«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2005-08-19 | #147, 2005-08-20 | #148, 2005-08-23


ՄԻԱՅՆ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ՈՒ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳԱՆՁՎԵԼ Է 3 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օգոստոսի 22-ը ինքնակամ շինությունների օրինականացման ու գրանցման վերջին օրն էր: «Եթե ինքնակամ շինության նկատմամբ ճանաչվել է քաղաքացու սեփականության իրավունքը, սակայն ինչ-ինչ պատճառներով նա մինչ երեկ չի հասցրել կադաստրի մարմիններին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր եւ գրանցվել, ամեն ինչ դեռ կորած չէ: Նրա իրավունքներն այս առումով սահմանափակված չեն: Ըստ օրենքի, նա նորից կարող է դիմել քաղաքապետարան, գլխավոր հատակագիծ պատվիրել, եթե հողի վարձակալության խնդիր կա, եւ պայմանագրի կնքումից հետո կրկին դիմել կադաստրին, այսինքն նորից անցնել ողջ գործընթացը»:

Երեկ մայրաքաղաքի քաղաքապետարանի ավանդական ճեպազրույցը սեփականաշնորհման գործընթացը մինչեւ վերջ չհասցրած քաղաքացիների համար այսպիսի հուսադրող տոնայնությամբ սկսեց քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը:

Ինքնակամ կառույցների օրինականացման հանձնաժողովը կադաստրից ստացել ու քննարկել է 43 հազար 560 հայտ: 33 հազարը դրական պատասխան է ստացել, մնացածը` բացասական: Վերջիններս իրենց իրավունքը կարող են պաշտպանել դատական ատյանների միջոցով: Այդպիսի հնարավորություն վերապահում է նրանց քաղօրենսգիրքը:

Ըստ հաշվարկների, ինքնակամ կառուցապատողների միայն 30-35 տոկոսն է դիմել կադաստրին: Չօրինականացրածների մեջ են նաեւ 30-40 թվականներին կառուցված Անաստասավան թաղամասը, Սարի թաղը, 1946 թ.-ից հետո հիմնված Արաբկիր համայնքի մի մասը, Քանաքեռը եւ այլն: Այժմ աշխատանքային հատուկ խումբը գույքագրում է այն բոլոր շենքերն ու շինությունները, որոնց տերերը չեն դիմել օրինականացումների համար: Դրական պատասխան ստացած որոշումներից 3700-ը, գլխավոր խորհրդականի տեղեկացմամբ, մնացել են սեղանի վրա: 2700 քաղաքացի էլ պատվիրած հատակագիծը չի տանում:

Ըստ օրենքի` ինքնակամ կառուցված բնակելի տների եւ այգետնակների յուրաքանչյուր 1 քառակուսի մ-ի սեփականաշնորհման գումարը 1000 դրամ է, սրանց կից կառուցված շինությունների 1 քառ. մ.-ի արժեքը` 500 դրամ, հասարակական, արտադրական նշանակության շինությունների 1 քառ. մ-ինը` 2000 դրամ, բազմաբնակարան շենքերում դռների ինքնակամ տեղաշարժերի հետեւանքով առաջացած լրացուցիչ ամեն քառակուսու դիմաց` 1000 դրամ:

Մինչ ինքնակամների օրինականացման գործընթացը սկսվելը եւ ընթացքում էլ քաղաքապետարանի պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարեցին, որ ավտոտնակների սեփականաշնորհման գումարները 50 հազարից չեն անցնի: Այժմ, գործընթացի ավարտից հետո միայն, գլխավոր խորհրդականը նշեց, որ «գումարներն են վճարվում նաեւ տարբեր ծառայությունների համար»: Դրանք լիցենզավորված կազմակերպություններ են, որոնք այս գործընթացում, բնականաբար, վճար են պահանջում իրենց մատուցած ծառայության համար: Վերջին հաշվով, մեկ ավտոտնակի սեփականաշնորհումը, օրինակ, Նորքի 7, 8, 9, զանգվածներում, քաղաքացու վրա նստեց 90-100 հազար դրամ: Եվ սա քաղաքի ծայրամասում, ուր հողի 1 քառ. մ-ի կադաստրային արժեքը չի կարող մրցել քաղաքի կենտրոնական, առավել «ծանրակշիռ» թաղամասերի հետ: Ասենք, որ գոտեւորման սխեմայի համաձայնՙ առաջին գոտում հողի 1 քառ.մ-ը արժե 60 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ, օրինականացման գործընթացը կիսատ թողած քաղաքացիների մեծամասնությունը չհասավ մինչեւ ֆինիշ` չդիմանալով ֆինանսական զանազան մուծումների ծանրությանը: Իսկ մաս-մաս մուծումների հնարավորություն օրենքը չի նախատեսում` շրջանցելով ու գերագնահատելով բնակչության մեծամասնության կարողությունները:

43 հազար հայտերի 95 տոկոսը ավտոտնակներ ու տաղավարներ են, որոնցից գանձվել է մոտ 3 մլրդ դրամ: Հողի օտարումից առաջացած գումարները դեռ չեն հաշվարկվել, դրանք էլ հաշված, այս գործընթացից պետբյուջե բավական ծանրակշիռ գումարներ կմտնեն:

Իսկ ինքնակամ կառուցապատումների «ավանդույթը» շարունակողների դեմ քաղաքապետարանը, թաղապետարանը, ոստիկանները միասին են գործելու, խորհրդականի բնորոշմամբ` «ավելի խիստ ու պահանջկոտ սկզբունքներով»: Այդպիսի կառույցները քանդվելու են, հեղինակները, վարչական իրավախախտումների օրենքով, տուգանվելու են մինչեւ 400 հազար դրամ գումարով:

Ոչ թե 1000, այլ 100 հազար դրամ է պետք գանձել նման օրինախախտից

Ինքնակամ կառույցների օրինականացման օրենքի համաձայն, ինքնակամ տեղափոխված դռների, պատերի ձեւափոխման հաշվին լրացուցիչ առաջացած յուրաքանչյուր քառ. մ-ի օրինականացման համար 1000 դրամ է նախատեսվում: Եթե այլ դեպքերում, Երեւանի քաղաքաշինական նկարագրի հաշվին ինքնակամների օրինականացումը մի կերպ կարելի է հանդուրժել, ապա օրենքի այս դրույթի զիջողամտությունն առնվազն աններելի է:

Ինչպես մեր բոլոր գյուղերն ու քաղաքները, Երեւանն էլ սեյսմակտիվ տարածքում է: Յուրաքանչյուր միջամտություն եւ կամայական ձեւափոխություն սպառնալիք է բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության համար: Եվ ոչ թե 1000, այլ գոնե 100 հազար դրամ պետք է նախատեսվեր նման խախտումների համար, որպեսզի գոնե հիմա որեւէ մեկը չհամարձակվի սրբագրումներ անել իր բնակարանում` վտանգելով նաեւ հարեւանների անվտանգությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4