ հարցի պատասխանն ակնկալում էր ստանալ կարճ ժամանակ անց, բայց ինչպես երեւում է, քաղծառայության խորհրդին շատ երկար ժամանակ է պետք այդ տեղեկությունը ճշտելու համար:

«Դա այնպիսի հարց էր, որին կարելի էր պատասխանել ընդամենը 1 օրում, իսկ հաստատական պատասխանի դեպքում անմիջապես գործառույթ սկսել», ասաց նա:

Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի բնակիչներին աջակցող պատգամավորը երեկ հայտնեց, որ վերջին օրերին բողոքողներին միացել են նաեւ Նորք-Մարաշ համայնքի մի խումբ բնակիչներ, որոնց վարձակալության իրավունքով ժամանակին տրվել էին հողակտորներՙ տներ կառուցելու եւ մշակելու համար, իսկ հիմա նրանց ձեռքից փորձում են խլել դրանք: Բողոքող նորքմարաշցիների թիվը կազմում է ավելի քան հազար ընտանիք:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4