«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2005-08-18 | #146, 2005-08-19 | #147, 2005-08-20


«ԿԻԼԻԿԻԱՆ» ՀԱՍԱՎ ԱՆԳԼԻԱ

Ավարտվեց նավարկության երկրորդ փուլը

Պորթսմութ անգլիական նավահանգիստ հասած «Կիլիկիա» նավը երեկ հաջողությամբ ավարտեց «Նավարկություն 7 ծովերով» ծովային ճամփորդության երկրորդ փուլը: Մոտ 1 տարի տեւած նրա նավարկությանը ներքին անհանգստությամբ հետեւում էր ամեն մի հայ ու անթաքույց տագնապով հարցնումՙ կդիմանա՞ «Կիլիկիան» ծովի ու օվկիանոսի քմահաճ փորձություններին, կհասնի՞ ափ ապահով ու անվտանգ: Դիմացավ, հասավ ու ստացավ բազում շնորհավորանքներ:

Առագաստանավի կապիտան Կարեն Բալայանին եւ ողջ անձնակազմին ուղարկած շնորհավորական ուղերձում Ռոբերտ Քոչարյանը գրել է. «Հաղթահարելով մեծ տարածություններ, վտանգավոր դժվարություններ, դուք հպարտորեն նավարկեցիք մեր հայրենիքի դրոշի ներքոՙ ցուցաբերելով կամք ու տոկունություն»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը խորհրդանշական է համարել, որ «Կիլիկիայի» նավարկության առաջին փուլն ավարտվել է ԼՂՀ հռչակման 14-րդ տարեդարձի նախաշեմին: «Ես հպարտանում եմ ձեզնով, ինձ հետ նաեւ բոլոր արցախցիները: Վստահ եմ, որ ձեր արարքն անգնահատելի կլինի հաջորդ սերունդների համար, եւ նրանք կհետեւեն ձեր օրինակին»:

Հուզական է հատկապես ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի նամակը. «Ձեր նավարկության ողջ ընթացքում ես մտովի ձեզ հետ էի, հեռախոսով մշտապես զրուցում էի Զորի Բալայանի եւ մյուսների հետ, ու միայն դրանից հետո հոգեպես հանգստանում: Ես ձեզ հետ եմ նաեւ այս պահին, երբ «Կիլիկիան» կանգնած է վերջին հանգրվանի նավահանգստում: Շնորհակալ եմ ձեզ, որ այսօր կա «Կիլիկիան», եւ հուսով եմ, որ անպայման կվերադառնա հայրենի Սեւան»:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հիշում է 2003 թվականին «Կիլիկիայի» հետ առաջին հանդիպումը Սեւանում: «Քչերն էին այն ժամանակ հավատում այդ իսկապես հանդուգն նավարկության ծրագրի հաջողությանը: Բայց բավական էր ծանոթանալ նավը կառուցած անձնակազմի հետ, սեփական աչքերով տեսնել նրա միջնադարյան կառուցվածքը, որպեսզի իսկույն հավատ առաջանա իրենց գործի հանդեպ պատասխանատու եւ ռոմանտիկ վերաբերմունք ունեցող նվիրյալների նկատմամբ»: Ջիբրալթարի նավահանգստում «Կիլիկիային» ուղեկցած նախարարը անմոռանալի պահեր է ապրել: Նավի անձնակազմին շնորհավորել է նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը. «Այս հիրավի պատմական իրադարձությունը հնարավորություն տվեց, որ 800-ամյա ընդմիջումից հետո անկախ Հայաստանի դրոշը կրկին ծածանվի Ատլանտյան օվկիանոսում»:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4