«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2005-08-20 | #148, 2005-08-23 | #149, 2005-08-24


ՔԱՆԴԵԼՈՒ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻՆ

Ո՞րն է հաջորդը...

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի երեկվա չկայացած շրջայցի մեջ ընդգրկված էին նաեւ Արամի եւ Բուզանդի փողոցները: Անշուշտ, շատերը պիտի նրան այնտեղ դիմավորեին իրենց հարցերի հեղեղով, եւ գուցե հենց դա՞ է եղել շրջայցը հետաձգելու պատճառը: Մեզ հասած տեղեկություններով, երեկ մի խումբ երեւանցիներ քաղաքի կենտրոնում մի քանի ժամ «կալանել են» Երեւանի կառուցապատման ծրագրերի գրասենյակի աշխատակիցներինՙ փակելով նրանց ճանապարհը: Եվ դա կարծես բնական է, քանի որ քաղաքապետարանի հրահանգները կատարող այդ գրասենյակի գործունեությունը հետզհետե ընդլայնվում է:

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը վերջերս հայտարարել է, որ Արամի եւ Բուզանդի փողոցներում քանդված պատմամշակութային շենքերը հնարավոր է, որ տեղափոխվեն Ալավերդյան (Հանրապետության) փողոց: Իսկ ո՞ւր է տեղափոխվելու, օրինակ, մոտ օրերս քանդվող Ալավերդյան 53-ը, գուցե Արամի կամ Բուզանդի փողո՞ց: Ուղղակի հանճարեղ, անկրկնելի լուծում էՙ Բուզանդի շենքերը կտեղափոխվեն Ալավերդյան փողոց, իսկ այստեղի շենքերըՙ Բուզանդ: Արամի փողոցի մասին խոսելն արդեն անիմաստ է, այնտեղ մնացել է 1-2 շենք, դրանք էլ քաղաքապետարանը շուտով «կապամոնտաժի», որովհետեւ այդ փողոցում ռեստորանների ու հացատների մեծ պահանջարկ կա:

Ալավերդյան 53 շենքը, որի ճակատային քարերն արդեն համարակալված են, այսինքնՙ պատրաստ է «ապամոնտաժման», պատմամշակութային շենք է, կառուցված 1830 թվականին: Բնակիչների ասելով, Երեւանի քաղաքապետարանը 1962 թվականից ի վեր այդ շենքի վրա ոչ մի կոպեկ չի ծախսել, վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարել, իսկ այսօր տիրոջ իրավունքով քանդում էՙ իբր պետական կարիքների համար: Բայց չէ՞ որ դրսի պատն արդեն փլվում է, շենքը վթարային վիճակում է, կասի մեր քաղաքապետարանը: Այո, իհարկե, բայց այդ արդեն 43 չվերանորոգված պատմամշակութային շենքը դիմացել է 1988 թվականի երկրաշարժին, բնակիչների ասելով, պատերն այնքան ամուր են, որ ոչ մի ցնցում չեն զգացել, տան պատերին ոչ մի ճաք չի երեւացել: «Մենք մեր տները չէինք վաճառում, հանգիստ ու խաղաղ այսքան տարի ապրել էինք ու էլի կապրեինք: ԾԻԳ-ի աշխատողները եկան ու առանց մեր կամքը հարցնելու իրենց սրտի ուզած պայմաններով պայմանագիր կազմեցին:

Բնակիչ Ռուբեն Սեւյանը դժգոհեց, որ առ այսօր իր բնակարանի գումարը չի ստացել: «Ո՞վ է մեզ հաշվի առնում, իրենք իրենց ուզած գներով գնահատում են: Մենք ոչ մի սեփականատիրոջ երես չենք տեսնում, ԾԻԳ-ի աշխատակիցները գալիս են, որոշում մեր տների գինը ու պարտադրում ստորագրել պայմանագիրը, հակառակ դեպքում սպառնում են զրկել գումարից: Պայմանագիր կնքելիս դոլարի փոխարժեքը հաշվել են 450 դրամով, իսկ հիմա դարձել է 493 դրամ, դեռ հարց է, փոխհատուցում կստանա՞նք, թե՞ ոչ»:

Այդ շենքի ամենավատ վիճակում գտնվող տունը վերջինն է, ճաքած դրսի պատ ունեցողը, բայց նույնիսկ այդ տան վերանորոգված հյուրասենյակում բավականին հաճելի էր: Շենքի քանդման լուրը առնելով տան տերը շտապ ժամանել է Իսպանիայից, ուր մեկնել էր ժամանակավոր աշխատանքի, եւ անչափ գոհ էր, որ Հայաստանից մեկնելու տոմսը ձեռքին է:

Հարեւան բնակարաններից մեկը մտնելով, ուղղակի ապշեցինք, թե ինչպե՞ս կարելի է այսպիսի ամուր, վերանորոգված ու մեկ ճաք անգամ չունեցող բնակարանը քանդել: «Այս տանը 2 դար ապրել են, դեռ մեկ դար էլ կարելի է ապրել: Իմ տան պատերին ոչ մի ճաք չկա, ի՞նչ քանդելու մասին է խոսքը», զայրացած ասում էր տանտիրուհին:

Նրանց զայրույթը տեղին էր, քանզի առնվազն բարբարոսություն է քանդել մի շենք, որն ընդամենը կարիք ուներ դրսի պատի եւ տանիքի վերանորոգման:

Գուցե դեռ ուշ չէ, կառավարությունը չնչին գումար հատկացնելով դեռ կարո՞ղ է փրկել այս շենքն ու փողոցը, գոնե մի փողոց պահել կարո՞ղ ենք....

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4