Սպասում են ակումբի հովանավոր Տիգրան Հովիվյանին
Գաղտնիք չէ, որ ժամանակակից ֆուտբոլում պրոֆեսիոնալ ակումբների գոյատեւման ու հաջողությունների հասնելու հարցում մեծ է հովանավորների դերը: Արտասահմանյան ակումբները որպես կանոն հարուստ հովանավորներ ունեն: Թիմերի եկամուտներն ապահովում են տարբեր ֆիրմաների հետ կնքած գովազդային պայմանագրերը, խաղերի հեռարձակման իրավունքի ու տոմսերի վաճառքը, ֆուտբոլիստների տրանսֆերները եւ այլն:
Բոլորովին այլ է իրավիճակը հայկական ֆուտբոլում: Մեր ակումբների ֆինանսական հնարավորությունները շատ սուղ են, եկամուտների մասին խոսք լինել չի կարող: Թիմերը գոյատեւում են ֆուտբոլի մի խումբ նվիրյալների անձնական միջոցների հաշվին: Սակայն Աստված մի արասցե, եթե մի օր թիմի հովանավորն ինչ-ինչ պատճառներով հրաժարվի ֆինանսավորել ակումբը: Այդ դեպքում թիմը կանգնում է լուծարման հարցի առջեւ: Անկախացումից հետո անցած 14 տարիներին, ցավոք, թիմերի լուծարման բազմակի դեպքեր են գրանցվել Հայաստանի առաջնություններում: Եզակի չեն դեպքերը, երբ առաջնության ընթացքում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով թիմերը ստիպված են եղել ընդհատել իրենց ելույթները մրցաշարում:
Այսօր նման իրավիճակում է հայտնվել նորաստեղծ «Երեւան յունայթեդը», որը գերազանց հանդես եկավ առաջին խմբի առաջնության առաջին շրջանումՙ ստանձնելով առաջատարի դերը: Ֆուտբոլասերներն, անշուշտ, տեղյակ են, որ անցյալ տարվա նոյեմբերին լիբանանահայ, երկար տարիներ Ավստրալիայում բնակություն հաստատած Տիգրան Հովիվյանը Երեւանում հիմնադրեց «Երեւան յունայթեդ» ֆուտբոլային ակումբը: Թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Ալբերտ Սարգսյանը, պետՙ Սեւակ Մակարյանը: Սկսվեց ֆուտբոլիստների հավաքագրումը եւ արդեն դեկտեմբերին «Երեւան յունայթեդը» կանոնավոր մարզումներ էր անցկացնումՙ նախապատրաստվելով առաջին խմբի առաջնությանը: Գարնանը Տիգրան Հովիվյանն ընտանիքով տեղափոխվեց Երեւան: Նրա ոգեւորությունը մեծ էր: Տարբեր լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ «Ազգում» տված հարցազրույցներում հայ գործարարը հավաստիացնում էր, որ անձնական միջոցները ներդնելու է հայկական ֆուտբոլում ֆուտբոլային ուժեղ կոլեկտիվ կազմավորելու համար, որի նպատակը բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելն է, իսկ հետագա տարիներինՙ մրցանակային տեղերի համար պայքարելը: Տիգրան Հովիվյանը մի շարք ծրագրեր էր մշակել: Մասնավորապես, «Երեւան յունայթեդի» սեփական հարկի տակ անցկացվելիք որոշ հանդիպումներից առաջ համերգային ճոխ ծրագրով ֆուտբոլասերներին էին ներկայանում երգիչ-երգչուհիներ, պարային համույթներ: Ավանդույթ էր դարձել ակումբի խորհրդանիշիՙ առյուծ Մհերի խաղից առաջ խաղադաշտ դուրս գալն ու ֆուտբոլասերներին ողջունելը: Նման ձեռնարկումները նորություն էին հայկական ֆուտբոլում: Ճիշտ է, շատերը թերահավատորեն էին վերաբերվում դրանց, նաեւ Հովիվյանի այն համոզմանը, թե Հայաստանում հնարավոր է թիմի ծախսերը հոգալ խաղերի մուտքը վճարովի դարձնելով:
Ինչեւէ, ֆուտբոլային շոուները շարունակվում էին, «Երեւան յունայթեդն» էլ հաջողությամբ էր հանդես գալիս առաջին խմբի մրցաշարում: Առաջին շրջանը թիմն ավարտեց առաջին տեղումՙ 12 խաղում վաստակելով 32 միավոր: Առաջին շրջանի ավարտին լուրեր էին պտտվում, որ թիմի ֆուտբոլիստներն արդեն երկու ամիս աշխատավարձ չեն ստացել: Լուրերը հաստատվեցին: Օրեցօր կոլեկտիվում լարվածությունն աճում էր: Եվ մի օր էլ Տիգրան Հովիվյանը հայտարարեց, որ կարճ ժամանակով մեկնում է Ավստրալիաՙ ֆինանսական գործերը կարգավորելու, իսկ վերադառնալուն պես կմարի պարտքերը: Սակայն մինչ օրս ֆուտբոլիստներն ու մարզիչները սպասում են նրա վերադարձին: Առաջինը լցվեց թիմի պետի համբերության բաժակը, որը հրաժարական տվեց: Իսկ ֆուտբոլիստներն էլ որպես բողոքի ակցիա «Փյունիկ-2»-ի հետ 2-րդ շրջանի մեկնարկային խաղում խաղադաշտ չմտան, եւ նրանց անդրանիկ պարտությունը գրանցվեց: Ըստ մրցակարգի, եթե «Երեւան յունայթեդը» հաջորդ հանդիպմանն էլ չներկայանար, ապա կհանվեր առաջնությունից: Ուստի թիմի ղեկավարությունը դիմել էր ՀՖՖՙ երեկ «Դինամոյի» հետ նախատեսված հանդիպումը հետաձգելու խնդրանքով, ինչը բավարարվել է:
Դժվար է կանխագուշակել, թե ինչպիսի ճակատագիր է սպասում «Երեւան յունայթեդին»: Շատ ցավալի կլինի, եթե մարտունակ կոլեկտիվը դադարեցնի ելույթներըՙ համալրելով լուծարված թիմերի երկար շարքը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ