Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որը գործում է բացառապես պետպատվերի շրջանակներում, ֆինանսավորվում է համամասնական կարգով, միջինըՙ ամսական 30 հիվանդի հաշվարկով: Սակայն մայիսի երկրորդ կեսից մինչ այժմ հիվանդների թիվն ավելի քան եռակի անգամ գերազանցում է, ամսական հասնելով 90-100-ի:
Ինչպես տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանըՙ հիմնականում գրանցվել են աղիքային խմբի հիվանդություններՙ դիզենտերիա, սալմոնելոզ եւ այլ խմբիՙ պայմանական-պաթոգեն միկրոբներով վարակի դեպքեր:
Երեկվա դրությամբ հիվանդանոցի 40 մահճակալներից 39-ը զբաղված էին: Տնօրենի հավաստմամբ, օգոստոսին հիվանդների թիվը կանցնի 100-ից:
Հիվանդանոցը պետությունից ֆինանսավորվել է մինչեւ հուլիսը, ոչ թե ըստ կատարողականի, այլ ամսական 30 հիվանդի համար: Լրացուցիչ ֆինանսավորման բացակայության պատճառով բուժհիմնարկը հայտնվել է փակուղու առջեւ: Տնօրենն այս մասին ահազանգել է Լոռու մարզպետին, իսկ վերջինսՙ ՀՀ առողջապահության եւ ֆինանսների նախարարություններին: Ըստ մոտավոր հաշվարկներիՙ մինչեւ տարեվերջ կպահանջի 7-8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում: Ֆինանսների նախարարությունը շտապել է պատասխանել, որ նման բոլոր հարցերը լուծում է Պետական առողջապահական գործակալությունը, որը գործում է առողջապահության նախարարությանը կից: Իսկ առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ հարցը կարող են քննարկել հիվանդանոցի 9 ամսվա կատարողականն ի մի բերելուց հետո, եւ եթե գործակալությունում ավելցուկ գումար լինի, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ֆինանսավորել:
Իսկ ի՞նչ է անելու հիվանդանոցը մինչ այդ մեծաքանակ հիվանդների բուժումը կազմակերպելու համար, ոչ մեկին չի հետաքրքրում: Մանավանդ որ հոկտեմբերի սկզբին սպասվելիք պատասխանը թերեւս լինի բացասական:
Բուժհիմնարկում դժվարություններ են ծագել դեղորայք ձեռք բերելու, հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնում հետազոտություններ կատարելու, պետական հարկերի վճարման եւ պայմանագրային այլ պարտավորությունների կատարման առումով: Բնականաբար, մինչեւ հոկտեմբեր սպասելը կհանգեցնի աղետալի վիճակի:
Անհանգստացնող է նաեւ համաճարակային իրավիճակը, եւ պատկան գերատեսչությունները պետք է նաեւ հիվանդությունների կանխարգելման կտրուկ քայլեր ձեռնարկեն:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ