Իսկ լավագույն դիմորդները դարձյալ Սյունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերից են
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Մինչ Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց երեկ կեսօրին հավաքված դիմորդներն ու նրանց ծնողները սպասում էին ցուցակներին, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը համալսարանի համակարգչային կենտրոնում հրավիրած մամլո ասուլիսում հայտնեց այս տարվա բուհական ընդունելության քննությունների վերջնական արդյունքները: Եվ այսպես, մայրաքաղաքի եւ մարզերի բուհերում քննություններ են հանձնել 17 հազար դիմորդներ, դիմումների աճ է նկատվել հումանիտար ֆակուլտետներումՙ փիլիսոփայություն, իրավագիտություն, սոցիոլոգիա, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, ինչպես նաեւ բնական գիտությունների ֆակուլտետներումՙ կիրառական քիմիա, կենսաբանություն, կենսաֆիզիկա, կենսաքիմիա: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ նվազել է ֆիզիկամաթեմատիկական, ինչպես նաեւ ճարտարագիտական մասնագիտություններ ունեցող բուհերի դիմորդների թիվը:
Իրավաբանական եւ տնտեսագիտական ֆակուլտետներն այս տարի դարձյալ ամենաթեժ գծում են եղել: Նախարարի կարծիքով, վերջինիս ուսանողներն ավելացել են ի հաշիվ ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների դիմորդների նվազման:
Քննությունների լարվածության մասին խոսելիս նախարարը նշեց, որ անբավարար գնահատականները շատ են եղել հատկապես անգլերեն գրավոր քննությունիցՙ 29 տոկոս, նախորդ տարի եղել էր 16 տոկոս, ինչպես նաեւ ընդհանուր պատմությունիցՙ 44 տոկոս:
Ցածր գնահատականներ են գրանցվել հատկապես հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն առարկաներից, դրանց բանավոր քննություններից ոչ մի դիմորդ 20 միավոր չի ստացել: Անգլերենի եւ հայերենի գրավոր քննությունների ցածր գնահատականների գլխավոր պատճառը նախարարը համարեց քննական տեստերի հնացած լինելը, ինչը չի հաջողվել նորացնել այս տարի:
Բարձր գնահատականների իջեցում է նկատվել նաեւ մաթեմատիկա առարկայից, այստեղ եւս 20 միավոր չի գրանցվել, սակայն ավելացել է 16-18 միավորների տիրույթը, նույն պատկերն է ունեցել նաեւ ֆիզիկայի քննությունը:
Այս քննաշրջանի ամենամեծ հաջողությունը Երիցյանը համարեց բողոքարկումների նկատելի կրճատումը մոտ 60 տոկոսով. եթե անցած տարի բողոքարկվել է 2066 աշխատանք, այս տարիՙ 1316: Նախարարի կարծիքով, դրա հիմնական պատճառը բողոքարկվող աշխատանքների գնահատականների իջեցումն էր, օրինակ, 210 աշխատանքից 9-ի գնահատականներն իջեցվել են, կրկնակի բողոքարկումները եւս նվազել են:
Առաջադիմության առումով առաջին տեղում են եղել մարզերի դիմորդները, բավականին բարձր է եղել նույնիսկ անգլերենի նրանց իմացությունը: «Թվում էր, թե մայրաքաղաքի դիմորդները պետք է փայլեին անգլերենի գրավոր քննությունից, բայց մեզ ոչ պակաս հիացրին նաեւ մարզերի դիմորդները: Ճիշտ է, առաջատարը Երեւանն էրՙ 46,84 տոկոս, սակայն երկրորդ տեղում Լոռու մարզն է, երրորդ տեղումՙ Սյունիքը», ասաց նա:
Նախարարը չցանկացավ նշել, թե որ մարզերի դիմորդներն են ստացել ամենացածր գնահատականները, որովհետեւ դրանից «մարզերը վիրավորվում են»: Առաջադիմության հարցերը, նրա ասելով, առանձին ուսումնասիրության ու վերլուծության նյութ են իրենց համար:
Մաթեմատիկայի քննությունից բարձր գնահատականներ են ստացել Երեւանի (12 տոկոս), Կոտայքի մարզի (10), Լոռու մարզի (9 տոկոս) դիմորդները:
Հայոց լեզվի գրավոր քննությունից առաջին տեղում Լոռու մարզն է, երկրորդումՙ Երեւանը, երրորդումՙ Շիրակի մարզը, իսկ հայ ժողովրդի պատմությունիցՙ առաջին 3 տեղերում են Վայոց ձորը, Շիրակի մարզը եւ Սյունիքը:
«Սա նշանակում է, որ թեպետ մեր դպրոցներում այսօր ունենք բազում խնդիրներ ու դժվարություններ, բայց հանրապետության քաղաքների եւ գյուղերի դպրոցները ի վիճակի են բուհերի համար բարձր գիտելիքներ ունեցող աշակերտներ պատրաստել: Բարձր գնահատականներ են ստացել Լոռու մարզի Թեղուտ, Տավուշի մարզի Բերդավան, Շիրակի մարզի Մաստարա, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղերի աշակերտները: Բարձր գնահատականների լայն աշխարհագրությունը մեզ մղում է որոշակի եզրահանգումներ անելու, քանի որ սրանով դրվեց մրցակցային կրթության հիմքը: Մեկ տարի հետո հայտնի կդառնա, թե ո՞ր ուսանողը կպահպանի անվճար սովորելու իր իրավունքը, եւ ո՞րն իր տեղը կզիջի իրենից ավելի լավ սովորողին»: