«Օրեր» ամսագրի այս տարվա 5-7 միացյալ համարը նվիրված է Հայոց եղեռնի 90-ամյակի առիթով տեղի ունեցած մի շարք իրադարձություններին Չեխիայում եւ այլ երկրներում:
«Օրերն» արձագանքում է Լեհաստանի Սեյմի, Վենեսուելայի խորհրդարանի եւ Գերմանիայի Բունդեսթագի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման փաստերին:
Հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում 300 հայերի մասնակցությամբ տեղի ուեցած ցույցի կազմակերպիչներն իրենց բողոքն են արտահայտել XX դարասկզբին մարդկության դեմ օսմանյան թուրքերի կատարած սարսափելի ոճրագործությանՙ առաջին ցեղասպանության առիթով: Նրանք կոչ-դիմում են հղել Չեխիայի խորհրդարանինՙ ակնկալելով, որ Եվրոմիության հետ բանակցություններում Չեխիան եւս իր ձայնը կբարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Ապրիլի 24-ին Պրահայի Սբ. Սալվատոր ավետարանչական եկեղեցում անցկացված հոգեհանգստյան արարողության ժամանակ Չեխիայի Սենատի անդամ Յարոմիր Շտետինան խոստացել է Չեխիայի Սենատում մինչեւ տարեվերջ այս հարցը բարձրացնել: Ցույցը եւ պատարագը մեկնաբանվել են ՉՏ-1 պետական հեռուստակայանով, մեկնաբանության մեջ օգտագործվել է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Չեխիայի առաջատար թերթերը նույնպես անդրադարձել են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: «Լադա ֆրոնտա դնես» օրաթերթի հրապարակման մեջ Հակոբ Ասատրյանը կոչ է արել չեխ պատգամավորներին քաղաքացիական համարձակություն ցուցաբերել եւ հետեւել հարեւան երկրների սենատորներին ու խորհրդարանականներին: Հաջորդ ցույցը կազմակերպվել է Վացլավի հրապարակում, Թուրքիայի դեսպանատան առջեւ, «Ձայն հանուն Եվրոպայի» ՀԿ-ի Չեխիայի մասնաճյուղի նախաձեռնությամբՙ ընդդեմ Թուրքիայի ԵՄ անդամակցության:
«Օրերի» այս համարի հարցազրույցների մի մասը Հայոց ցեղասպանությանը, դրա հետեւանքներին, աշխարհի մի շարք երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ Յարոմիր Շտետինայի, Կարինե Ղազինյանի հետ, ներկայացնում են Հակոբ Ասատրյանը եւ Անահիտ Հովսեփյանը: Չեխ սենատորը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն է տալիս: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած բանաձեւի առիթով եւ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացումներին առնչվող մի շարք էական հարցերի է անդրադարձ արված ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի հետ Ան. Հովսեփյանի հարցազրույցում: Նա նշում է, որ իրենց զրույցներում ԳԴՀ խորհրդականները մշտապես ընդգծել են, որ «իրենց նպատակը չէ իրավական սահմանում տալ կատարվածին, որն անկասկած ցեղասպանություն է, այլ երկու երկրների միջեւ հաշտության ուղիներ փնտրելն է»:
Մայիսի 23-27-ը Պրահայում անցկացված 13-րդ տնտեսական ֆորումում քննարկվել է Հայաստանում աշխատանքային միգրացիայի խնդիրը: Հայաստանի պատվիրակության կազմում ֆորումին մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանն ու ազգային փոքրամասնությունների հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը: «Օրերի» հարցազրույցում Հ. Խառատյանը նշում է, որ հետազոտությունը կատարվել է քանակական մեթոդով, մինչդեռ որակական մեթոդով անցկացվելու դեպքում պատկերն այլ կլիներ, որի հետեւանքով ակնհայտ անճշտություններ են գրանցվել: «Ես տագնապ ունեմ, որ այդ սխալների հետեւանքով քաղաքականությունը կարող է կառուցվել ոչ ճիշտ հողի վրա»:
«Օրերի» հաջորդ մասը հիմնականում մշակութային բնույթի հրապարակումներ են: Հետաքրքրական հարցազրույցների շարք են ներկայացնում Հակոբ Ասատրյանն ու Արծվի Բախչինյանըՙ սփյուռքահայ դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանի, Պրահայում իր վերջին համերգից 1 տարի անց մենահամերգով հանդես եկած Հայաստանից դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանի եւ Լոս Անջելեսում բնակվող, էկզոտիկ նախասիրությունների սիրահար, դերասանուհի Միլենա Ներսիսյանի հետ: Թելադրելի է ընթերցել բազմաթիվ տեղեկություններ պարունակող այս հարցազրույցները, մասնավորապեսՙ Ժիրայր Բաբազյանի հետ: Սփյուռքահայ անվանի բեմադրիչը եւ դերասանը ծնվել է Կահիրեումՙ մոր կողմից ազգային-հասարակական գործիչների (Միհրան Տամատյանՙ ՌԱԿ հիմնադիր, Աղասի Իփեքյան), հոր կողմից արվեստագետ-մտավորականների գերդաստանում: Մելգոնյան վարժարանի սանն իր բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանում, ապա տեղափոխվել ԱՄՆ:
Ժ. Բաբազյանը բազմաժանր ստեղծագործող է եւ մինչ ԱՄՆ տեղափոխվելն աշխատել է Եգիպտոսի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Անգլիայի թատրոններում, մասնակցել հայկական թատերական խմբերի ներկայացումներին, նաեւ մի շարք կինոնկարների (այդ թվումՙ հոլիվուդյան) նկարահանումներին: Միչիգանի օպերային թատրոնում երկու անգամ բեմադրել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Ժիրայր Բաբազյան- Նորա Արմանի ամուսնական զույգի ելույթներով հիացել են գրեթե բոլոր հայ գաղութների թատերասերները, մեծ ընդունելություն է գտել նրանց «Արարատյան կայարանը», որը 1986 թ. Էդինբուրգի փառատոնում արժանացավ գնահատանքի եւ ուշադրության: Ժիրայր Բաբազյանն այժմ Փարիզում համագործակցում է Իրինա Բրուքի ստեղծագործական խմբի հետՙ մի շարք ներկայացումներում հանդես գալով գլխավոր դերակատարումներով:
Հակոբ Ասատրյանը կարեւոր հարցեր է շոշափում. մասնավորապես հայ մշակույթն արտահանելու ուղղությամբ ուշագրավ են Ժ. Փափազյանի դիտարկումները. «Մշակույթն այսօր էական է Հայաստանի համար: Դա մեր ամենամեծ զենքն է: Ինչպես որ Շվեյցարիայի համար զենքը բանկերն են, մեզ համար մշակույթն է: Ըստ տրամաբանական կանոնների, մենք կարող էինք այսօր չլինել: Ի՞նչն է մեզ պահել: Լեզո՛ւն, որ քաղաքական գիտակցությամբ այբուբեն հորինեցինք եւ դրա շնորհիվ մնացինք, լեզուն եւ միայն լեզուն: Մեր եկեղեցին հսկայական գործ կատարեց, որ պահի այդ մշակույթը: Դեր Զորի անապատներում մեռնելուց առաջ մայրն ավազի վրա այբուբենն էր գրում, որ երեխաները չմոռանան: Նույնն էլ սփյուռքին է վերաբերում: Երբ սփյուռքում դպրոցներ են փակում, դա ինքնասպանություն է, խայտառակություն է:
Սփյուռքըՙ մեր երկրորդ ճակատը, վատ վիճակում է: Երբ ինձ ասում են, թե սփյուռքի մեջ հայ երիտասարդությունը հայերենի կարիք չունի, կարեւորը հայ մնալն է, դա ուղղակի հիմարության գագաթնակետն է: Դա լրիվ տգիտություն է»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ