«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2005-08-27 | #153, 2005-08-30 | #154, 2005-08-31


ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1972 թ. «Հայաստանի բնություն» ամսագրի խմբագիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆ. Լեւոն Հարությունյանը հրապարակում է մի հոդվածՙ իբրեւ արձագանք Նախիջեւանում հայտնաբերված ցորենի տեսակների յուրացման ադրբեջանցիների կողմից: Հոդվածում հեղինակը մասնավորապես ընդգծում է այն միտքը, թե բուսատեսակների էնդեմիզմը պետք է բնորոշել ոչ թե ժամանակակից պետական, այլ պատմական սահմաններով: Մոսկվայի ահազանգից հետո ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Վլ. Ղալումյանը ստիպված պատասխանատվության է կանչել գիտնականին, որն իր «արդարացման» մեջ ընդգծում է, որ ինքը կատարել է բուսաբանի իր պարտքըՙ փաստելով իրականությունը:

Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա մեր հարեւանները սկզբունքային հետեւողականությամբ շարունակում են իրենց տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը: Այս երեւույթը տարածվում է նաեւ Հայկական լեռնաշխարհի ֆլորայի եւ ֆաունայի վրա: Այս տարվա ապրիլին թուրքական կառավարության որոշմամբ գիտական աշխարհում վաղուց հաստատված եւ շրջանառու դարձած որոշ կենդանիների հայկական անվանումներ վերափոխվեցին թուրքականի, որին արձագանքեցին շատ թերթեր, այդ թվում նաեւ «Ազգը»: Այս մասին է մեր զրույցը պրոֆ. Լեւոն Հարությունյանի հետ:

- 1934 թ. Հայաստան է այցելում աշխարհահռչակ խորհրդային գիտնական Վավիլովը եւ հայտարարում, որ Հայաստանը բուսատեսակների խիստ բազմազանության եւ հարստության առումով բացառիկ երկիր է: 1920-30-ականներին Միխայիլ Թումանյանը Երեւանից դեպի արեւելք եւ հարավ ընկած տարածություններում հայտնաբերել էր վայրի ցորենների բուսուտներ: Ակադեմիկոս Վավիլովը, ծանոթանալով դրանց, «Խորհրդային Հայաստան» թերթում գրում է, որ տեսակների բազմազանությամբ Հայաստանն ամենից հետաքրքրական վայրն է աշխարհում, եւ առաջարկում է հատուկ խնամք տանելՙ պահպանելու բույսերի զարգացման համաշխարհային նշանակություն ունեցող այդ փաստը: Վավիլովը կանխատեսում էր, որ փափուկ ցորենի հայրենիքը Հայաստանն է: Աշխարհում միայն Էրեբունու տարածքում հայտնաբերվեցին փափուկ ցորենի ծնողներըՙ միաձիգ ուրարտական ցորենը եւ անքիստ էգիլոպսը (այծակն), որոնք աճում են կողք կողքի, եւ երկար ժամանակ գիտական շրջանակներում տարակարծություններ կային դրանք ցորենի նախնիներ համարելու վերաբերյալ: Պրոֆ. Պ. Ղանդիլյանը ստացավ ամերիկյան հիբրիդՙ ապացուցելով փափուկ ցորենի ծագումը դրանից: Նա ապացուցեց նաեւ, որ այդ ցորենիՙ աշխարհում հայտնի 130 այլատեսակներից 118-ն աճում է Հայաստանում: Իսկ աշխարհում ցորենի տարածված 22 տեսակներից 6-ն ունեն հայկական ծագումՙ ուրարտական միահատիկ ցորենը, արարատյան ցորենը, բոլետիկումը, մախի ցորենը, Վանի ցորենը, կովկասյանը կամ պարսկականը:

Ցորենի հայկական ծագումը հետագայում հաստատեցին ուրիշ գիտնականներ եւսՙ Միխայիլ Թումանյանը, Գարասեֆերյանը, Մենաբդեն, որն այդ պատճառով իր երկրումՙ Վրաստանում, շատ հալածանքներ կրեց: Հայկական տեսակ է համարվում նաեւ տանձենին, աշխարհում տարածված 60 տեսակից 26-ն աճում է Հայաստանում, որոնցից 15-ը էնդեմ է, իսկ խնձորենու հայկական ծագումը հաստատում է բույսերի տեսակների ծագման եւ միգրացիայի հարցերի հայտնի մասնագետ Դեկանդոլը:

- Որեւէ հիմնավորում ունե՞ն մեր հարեւաններն այսօրինակ յուրացումներ կատարելու համար:

- Արարատյան դաշտի պես Նախիջեւանն աչքի է ընկնում ցորենի տեսակների բազմազանությամբ, սա է դրանք յուրացնելու հնարավորություն տալիս ադրբեջանցիներին: Վայրի բանջարեղենի շատ տեսակներ ադրբեջանցիները համարում են իրենցը, Թուրքիայում անվանափոխում են հայկական ծագում ունեցող բուսատեսակները, ինչպես 1972 թ. մի կոնֆերանսում փորձեցին փոխել հայկական ծիրանի անունը: Մեր բողոքներին միացան ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչները, իսկ Ադրբեջանը միացավ Թուրքիային:

- Զուտ հայկական ծագումով ուրիշ ի՞նչ բուսատեսակներ կթվարկեք, որ յուրացվում են:

- Դրանք շատ են. բոլետիկում ցորենը, աշորան, որ շատ կարեւոր, պարենային կուլտուրա է, մշակվում է հյուսիսային խոնավ շրջաններում, ցորենից հետո համարվում է երկրորդ պարենային կուլտուրան: Վավիլովի աշորան միամյա բույս է, որը եւս յուրացվում է, որովհետեւ հանդիպում է նաեւ Նախիջեւանում, լեռնային աշորանՙ բազմամյա բույս, որ համարվում է մշակովի աշորայի ծնողը, Անատոլիկումը, Կապրիանովինը, Խալդիկումը:

Մեզ մոտ գարու, որ 5000 տարվա պատմությամբ կարեւոր պարենային կուլտուրա է եւ տարածված է շատ երկրներում, 7 վայրի տեսակ է աճումՙ թխակապույտը, մկնագարին, ծնկաձեւը, ծովային գարին, սոխուկավորը, երկշարք գարին, սովորականը, որից առաջացել է կուլտուրական գարին:

Հայաստանում լոբու, որ ամերիկյան ծագում ունի, շատ տեսակներ կան. ինչպես բազմածաղիկ լոբին, ինչպես նաեւ վայրի սիսեռի, ոլոռի շատ տեսակներ կան, մշակովի ոսպի հայրենիքը նույնպես համարվում է Հայկական լեռնաշխարհը: Մեր պատմական հայրենիքի տարածքում, Նախիջեւանում, Ղարաբաղում բազմաթիվ ռելիքտային (հնագույն) եւ էնդեմ բուսատեսակներ են աճում:

- Հայկական լեռնաշխարհի ֆաունայի եւ ֆլորայի յուրացումները մեզանում կարծես լռության են մատնվում, ինչո՞ւ:

- Մեր բուսաբան-գիտնականներն ընկճված են: Բուսաբանական կենտրոնը փաստորեն վերացնում են, բուսաբանական այգին քայքայվում է, որին ավելի քիչ միջոցներ են տրամադրում, քան սովորական մի զբոսայգու: Մեր հազվադեպ տեսակները ոչնչանում են: Ունենք հայկական ֆլորայի բաժին, որտեղ սուղ պայմաններում աճեցնում են էնդեմ տեսակներ: Ժամանակի հարուստ բուսաբանական հավաքածուն այսօր վերանում է, փաստորեն: Դիլիջանի արգելոցը, հսկայական ծառահատումների ու նորաշեն ճանապարհների պատճառով, կարելի է ասել, գոյություն չունի:

- Մեր անհետեւողականությունը նման յուրացումների հանդեպ ի՞նչ հետեւանքներ կունենա, չէ՞ որ սա էլ է պատերազմՙ գիտության զենքով:

- Հետեւողականորեն պետք է տեղեկացնել այս մասին եւ հատկապես միջազգային մամուլում: Թուրքերն օտարի (բյուզանդական, հայկական) ահռելի մշակույթն են սեփականացնում, բուսատեսակներ յուրացնելն ի՞նչ մեծ բան է նրանց համար: Նրանք հասնում են այնպիսի անհեթեթության, որ նույնի՜սկ Երեւանը (Էրիվան) իրենցն են համարում: Սակայն 5000 տարվա մեր պատմությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Պատմական ճշմարտությունը պետք է վերականգնել: Աշխարհը դեռ ուշադրություն չի դարձնում, երբ կհասկանա եւ կանդրադառնա խնդրի լրջությանը, կտրուկ կփոխի քաղաքականության բնույթը...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4