«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ՏՂԱՄԱՐԴԻ՛Կ, ՇԱ՛Տ ՔԱՅԼԵՔ

Մոսկովյան ծանոթներիցս մեկը գնացել էր ուրոլոգի մոտ: Բուժզննությունից հետո վերջինս ասել էր, որ նա... կլիմաքսի մեջ է: Ծանոթս խիստ վիրավորվել էր. կնի՞կ եմ, ինչ է, որ կլիմաքս ունենամ, ընդվզում էր նա, հայ չլիներ, աթոռը գլխին ջարդելու էի...

Իրոք, տղամարդուն բնորոշ է կարծես թե նրան այդքան անհարիր «կանացի» երեւույթը: Երեւանում եղած ժամանակ, վերհիշելով այդ «տխուր» պատմությունը, դիմեցի վաղեմի բարեկամիսՙ «Դիագնոստիկա» բժշկական միավորման բժիշկ-ուրոլոգ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ, բժշկագիտության թեկնածու Միքայել Սահակյանին:

- Իզուր է ընկերդ այդպես բորբոքվել,- բարեհոգի ժպտաց բժիշկը,- ամենայն հավանականությամբ նա իր սեքսուալ տագնապներով եկել է մասնագետի մոտ, վերջինս էլ նրա սարսափի «ջրաղացին» ջուր է լցրել: Բայց իրականում բժիշկն իրավացի է. ինչքան էլ խորթ հնչի, տղամարդիկ էլ են ունենում կլիմաքսի շրջան: 50-60 տարեկանում տեղի են ունենում հորմոնների ե՛ւ քանակական, ե՛ւ որակական փոփոխություններ. կանացի հորմոնները, որ երիտասարդ տղամարդկանց օրգանիզմում աննշան են, նրանց կյանքի երկրորդ-երրորդ փուլում ակտիվանում են եւ փոխում օրգանիզմի ֆիզիոլոգիական-հոգեբանական բնույթը: Եթե կանանց մոտ դա կապված է արգանդի փոփոխությունների հետ, ապա տղամարդկանց մոտ նկատվում է շագանակագեղձի գերաճ, մասնավորապես դրա բարորակ կամ չարորակ ուռուցք: Մեր սեռի տարեց ներկայացուցիչներն իրենց ավելի անպաշտպան են զգում, դառնում են դյուրագրգիռ (օրինակՙ քո ծանոթը), փնթփնթան, ավելի շատ են զգում կնոջ հովանու կարիքը եւ այլն: Այդ արական «կլիմաքսի» մեջ վարկաբեկիչ ոչինչ չկա:

- Ինչո՞ւ է այդքան փխրուն ու խոցելի շագանակագեղձը, ինչպես ասում ենՙ տղամարդու երկրորդ սիրտը:

- Ոմանց համարՙ նույնիսկ առաջինը: Ցավոք, Առողջապահության համաշխարհային խորհրդի տվյալներով, աշխարհի բոլոր տղամարդիկ իրոք այս կամ այն տարիքում, այս կամ այն չափով տառապում են շագանակագեղձի հիվանդություններիցՙ բորբոքումից մինչեւ ուռուցք: Այդ, ինչպես նշեցիք, փխրուն օրգանը, որն ունի սոսկ 25-50 գրամ քաշ, գտնվում է միզային եւ սեռական ուղիների խաչմերուկում, եւ դրանց շեղումներն անմիջապես ազդում են նրա վրա: Դրա հետ մեկտեղ ուժեղ է հոգեբանական գործոնը. տղամարդիկ, բարձր գնահատելով իրենց արական ֆունկցիաների կատարելությունը, շատ անուշադիր են դրանց պահպանման հարցում եւ նվազագույն իսկ անհաջողության դեպքում խուճապի մատնվելով (միայն թե ոչ «այդ»), ավելի են խորացնում հիվանդությունըՙ բարդացնելով ե՛ւ իրենց, ե՛ւ բժիշկների կյանքը:

- Ըստ մոսկովյան մամուլի, իմպոտենցիան ջահելանում է: Մյուս կողմից, եթե հավատանք շռայլ գովազդներին, գրեթե բուժելի են դրա բոլոր տեսակները: Ո՞րն է ճիշտ:

- Դժվար բուժելի է ողնաշարի ծանր վնասվածքների, հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարախտի հետեւանքով առաջացած անկարողությունը: Իսկ եթե դա վաղ հայտնաբերված ֆիզիոլոգիական, ինչպես նաեւ հոգեբանական զգացմունքային վնասվածքների պատճառով է, ապա հաղթահարելի է: Իրոք, մեր ժամանակներում ստեղծված են ուժեղ դեղամիջոցներ, որոնք տղամարդուն վերադարձնում են նրա արժանապատվությունը: Դրանում կարող եք համոզվել մեր կենտրոնում: Ինչ վերաբերում է իմպոտենցիայի ջահելացմանը... Ռուսաստանում երկու գործոն դրան շատ են նպաստումՙ հարբեցողությունը եւ թմրամոլությունը: Սեքսուալ կյանքի վրա, հատկապես կոմունիստական հատվածում կայուն կյանքով ապրած սերնդի շրջանում բացասական ազդեցություն ունեցան սոցիալ-քաղաքական բեկումները, որոնց հետեւանքով շատ տղամարդիկ կորցրին ինքնավստահությունը:

- Ուրեմն ինչպե՞ս պահպանենք այդ արժանապատիվ օրգանը:

- Պրոֆիլակտիկայով: Ամենակարեւորըՙ կանոնավոր ռիթմիկ սեռական հարաբերություններով, սեռական զսպվածությունը շագանակագեղձի ոխերիմ թշնամին է: Քանակի հարցում նորմա չկա, ամեն ինչ անհատական էՙ ինչքան ստացվում է: Իսկ եթե հարեւանիդ մոտ շատ ավելին է ստացվում, դա նրա խնդիրն է, ինչպես անեկդոտն է հուշումՙ դու էլ ասա, ասելով չէ:

Շատ կարեւոր է սնվելու, հանգստանալու կուլտուրան, որ, ավաղ, հայերիս վարքուբարքի թույլ կողմն է: Ես շատ խորհուրդներ կարող եմ տալ, բայց մեր տղամարդիկ ծույլ են դրանք կատարելու համար: Ուստի բավարարվում եմ մի «ամենահեշտ» հանձնարարականովՙ շա՛տ քայլեք, տղամարդիկ, դա բնական մերսում է շագանակագեղձի համար: Երեկոյան սիրելի կնոջ հետ գոնե մի երկու պտույտ կատարեք շենքամերձ տարածքում:

- Բժիշկ, դուք դա անո՞ւմ եք:

- Մի խոսեցնի, Աստված սիրես... (ծիծաղում է):

Բժիշկն էլ իսկական հայ տղամարդ դուրս եկավ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4