«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2005-08-30 | #154, 2005-08-31 | #155, 2005-09-01


ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՍՊԻՏԱԿ. 16 ՏԱՐԻ ԱՆՑ

Աղետից 16 տարի անց էլ երկրաշարժը ենթագիտակցական ներկայություն է մարդկանց հոգեբանության մեջ: 10 տարի շարունակ Սպիտակում նվագով հարսանիքներ չեղան: Այսօր ծավալներն աննախադեպ ընդլայնած քաղաքային գերեզմանոցը սրբավայրի նման մի բան է դարձել սպիտակցու համար: Ուկրաինայի լվով քաղաքի հին գերեզմանատունը զբոսաշրջիկներին ներկայացվող դիտարժան վայրերի շարքում է, իբրեւ այս երկրի ճարտարապետական մտածողության յուրօրինակ արտահայտություն: Սպիտակի գերեզմանոցն էլ քաղաքի այցելուի համար ուսանելի շատ բան ունի, ոչ միայն իբրեւ աղետի սարսափելի պատկերի համր վկայություն, այլեւ ուսանելի դաս` թե ինչպես չպետք է շենք կառուցել եւ ինչու պիտի լուրջ վերաբերվել բնության չարաղետ անակնկալներին:

Ի տարբերություն աղետի գոտու մեջ ներառված այլ քաղաքների ու գյուղերի, Սպիտակի բնակֆոնդն ամբողջությամբ հողին հավասարվեց, պաշտոնական թվերի համաձայն զոհվեց 5000 մարդ: Այս տվյալին այսօր էլ սպիտակցիները կասկածանքով են վերաբերվում, քանի որ երկրաշարժից առաջ 23 հազար բնակիչ ունեցող քաղաքում մարդ չկա, որ մեկ կամ մի քանի մոտիկ հարազատներ ու մերձավորներ կորցրած չլինի: Ընտանիքներ կան, որ ընդհանրապես վերացան: Բայց այս տխուր վիճակագրությունը ճշտելու ոչ տրամադրություն, ոչ էլ հնարավորություն ունի քաղաքը:

Երկրաշարժը խնայեց միայն 3 բնակելի շենքերի, ուր այդ ժամին տանը եղածները այսօր իրենց երկրորդ կյանքն են ապրում: Ֆինլանդիա, Նորվեգիա, Ամերիկա, Իտալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Չեխիա, Էստոնիա, Ուզբեկստան, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, աշխարհի որ ծայրից ասես հասան այստեղ: Եվ այսօրվա Սպիտակն ինչ-որ առումով միջազգային քաղաքի նմուշ է դարձել: Ամեն երկիր իր կենցաղի ու ճարտարապետության ոճն ու մանրամասները բերեց, եւ աշխարհի ոչ մի քաղաքում նման բազմագունություն չես տեսնի:

Այն օրերին եւ այսօր էլ Սպիտակը շարունակում է մնալ համաշխարհային գթասրտության յուրօրինակ խորհրդանիշ, ապացույց, որ պատերազմներով ու փողի մոլուցքով տառապող աշխարհը միակամ է դառնում միայն բնության հանդեպ իր անզորության փաստին բախվելու դեպքում: Ամեն երկիր գթասրտության իր թաղամասերն ունի այստեղ: Իտալական «Պերգամո» կազմակերպությունը 15 տարի հովանավորում էր երկրաշարժից հետո ծնողազուրկ դարձած երեխաներին` օգնելով նրանց ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ նյութապես: Այս կազմակերպության ընդհանուր օժանդակութունը կազմեց 4,5 մլն դոլար:

Երկրաշարժի առաջին իսկ օրերից այստեղ են մայր Թերեզայի կույսերը: Նրանք խնամում են ոչ միայն տեղացի կարոտյալներին, այլեւ Հայաստանի տարբեր մարզերից այստեղ բերված հիվանդ ու հաշմանդամ երեխաներին: 15 տարի առաջ լրագողական հետաքրքրությունն ինձ ստիպեց բախել նրանց վագոն-տնակի դուռը, բայց կույսերը մերժեցին պատմել իրենց մասին: Այսօր նրանք բնակվում են փոքրիկ միջնաբերդի նմանվող շենքում, եւ նրանց հետ հանդիպելու իմ երկրորդ փորձը դարձյալ ձախողվեց: Նվիրյալների փոքրիկ դղյակի դարպասը այդպես էլ չբացվեց: Ճշմարիտ բարերարությունը չի սիրում խոսել իր մասին:

Բնակարանային ավանդներ սեփական տները կորցրածների համար

Աղետը հողին հավասարեցրեց 2640 պետական եւ 2400 մասնավոր բնակարաններ: Կառավարության 1999 թվականի որոշմամբ բնակարաններ բաշխվեցին միայն երկրաշարժից առաջ պետական բնակֆոնդում ապրած բնակիչներին: Այսօր նրանցից 383 ընտանիք դեռեւս հերթացուցակում է, առ այսօր ապրում են վագոն-տնակներում: 280 ընտանիքներ բնակարանային վկայագրեր ստացան` 3 սենյականոցի փոխարեն 3 հազար, 4-ի փոխարեն 4 հազար, 1 սենյականոցի համար` 1200 դոլար փոխհատուցումներով: Այն ժամանակ բնակարաններն այսքան թանկ չէին, եւ մարդկանց մի մասին իսկապես հաջողվեց այդ գումարով նոր բնակարան գնել կամ կառուցել:

Առավել բարդ է աղետից առաջ սեփական բնակարաններում ապրած բնակիչների վիճակը: Ավերված բնակարանների փոխարեն նրանք երկրաշարժից անմիջապես հետո խնայբանկի գրքույկների տեսքով դրամական փոխհատուցումներ ստացան: Նրանց մեծ մասն ապրում է քանդված տան կողքին տեղադրված ժամանակավոր կացարաններում: Երկրաշարժից անմիջապես հետո Գորբաչովը խոստացավ 2 տարվա ընթացքում լուծել աղետի գոտու բնակարանային խնդիրը: Եվ մարդիկ հավատալով` ձեռք չտվին խնայբանկի փոխհատուցման գումարներին: Վերքը նոր էր, եւ նրանք զանգվածաբար զբաղված էին գերեզմանաշինությամբ, կորցրած հարազատների փնտրտուքով: Բացի այդ ընտանիքների մեծ մասը մասնատված էր, ամեն մեկը մի երկրում ու առողջարանում: 2 տարի անց, երբ հուսախաբ մարդիկ փորձեցին իրենք կառուցել իրենց նոր տունը, տնտեսությունը ճարակեց ինֆլյացիան, գումարները փոշի դարձան, սոցիալական կարիքներն ուժգնացան, եւ բնակարան կառուցելու մասին անիմաստ էր անգամ մտածել: Կար նաեւ մի այլ հանգամանք` աղետից անմիջապես հետո գիտնականները հայտարարեցին, որ սեյսմիկ իրավիճակն արգելում է քաղաքի հին տարածքում որեւէ կառուցապատում անել: Նոր Սպիտակը տարածվեց հին քաղաքից 7 կմ հեռու, իտալական թաղամասով: Կոտրած տաշտակի առաջ կրկին հայտնված սեփականատերերի խնդիրը լուծելու իր տարբերակն է առաջարկում Սպիտակի ներկայի քաղաքապետ Վանիկ Ասատրյանը: Այն է` ստեղծել 3-4 սենյականոց փոքր քոթեջների նախագիծ, որոնցում կապրեն առ այսօր տուն չստացած սպիտակցի նախկին սեփականատերերը: Քաղաքապետի նախաձեռնությամբ հատուկ հանձնաժողով ստեղծվեց, հաշվառում կատարվեց, պարզվեց, որ 1989 թվականին բնակարանների փոխհատուցման գրքույկները խնայբանկն առանձնացրել էր հատուկ կոդով, եւ հնարավոր է պարզել, թե ինչ չափի գումար է տրամադրվել այս կամ այն սպիտակցուն: Այդպիսի 962 ընտանիք կա այսօր քաղաքում, որ քանդված տան հետ կորցրեց նաեւ դրա փոխհատուցման գումարը: Նրանցից միայն 204-ն է կարողացել իր համար տուն կառուցել: Մնացածները դեմ են դրամական ամեն կարգի հատուցումների, բնակարան են ուզում:

Այսօր նոր կառուցապատումներն արվել են հիմնականում հին քաղաքի տեղում, քանի որ սեյմոլոգներն ի վերջո փոխզիջումային եզրահանգման եկան` հին Սպիտակի տեղում կարելի է շենք կառուցել միայն սեյսմիկ նորմաների խստիվ պահպանության պայմանով: Այնուամենայնիվ, ըստ քաղաքապետի, հենց այս օրերին էլ ավտոսպասարկման հին կայանի տեղում արգելվեց որեւէ շինարարություն սկսել, այն պատճառաբանությամբ, թե այդ հատվածն անմիջապես ընկնում է երկրաշաժից առաջացած ճեղքվածքի վրա:

Թե՛ պետական, թե՛ մասնավոր շինարարությունը Սպիտակում իրականացվում է սեյսմիկ նորմաների հնարավորինս պահպանման սկզբունքներով, մինչեւ 9 բալ ուժգնության երկրաշարժի համար, եւ տներն այստեղ հաստատ ավելի ամուր են, քան երկրաշարժից առաջ: Մետաղական բարձիկների սկզբունքով կառուցված մի շենք էլ կա քաղաքի կենտրոնում, որի նախագիծի հեղինակը ճապոնացիներն են:

Վերջին մարդահամարի տվյալներով, այսօր Սպիտակում 13 հազար մարդ է ապրում: Քաղաքապետի կարծիքով, սակայն, իրական թիվը 17-18 հազարն է, քանի որ մարդահամարի ընթացքում գրանցել են միայն փաստացի քաղաքում եղած բնակիչներին, նույնիսկ ուսանողները չեն հաշվառվել:

Երկրաշարժից հետո զարմանալի մի իրողություն եւս արձանագրվեց, աննախադեպ մեծացավ ծնելիության մակարդակը, մարդիկ շտապում էին կորցրած հարազատներին փոխարինել նոր ծնունդներով: 3 տարվա ընդմիջումից հետո այս տարի եւս շատացել են ծնունդները` հասնելով 1989-90 թվականների մակարդակին: Անցած ուսումնական տարում մի հետաքրքրական իրողություն էլ փաստվեց` ամեն դպրոցում աշակերտների թիվը 2-3-ով ավելացել է: Դրանք հեռու երկրներ գաղթած ու այնտեղ էլ չհաջողած սպիտակցիների զավակներն են: Ինչպես մյուս մարզերում, սպիտակցիների համար էլ տարագրությունն ապրուստ վաստակելու միջոց է դարձել:

Առաջին դասարանցիների թիվը, այնուամենայնիվ, պակասել է:

«Ֆայլա-բազարի» բատրակները

Սպիտակի կենտրոնում, նախկին «Գեղամեջ» կոչվող թաղամասի մի հատվածում, շուկայի մոտ մշտապես կարելի է հանդիպել դպրոցահասակ պատանիներից սկսած մինչեւ պատկառելի հասակի տղամարդկանց: Սա էլ Սպիտակի «ֆայլա բազարն» է: Հերթի սպասողների մեծամասնությունը նախկին արհեստավորներ են: Նրանք պատմում են խորհրդային ժամանակների մասին, երբ ապրուստի միջոց վաստակելու համար ստիպված չէին մեջք ծռել «ամեն պատահածի առաջ»: Նրանց մեջ էր նաեւ Սպիտակում հայտնի երաժիշտ Գուգոն, որին հարսանիքների ժամանակ ձեռքից ձեռք էին խլում, իսկ հիմա ստիպված է բատրակություն անել:

Օրերով ու ժամերով համբերությամբ սպասում են օրավարձու աշխատանքի: Գյուղատնտեսական աշխատանքների այս եռուն շրջանում նրանցից շատերին հաջողվում է 1-2, լավագույն դեպքերում 1 շաբաթվա բատրակության վարձվել: Օրը 1500 2000 դրամ փող են վաստակում, իսկ եթե սնունդն էլ հետն է, ուրեմն բատրակի բախտը բերել է:

Երկրաշարժից առաջ խորհրդային նշանակության տասնյակ ձեռնարկություններ կային Սպիտակում` վերելակաշինականը, կարի ֆաբրիկան, ալրաղաց կոմբինատը, շաքարի գործարանը, կաշվի փոխարինիչների գործարանը: Միայն կարի ֆաբրիկայում 4000 մարդ էր աշխատում: Այսօր դրանցից միայն կարի ֆաբրիկան է աշխատում` պատվերներ ընդունելով Հոլանդիայից, Գերմանիայից ու Ամերիկայից: Շաքարի գործարանի հետքերն անգամ չեն մնացել, երկրաշարժից անմիջապես հետո հանձնվեց Վրաստանին: Հետագայում գործարանը վերագործարկելու բազում առաջարկներ ու նախաձեռնություններ եղան, բայց բոլորն էլ ձախողվեցին: Քաղաքապետը ներկայացնում է քաղաքի զբաղվածության հետեւյալ ցուցանիշները` «Սպիտակում գործազրկությունը հասնում է 40 տոկոսի, մնացած 60 տոկոսի 20 տոկոսը դրսի աշխատողներն են, մյուս 20 տոկոսը բյուջետային աշխատողներն են, եւ մնացածը մանր ու միջին բիզնեսով, հատուկենտ ձեռնարկություններում զբաղվածները»:

Իտալացիները Սպիտակում անասնահամալիր են կառուցել, որ ներդնողների ակտիվ մասնակցությամբ դարձել է ժամանակակից խոշոր ձեռնարկություն: Մոտ 250 հա տարածք զբաղեցնող անասնապահական ֆերման նորոգ ու ժամանակակից տեսք ունի, գազիֆիկացված է, այստեղ 1000 գլուխ խոզ, 200 գլուխ կով են աճեցվում, եւս 800 գլուխ կով էլ բերվելու է Հոլանդիայից, այդ դեպքում ձեռնարկության 120 աշխատողների թիվը կկրկնապատկվի: Իսկ հիմա վերազինվում են կաթնամշակման ու մսամշակման արտադրամասերը:

ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանն այստեղ նաեւ հարակից արտադրություններով մինի ալրաղաց-գործարան է կառուցում, մտադիր է վերակենդանացնել նաեւ թռչնաբուծական ֆաբրիկան:

Ժամանակակից ռոբինզոնները

Կենտրոնից դուրս նեղլիկ փողոցներում տեղավորված տներում իշխում է գյուղական կենցաղը: Գործազրկությունը տարբեր մանրամասներով գործողության մեջ է դրել նույն դրաման` գոյության կռիվ անունով: Աշխատանք չունեցող մարդիկ ապավինել են հողին ու անասունին: Ամեն տուն տնամերձ հողակտոր ու գոնե 2-3 անասուն ունի: Տների բակերում աթարի դեզեր կան, շատերն այսօր էլ այն օգտագործում են ձմռանը բնակարանը տաքացնելու համար: Այս տարի հողագործների մեծամասնությունը գարի ու ցորեն ցանեց` հրաժարվելով ավանդական կարտոֆիլից: Շրջակա գյուղերի բնակիչները կարտոֆիլը շուկա են հանում եւ «էժանություն» գցում` սպիտակցուն զրկելով նույնիսկ կոմբայնին, տրակտորին, ոռոգման ջրին տված ծախսերը հանելու հնարավորությունից: Իր սեւ գործն է անում եւ բնության քմահաճույքը: Անցած տարի դաշտամկներն ու մողեսները բառացիորեն խեղդում էին ցանքերը: Ոչ մի հնար չեղավ կասեցնելու նրանց ավերածությունները: Սպիտակցիներից մեկը պատմում է, որ մկների «պահեստավորած» մոտ 100 կգ կարտոֆիլ է հայտնաբերել: Նախորդ տարիներին կարտոֆիլ ցանածները զանգվածաբար անցել են գարուն: Գարու կարիքը մեծ է, հավ ու խոզ պահողների թիվըՙ շատ: Համեմատաբար եկամտաբեր է կաղամբը, որ տանում են Ստեփանավանի գյուղերը, փոխանակում չեչիլ պանրի կամ վառելափայտի հետ:

Աշխատանք չլինելը լարել է մարդկային բոլոր հնարավորությունները: Սլավիկ Դանիելյանի ընտանիքն առավոտից մինչեւ ուշ երեկո կռացած է մոտ 5 հազար մետր հողամասում: Տքնաջան աշխատանքն օգնեց, որ այս տարի կարողանան նորոգել երկրաշարժից ավերված իրենց տունը: Վաղ առավոտից ոտքի վրա են բոլորը` դպրոցահասակ թոռներից մինչեւ ընտանիքի մեծը: Գործի եռուն ժամանակ թոռները հաճախ ստիպված են լինում բացակայել դպրոցից: Ամեն մեկն իր գործն է անում, ըստ հասակի ու նպատակահարմարության: Հողի հետ միշտ գործ ունենալուց ծռված ու կոշտացած մատներով, արեւից սեւացած դեմքով տանտիրուհին պատմում է, որ ջրելը, օրինակ, տարիքն առաջացած ամուսնու վրա է: Համեմատաբար ավելի հեշտ գործ է: Դաշտից վերադառնալուց հետո նրանց սպասում են անասունները` կաթնամթերք միշտ ունեն: Այդպես եւ մյուս սպիտակցիները:

Ցոլակ Մաթոսյանի ընտանիքն ապրում է նույն սկզբունքով: Արդեն իրենց փոքրիկ ֆերման ունեն` բազմաթիվ կովերով, խոզերով ու ցուլերով: Կաթը, միսն ու պանիրն անմիջապես խանութներին են հանձնում: Ցոլակը հայտնի է արտասովոր աշխատասիրությամբ: Նա մեն-մենակ հնձում է իր 15 անասունների խոտը: 9 հազար մետր հող ունի նախկին շաքարի գործարանի ֆիլտրացիոն դաշտերի տարածքում, մշակում է նաեւ լքված հողատարծքները: Ապրում են գերդաստանով` 2 որդիների, թոռների ու հարսների հետ: 24-ամյա աղջիկը զոհ գնաց երկրաշարժին:

Նա համոզված է, որ այս դժվար պայմաններում կարելի է ապրել միայն հողին եւ ոչ թե պետությանը ապավինելով. «Հողը մարդուն ծնել է, հողն էլ կարող է պահել նրան: Լիսանում է, գալիս եմ այստեղ»: Եվ 7-րդ տասնամյակի շեմին առույգ է պատանու նման: «Քրտինքն առողջ է պահում մարդուն», ասում է նա: Հենց դա էլ հնարավորություն է տալիս խորհրդային տարիների ավանդույթը պահպանելով շաքարավազը, ալյուրը, վերմիշելն ու ցորենը պարկերով եւ ոչ թե կգ-ներով գնել: Մնացածը` միրգ ու բանջարեղեն, դարձյալ հողն է տալիս:

Ժամանակակից քաղաքի եւ նահապետական գյուղի կենցաղը խառնվել է այսօրվա Սպիտակի նկարագրում: Ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանի նախագծած Կենտրոն թաղամասը եվրոպական քաղաքի փոքրիկ հատված է հիշեցնում: Քաղաքի կենտրոնում գերժամանակից նորակառույցներ են, քաղաքի մի ծայրից մյուսը սլանում են երթուղայինները, ուղեւորների մի մասը` սոցիալապես անապահովները, բժիշկներն ու ուսուցիչները քաղաքապետարանի տրամադրած կտրոններով անվճար են երթեւեկում: Երկրաշարժից առաջ Սպիտակը 9 հանրակրթական դպրոց ուներ, այսօր 9-ն էլ վերակառուցվել են: Վագոն տնակները քարաշեն կառույցներ տեղափոխելու հարցը լուծվել է, սակայն 5 դպրոցներ աշխատում են 3-4 հերթով, քանի որ վերակառուցվել են ընդամենը մեկական մասնաշենքեր: 2-րդ դպրոցի երկրորդ մասնաշենքը կառուցվեց ֆրանսիացիների օգնությամբ: Այսօր Հայ ավետարանչական եկեղեցին 35 հազար եվրո է տրամադրել նաեւ սպորտդահլիճի համար, եւս 25 մլն դրամ նախատեսվել է 4-րդ դպրոցի նորոգման համար: Սկսվել է նաեւ 3 դահլիճով եւ ժամանակակից հարմարություններով սպորտ-դպրոցի շինարարությունը: Քաղաքը նաեւ հրաշալի մշակույթի պալատ ունի:

Կամարաշար տաղավարներով, քանդակի, կերպարվեստի ու խճանկարի ստեղծագործական համակցություններով ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծած նոր հրապարակը կենսուրախություն է հաղորդում Սպիտակի նկարագրին` խորհրդանշելով մարդկային անսահման լավատեսությունն ու նույնիսկ այսպիսի սարսափելի աղետ տեսած քաղաքի վերակենդանալու ունակությունը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4