«Լոբբիստական գործունեության մասին» նոր օրենքի նախագծով
Լոբբիստական գործունեությունն առաջինը օրենսդրական տեսք է ստացել Մ. Նահանգներում, այնտեղ գործում է մի ամբողջ ինստիտուտ, որը կարգավորում է պետության հետ տարբեր միությունների հարաբերությունները: Ճապոնական լոբբիստները բավականին աշխույժ են օտար երկրներում, որի շնորհիվ, օրինակ, ճապոնական բանկերը ամրապնդվում են Մ. Նահանգներում: Լոբբիինգի 5 ոսկե կանոններն ենՙ 20 տոկոս իրավունք, 20 տոկոս քաղաքականություն, 20 տոկոս տնտեսություն, 20 տոկոս դիվանագիտություն, 20 տոկոս հաղորդակցություն:
Հայաստանում այժմ մշակվում է «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը երեկ քննարկման էր դրվել Թեքեյան կենտրոնում:
«Պրոֆեսիոնալ լոբբիզմ Հայաստանում ես չեմ նկատում, նման գործունեություն գոյություն չունի, եւ ներկա քաղաքական, տնտեսական դաշտում լոբբիստական գործունեության օրենք ունենալու խնդիր չեմ տեսնում: Մեզանում ստեղծվում են օրենքներ, որոնց անհրաժեշտությունը իրականում չկա, չեն ստեղծվում օրենքներ, որոնք պետք է վաղուց արդեն գոյություն ունենային: Կոնկրետ այս օրենքի նախագծում անգամ հիմնավորում չկա, բացատրության մեջ միայն նշվում է, որ օրենքը պետք է խթանի ժողովրդավարության կայացումը, այսինքնՙ ասվում են բոլորիս լավ ծանոթ խոսքեր, մինչդեռ ոչ մի խթանում չկա», ասում է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Դավիթ Սանդուխչյանը:
Նրան անհասկանալի է, թե ինչո՞ւ են օրենքի նախագիծը մշակողները դուրս թողել իրավաբանական անձանց, փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող կազմակերպություններին, որոնք միավորվում են իրենց շահերը պաշտպանելու համար: Օրենքը գրեթե ամբողջությամբ առնչվում է հասարակական կազմակերպություններին, սահմանափակում նրանց գործունեությունը, փոխում կարգավիճակըՙ նեղացնելով նրանց շահերի պաշտպանության հնարավորություններն ու սահմանելով վերահսկողություն: Սանդուխչյանի համոզմամբ, այս օրենքը ստեղծվել է քաղաքական իշխանությունների շահերը պաշտպանելու եւ հանրային իրավունքների պաշտպանության դաշտը վերահսկելու նկատառումով: «Այս օրենքն ինձ հիշեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ընդունված հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որն արգելում էր ֆինանսական օգնություն ստանալ արտասահմանից, սահմանափակում գործունեության դաշտը, ստեղծում գրանցման արգելքներ: Մի խոսքով, քննարկվող նախագիծը լրացուցիչ բարդություններ է ստեղծում հասարակական կազմակերպությունների համար», համոզված է նա:
Արդարադատության փոխնարար Աշոտ Աբովյանը օրենքի անհրաժեշտությունը բացատրում է «ժողովրդավարության զարգացման հրամայականով, մասնակցային գործընթացի հետագա կատարելագործման անհրաժեշտությամբ, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի պահանջով, հակակոռուպցիոն ռազմավարությամբ»:
«Հայկական մտածելակերպի առումով հայը միայնակ գայլի կարգավիճակում է քայլում, ըստ էության, օրենքի նախագիծն ուղղված է նաեւ որոշակի կոլեկտիվիզմի դաստիարակմանը, հնարավորություն ընձեռելու, որ մարդիկ միավորվեն եւ իրենց շահերը պաշտպանելու համար միջոցառումներ իրականացնեն», մեկնաբանում է նա: Այդ դեպքում ինչո՞ւ նախագծում չեն նշված փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող միությունները: «Եթե նրանք կարիք ունենան լոբբիինգով հաջողության հասնելու, պետք է չդիմեն իրավաբանական անձանց միություններին, որովհետեւ այդ դեպքում որպես պատվիրատու պետք է հանդես գա այդ միությունը, այլ ոչ թե իրենք փորձեն իրենց ուժերով լոբբիինգ անել: Եթե առեւտրային կազմակերպությունը շահ ունի, որն ուղղված է նրա հետագա շահույթի ավելացմանը, ուրեմն նա պետք է վճարի դրա համար: Թող վճարի, լոբբիստն էլ կայանա որպես լոբբիստ, եւ այդ ձեւով զարգացումը կապահովենք: Համաձայն եմ, որ այդ հարցը բավարար չի ներկայացված օրենքում, ինչն անպայման հաշվի կառնենք», ավելացնում է Աբովյանը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի կառավարման մասնագետ Վահան Ասատրյանի ասելով, մեզանում լոբբիզմը դեռ կարգավորված չէ, սակայն շահերի պաշտպանության տեսակետից գոյություն ունի նույնիսկ ֆորմալ առումով: «Իր բնույթով լոբբիինգը կոռուպցիոն հսկայական ռիսկեր է պարունակում աշխարհում, որոնք նվազեցնելու համար լոբբիստական գործունեությունը կանոնակարգվում է: Քանի որ Հայաստանում կոռուպցիոն ռիսկերն ահռելի են, հետեւաբար մեծ ջանքեր են պահանջվում կարգավորման ձեւեր գտնելու ու գործող օրենք ստեղծելու համար:
Ամեն մի լոբբիստական գործունեություն ենթադրում է որոշակի ծախսեր, դրանք նվազեցնելու եւ գործի արդյունքը մեծացնելու համար մարդիկ այսօր հիմնականում օգտվում են այնպիսի մեթոդներից, որոնք թափանցիկ չեն, հաճախ դուրս են օրինականության դաշտից, այսինքնՙ ունեն կոռուպցիոն դրսեւորումներ», նշում է նա:
Օրենքի նախագիծը դեռ քննարկվելու է, հաշվի են առնվելու առաջարկները, կարեւորն այն է, որ ավելանա քննարկմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների թիվը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ