«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՎԱԼԱՆՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐ

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը Նյու Յորքում օրերս հանդիպում է ունեցել Վալանսի (Ֆրանսիա) քաղաքապետ Լենա Բալսանի հետ: ՀԲԸՄ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ֆրանսահայերի հետ կապված եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀԲԸՄ փարիզյան գրասենյակը տեղեկացնում է, որ տկն Բալսանը զգալի դեր է խաղացել Վալանսում Հայկական ժառանգության կենտրոնի ստեղծման գործում: Հունիսի 11-ին բացված կենտրոնը նոր երեւույթ է Ֆրանսիայում եւ ամբողջ Եվրոպայում:

Կենտրոնում հնարավոր է ամբողջական տեղեկատվություն ստանալ ֆրանսահայերի պատմության, նրանց տարագիր կյանքի, ֆրանսիական հասարակությանը նրանց ինտեգրման վերաբերյալ: 1920 թվականից Վալանսում կա ստվար հայ համայնք, որն այսօր կազմում է քաղաքի բնակչության 10 տոկոսը:

1906 թ. հիմնված ՀԲԸՄ-ն շահույթ չհետապնդող գլխավոր հայկական կազմակերպությունն է աշխարհում: Հայկական ինքնությունն ու ժառանգությունը զարգացնելու եւ պահպանելու նպատակով միությունը մշակութային, կրթական եւ մարդասիրական գործունեություն է իրականացնում 23 երկրների մոտ 400 հազար հայերի շրջանում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4