«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2005-08-30 | #154, 2005-08-31 | #155, 2005-09-01


ՄԱՐԶԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՆ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ

Արդեն գեղեցիկ ավանդույթ է դառնում միջազգային խոշոր մրցաշարերում հաջողության հասած հայ մարզիկներին դրամական պարգեւների արժանացնելը: Նման հերթական առիթն օրերս Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու աղջիկների առաջնությունն էր, որում մեր ութ ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճել էին 20 մեդալ: Հայ ծանրորդներից երկուսըՙ Տիգրան Մարտիրոսյանն ու Մելինե Գալուզյանը, նվաճել էին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Արծաթե մրցանակակիրներ էին դարձել Դավիթ Մուրադյանը, Սեւակ Սահակյանը, բրոնզե մեդալներով էին տուն վերադարձել Աննա Գովելյանը, Ռուբիկ Մամոյանը, Արա Անդրիկյանը եւ Աղվան Մելիքյանը:

Երեկ սպորտպետկոմում տեղի ունեցավ չեմպիոնների ու մրցանակակիրների եւ նրանց մարզիչների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհավորելով հայ ծանրորդներին նման մեծ նվաճման առթիվ, նշեց, որ նույնպիսի հաջողություն գրանցվել էր 1998 թ.: Այն ժամանակ մեդալներ նվաճած մեր ծանրորդներից շատերն այսօր ազգային հավաքականի կորիզն են կազմում: Իսկ Սոֆիայում մեր մարզիկներն իրոք գերազանցեցին բոլոր սպասելիքները: Առաջին անգամ հայ մարզուհին ճանաչվեց Եվրոպայի չեմպիոնուհի, ինչպես նաեւ առաջնության լավագույն ծանրորդուհի: Հետաքրքրական է, որ երբ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի նախաձեռնությամբ մարզիկներն արժանացան դրամական պարգեւների, տեղեկացավ լավագույն մարզուհի ճանաչվելու փաստի մասին, անմիջապես կրկնապատկեց Մելինե Գալուզյանի պարգեւըՙ հանձնելով 1000 դոլարին համարժեք դրամ: ՀԱՕԿ-ի նախագահն էլ իր կողմից շնորհավորեց ծանրորդներին, պատանիների եւ աղջիկների հավաքականների գլխավոր մարզիչներ Աշոտ Մխիթարյանին ու Օգսեն Միրզոյանին ու հույս հայտնեց, որ պատանիները կես ճանապարհին կանգ չեն առնի ու կշարունակեն մարզական առաջընթացը: Գագիկ Ծառուկյանը խոստացավ այսուհետեւ եւս աջակցել մարզիկներինՙ հաջողությունների հասնելու համար եւ ավելի խոշոր դրամական պարգեւների արժանացնել նրանց, ովքեր կդառնան մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ:

ՀԱՕԿ-ի նախագահն ընդգծեց, որ այս տարի բավական հաջողություններ են արձանագրվել ըմբշամարտում, ձյուդոյում, ծանրամարտում ու բռնցքամարտում: Կառավարությունն էլ ուշադրության կենտրոնում է պահում մարզադպրոցների վերանորոգման հարցերը: Շատ մարզադպրոցներ արդեն վերանորոգվել են եւ նոր ուսումնական տարին սպորտով զբաղվող երեխաները կդիմավորեն հարմարավետ մարզասրահներում: Գագիկ Ծառուկյանը նաեւ շնորհակալական խոսք ասաց ծանրամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Շահեն Հովասափյանի հասցեին, որի աշխատանքային կարճ գործունեությունն արդեն իր առաջին դրական արդյունքներն է տալիս: Վերջինս էլ շնորհավորելով ծանրորդներին ու նրանց մարզիչներին, հավաստիացրեց, որ ֆեդերացիան ամեն ինչ կանի մարզաձեւի հետագա զարգացումն ապահովելու ու նոր նվաճումների հասնելու համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն անդրադառնալով թիմի մրցելույթներին, նշեց, որ 3-4 ոսկե մեդալի հույս ուներ, սակայն մրցակիցներն իրոք ուժեղ էին, իսկ մեր մարզիկների նվաճած 20 մեդալները փայլուն նվաճում են: Նա իր շնորհակալությունը հայտնեց մարզաձեւի ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի եւ սպորտպետկոմի ղեկավարությանը, ինչպես նաեւ մարզադպրոցների տնօրեններին, բոլոր նրանց, ովքեր աջակցեցին հավաքականին ու նպաստեցին նման փայլուն նվաճմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4