«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2005-08-20 | #148, 2005-08-23 | #149, 2005-08-24


«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԾԱՎԱԼԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»

Հետխորհրդային տարածքում Ռուսաստանն արմատապես փոխելու է իր քաղաքականությունը: Կրեմլի աղբյուրներից մեկը ՌԻԱ գործակալության թղթակցին ասել է, որ Մոսկվան կփորձի վերականգնել երբեմնի ազդեցությունը, որը թուլացել է «նարնջագույն հեղափոխությունների» հետեւանքով:

«Մեր նպատակն է քաղաքակիրթ բնույթ տալ նախկին ԽՍՀՄ տարածքում ԱՄՆ-ի եւ եվրոպական կառույցների հետ Մոսկվայի հարաբերություններին», ընդգծել է հիշյալ աղբյուրը: ԱՊՀ ղեկավարների հետ երկխոսությունը շարունակվելու է օգոստոսի 26-ին Կազանում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովում:

«Նարնջագույն հեղափոխությունները» քիչ են փոխում ժողովուրդների կյանքը: Փոխարենը նոր կառավարիչներից ոմանք աշխատավարձ են ստանում ամերիկացիներից», շեշտել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքերով, բալթյան-սեւծովյան-կասպյան շրջանների ժողովրդավարությունների ընկերակցություն ստեղծելու Վրաստանի եւ Ուկրաինայի մտադրությունը Ռուսաստանի ազդեցությունը հակակշռելու Արեւմուտքի հերթական փորձն է:

ՌԴ նոր փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, որն զբաղվում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության ընդհանուր հարցերով, օրերս «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Մենք պետք է գտնենք զուգակշռություն, որը հետխորհրդային տարածքում կստեղծեր խաղի հասկանալի կանոններ, կառողջացներ մթնոլորտը եւ մեր արեւմուտքցի գործընկերների հետ փոխհարաբերությունների բնույթը»:

Նրա խոսքերով, Ռուսաստանն այդ տարածքում ունի կենսական շահեր, որոնք «հետեւողականորեն կպաշտպանի»:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4