«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2005-08-25 | #151, 2005-08-26 | #152, 2005-08-27


ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի եւ սփյուռքի մի խումբ մտավորականների մասնակցությամբ օգոստոսի 11-17-ն Անթիլիասում (Լիբանան) Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ եւ հովանավորությամբ տեղի ունեցավ «Հայաստան-սփյուռք գործակցության հեռանկարների որոնում» համաժողովըՙ նպատակադիր հայության երկու թեւերի միջեւ համագործակցության նոր ուղիներ որոնելուն:

Հայաստանի մտավորականության պատվիրակությունը ներկայացնում էին Սերգեյ Համբարձումյանը, Պերճ Զեյթունցյանը, Աստղիկ Գեւորգյանը, Լեւոն Անանյանը, Դավիթ Մուրադյանը, Աշոտ Մելքոնյանը, Էդվարդ Մելքոնյանը, Լեւոն Մկրտչյանըՙ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Սփյուռքը ներկայացնում էին հիմնականում Լիբանանի պատվիրակներըՙ Ժիրայր Դանիելյանը, Հովհաննես Թասլաքյանը, Փոլ Հայտոսթյանը, Եղիկ Ճերեճյանը, Վաչե Նյուրբեթլյանը, Մկրտիչ Լ. Պուլտուքյանը, Ֆրանսիայից Պետրոս Թերզյանը, Հակոբ Պալյանը եւ Այտա Հովհաննիսյանըՙ Իրանից: Եռօրյա նիստերի ընթացքում քննարկվել են կրթական, մշակութային, տնտեսական ոլորտների եւ Հայ դատին առնչվող համահայկական հետաքրքրությունների մի շարք հիմնահարցեր, անմիջական մթնոլորտում անցկացվել են առաջարկությունների, պայմանավորվածությունների փոխանակումներ:

Համաժողովի բացման արարողությունը կատարել է Արամ Ա կաթողիկոսը, բոլոր նիստերին իր մասնակցությամբ, նիստերը նախագահել են Ժիրայր Դանիելյանըՙ Լիբանանից եւ Լեւոն Մկրտչյանըՙ Հայաստանից:

Համաժողովի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնելու խնդրանքով դիմեցինք Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանին:

- Համաժողովը նախատեսված էր մարտին, բայց լիբանանյան հայտնի իրադարձությունների պատճառով հետաձգվեց: Համաժողովի նպատակն էր ի մի բերել Հայաստան-սփյուռք համագործակցության ճանապարհին կատարված քայլերը եւ շարունակել նոր ուղիներ որոնել, որը, կարծում եմ, նման փոքր ձեւաչափերով ավելի դյուրին կլինի իրականացնել, քան ինչպես արվեց Հայաստանում անցկացված նախընթաց երկու համագումարներում:

- Տիկին Գեւորգյան, կարելի՞ է համաժողովը համարել ներկայացուցչական:

- Կարծում եմ, ճիշտ էր ընտրված Հայաստանի ներկայացուցչական կազմը, որը արել եւ ղեկավարում էր Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքի պարագայում չի կարելի համարել ներկայացուցչական, քանի որ հիմնականում ներկայացված էր Լիբանանի համայնքը, մինչդեռ մենք ակնկալում էինք հանդիպում 10 տարբեր գաղթօջախների ներկայացուցիչների հետ: Անկախ դրանից համագումարը կայացավ, որովհետեւ ճիշտ էր ընտրված ուղղությունը: Քննարկվող հարցերի առնչությամբ հայաստանյան կողմի մեկնաբանություններն արվում էին թիկունքում պետություն ունեցողի դիրքերից, սփյուռքի կողմիցՙ ավելի հայապահպանության, լեզուն, մշակույթը, փրկելու մտահոգություններով:

- Կխնդրեի ներկայացնել քննարկված հարցերի ընդհանուր պատկերը:

- Իհարկե, երեք օրը շատ սեղմ ժամանակ է նման հարցերը բազմակողմանի, ամբողջական քննարկելու համար: Նկատեմ գործնական նշանակության մի քանի առաջարկություններ: Հայության համար ցավոտ խնդրիՙ երկու ուղղագրությունների առնչությամբ առաջարկվեց հարց բարձրացնել հայրենի կառավարության առաջՙ վերականգնելու դասական ուղղագրությունը: Սակայն մենք արձագանքեցինք, որ լեզվի եւ ուղղագրության հարցերը նուրբ ու ոչ կտրուկ մոտեցումներ են պահանջում: Հրանուշ Հակոբյանի առաջարկով համաժողովի ընդունած փաստաթղթի կետերից մեկում արձանագրվեց, որ 12-ամյա դպրոցական ուսուցման ընթացքում 8-րդ դասարանից Հայաստանի հանրակրթարաններում որպես պարտադիր ուսուցման առարկա պետք է մտցնել արեւմտահայերենը եւ դասական ուղղագրությունը:

Ցավոտ է նաեւ դասագրքերի հարցը. դրանցից շատերը հապճեպ կազմելու պատճառով բավականին թերություններ ունեն եւ չեն նպաստում հայեցի լիարժեք կրթությանը:

Անշուշտ, մտահոգիչ են մեր երկու կաթողիկոսություններիՙ Էջմիածին-Անթիլիաս հարաբերությունները: Սուրբ Աստվածածնի տոնինՙ Խաղողօրհնեքի արարողության ընթացքում Արամ Ա կաթողիկոսն ասաց, որ մենք ունենք մայր Հայաստան, որի հզորությունից է կախված սփյուռքի հետագա գոյությունը: Մենք էջմիածնական ենք, բայց եւ պատրաստ ենք ընդունել այն բոլոր հրավերները, որ կնպաստեն Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը: Վերադարձին հանդիպում ունեցանք Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Շատ գնահատելի էր Վեհափառի մոտեցումը, երբ համագործակցության պատրաստակամություն հայտնեց եւ ասաց, որ Արամ Ա կաթողիկոսն ամեն պահի ունի բաց հրավեր Հայաստան գալու: Անշուշտ եւ մեր ցանկությունն է կաթողիկոսական երկու աթոռանիստերի համագործակցությունը եւ մտերմությունը հօգուտ մեր ազգային շահերի: Այս հարցում, կարծում եմ, հատուկ առաքելություն ունեն երկրի երեւելի ղեկավարները եւ հեղինակավոր մտավորականները:

Ավելի համապարփակ քննարկումներ ծավալվեցին Հայ դատի շուրջը, կար բավարարվածություն Հայոց ցեղասպանության միջազգայնացման ճանապարհին կատարված գործողությունների ուղղությամբ: Ամփոփիչ փաստաթղթում Հայ դատի վերաբերյալ կետում մտցվեցին Արցախի եւ Ջավախքի խնդիրները:

- Ի՞նչ հիմնական եզրակացության եկաք եւ ինչպե՞ս կամբողջացնեք տպավորությունները:

- Կարեւոր է, որ նման ձեւաչափի համաժողովները շարունակվեն եւ հենց այսպիսի մտերիմ մթնոլորտումՙ զերծ պաշտոնական բոլոր տեսակի արարողակարգերից եւ կեցվածքներից: Մենք տեղեկացանք, որ Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ գրողների հաջորդ համահայկական համաժողովն անցկացվելու է Բեյրութում:

Անթիլիասի համաժողովն անցավ անկաշկանդ մթնոլորտում, ունեցանք հանդիպումներ գրողների, թերթերի խմբագիրների հետ, եղանք Բաալբեքում, Ռաֆիկ Հարիրիի շիրիմին այցելեցինք, Բեյրութը հրաշալի էր, մենք տպավորված ենք Բեյրութի տաք ժողովրդի ջերմությամբ: Այս բոլորը հրաշալի, զգայական բաներ են: Բայց մենք գնացել էինք կոնկրետ շոշափելի աշխատանք կատարելու: Եվ համաժողովն արձանագրեց, որ լուրջ համագործակցության շարունակություն կարելի է ակնկալել պետական հոգածությամբ ապաքաղաքական, ապակուսակցական համակարգող մարմնի գոյությամբ միայն, ինչպես օրինակ, նախկին սփյուռքահայության կոմիտեն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4