Ինչպես ասում են` էս էլ մենք
«Դատարանի դուռն են գալիս հիմնականում անգրագետ եւ իրենց իրավունքներին ու պարտականություններին անտեղյակ քաղաքացիներ», ասում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատավոր Ռազմիկ Թովմասյանը: Դա նրա կարծիքով բարդացնում է դատական ընթացքը մի քանի անգամ, քանի որ ո՛չ հայցվորն է կարողանում դատական նիստի ժամանակ հստակ ձեւակերպել իր միտքը, ո՛չ էլ պատասխանողը: «Տեսնո՞ւմ եք, հարմարավետ շենքային եւ աշխատանքային պայմաններ են ստեղծված, սակայն քաղաքացիների իրավական անգրագիտությունը երբեմն հուսահատության է մատնում», ասում է դատավորը եւ պատմում, որ այս կամ այն գործով դատարան մտած քաղաքացիները հաճախ թողնում են վիճարկվող հայցը եւ ընկնում անկարեւոր մանրամասների, անգամ` ծայրահեղությունների մեջ:
Դատավորին հակադարձում եմ այն մտքով, թե չար լեզուները խոսում են անգամ անգրագետ դատավորներից, էլ ի՞նչ ենք ուզում հասարակ մարդկանցից: Զրուցակիցս անթաքույց մտահոգությամբ ասում է, որ մեր հասարակության իրավագիտակցության բարձրացումը գալիս է նրա կենսամակարդակի ընդհանուր վիճակից: Պրն Ռազմիկ Թովմասյանը ընդհանուր հայացք նետելով իր դատական գործերին, գտնում է, որ մեծ մասամբ քաղաքացիական հայցերը վերաբերում են գումարի, պարտքի եւ տոկոսի վիճելի խնդիրներին, բնակարանի կամ վիճելի տարածքների, ալիմենտի բռնագանձման, ամուսնալուծության եւ այլ նման հարցերի: Իսկ քրեական գործերը մանր-մունր գողություններն են, թմրամիջոցների օգտագործման դեպքերը:
Կարելի է եզրակացնել, որ նույնիսկ վճարովի փաստաբանի կամ շահերի պաշտպանի առկայությունը շատերի մեջ հետաքրքրություն չի առաջացնում` հասկանալու իրենց շահերն ու իրավական կռվանները. դա պարզապես խոսում է մարդկանց մեծ մասի ցածր մակարդակի եւ իրավագիտակցության բացակայության մասին: Ճիշտ է, այս հարցին փորձում են լուծում տալ տարբեր միջազգային կազմակերպությունների հատուկենտ հաջողվածՙ հատկապես հեռուստատեսային ծրագրերը եւ ակցիաները, սակայն դա նման է գդալով ծովից ջուր վերցնելուն: Բայց այս հարցը դեռ առկա է. ո՞վ պետք է զբաղվի 21-րդ դար հասած մեր հասարակության իրավական գիտակցության եւ գիտելիքների բարձրացմամբ: Ասենք` ո՞ւմ է դա ձեռնտու:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ