Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հաջողությամբ պաշտպանեց 50,8 կգ քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոնների տիտղոսները: Նա տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց կոլումբիացի բռնցքամարտիկ Խաիր Հիմենեսին: Մենամարտի հենց սկզբից Դարչինյանը տիրել էր նախաձեռնությանըՙ ստիպելով մրցակցին պաշտպանվել: Հաջորդ ռաունդում եւս հայ բռնցքամարտիկն անընդհատ հարձակվողի դերում էր ու դիպուկ հարվածներ էր հասցնում Հիմենեսին, որը հազիվ էր կարողանում պաշտպանվել: Չորրորդ ռաունդում կոլումբիացի բռնցքամարտիկը հայտնվեց նոկդաունում, սակայն կարողացավ վեր կենալ եւ շարունակել պայքարը: Հինգերորդ ռաունդում մենամարտը միակողմանի բնույթ կրեց: Հիմենեսը փորձում էր միայն պաշտպանվել, որի պատճառով մրցավարը որոշեց ընդհատել մենամարտը եւ կոլումբիացուն տեխնիկական նոկաուտով պարտություն գրանցեց:
Այսպիսով վանաձորցի բռնցքամարտիկը, որ ներկայում բնակվում է Ավստրալիայում եւ այդ երկրի քաղաքացի է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած իր 24-րդ մենամարտն էլ հա-ղթանակով ավարտեց: Դրանցից 19-ը Վախթանգն ավարտել է նոկաուտով: Պրոֆեսիոնալ ռինգում Վախթանգ Դարչինյանն իր առաջին մենամարտն անցկացրել է 2000 թ. մարտի 11-ին Սիդնեյում: 6 ռաունդանոց մենամարտում նա հաղթել է Սանդե Կիզիտոյին:
IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի հաջորդ պաշտպանումը Դարչինյանը պետք է անցկացնի մոտակա 3 ամիսներին: Նրա մրցակիցը կլինի Դեմյեն Կելին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ