«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2005-08-31 | #155, 2005-09-01 | #156, 2005-09-02


ԱՐՄԵՆԲԱՇԻ՞

Գնում եմ «Նեզավիսիմայա գազետայի» ամառնամուտի վերջին համարը եւ հենց առաջին էջում աչքիս հառնում է էկզոտիկ մի վերտառությունՙ Արմենբաշի: Այ քեզ բա՜ն, չլինի Սափարմուրադ Նիյազովը, լրիվ երջանկացնելով իր ժողովրդին, աչք է տնկել նաեւ հայոց գահի վրա: Բայց, փառք Աստծո, բոլոր թուրքմենների սիրասուն հայրը նման հեռահար նպատակներ չի հետապնդում. պարզապես նա, թերթի կարծիքով, կարող է իշխանաժառանգման իմաստով նախատիպ ծառայել... Ռոբերտ Քոչարյանի համար: Թեեւ ինձ թվում է, որ ներկայիս հայոց նախագահը եթե մտքում դրած էլ լիներ երկարաձգելու գահակալման իր սպառվող ժամկետը, ապա անպայման կհրաժարվեր մտահղացումից հենց միայն... Արմենբաշի չկոչվելու համար:

Եվ, այնուամենայնիվ, ինչի մասին է խոսքը: Բերեզովսկու գլխավորած «անկախ» թերթը քննության առարկա է դարձրել հայոց սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցը եւ հայ ընդդիմության մեկնաբանական աջակցության միջոցով փորձում է հանգել այն եզրակացությանը, որ այդ փոփոխությունները կարող են հիմք ծառայել նոր սահմանադրության համար, ինչն էլ Քոչարյանին հնարավորություն կտա իր օգտին գրանցելու եւս երկու ժամկետ (առայժմ խոսքը չի գնում սափարմուրադյան ցմահ գահակալության մասին): Թերթի համար նույնիսկ կարեւոր չէ, որ եթե նույնիսկ Քոչարյանը դնի իր թեկնածությունըՙ կընտրվի՞, թե՞ ոչ: Ահա եւ թերթի հարցման ենթարկված բոլոր մյուս անանուն ու անունով փորձագետները լուրջ չեն ընդունում նման վարկածըՙ առավել հավանական համարելով այն տարբերակը, որ նախագահը, իր ներկայիս պաշտոնավայրը զիջելով Սերժ Սարգսյանին, ինքը կբավարարվի վարչապետի պաշտոնով:

Բայց սա նրան հազիվ թե շնորհ տա կրելու Արմենբաշու պատվավոր կոչումը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հ. Գ. Առհասարակ «Նեզավիսիմայան» վերջին տարիներին առիթը բաց չի թողնում աղտեղություններ գրելու Հայաստանի մասին: Ըստ երեւույթին թերթին (Բերեզովսկուն) դուր չեն գալիս ռուս-հայկական բարվոք հարաբերությունները: Դրա փոխարեն նա գժի պես սիրում է Սաակաշվիլուն, Յուշչենկոյին, թեեւ անտարբեր չէ նաեւ Ալիեւի նկատմամբ: Բայց թերթը շանս ունի մտնելու մեր պատմության մեջ, եթե հայոց բառապաշարի մեջ մտնի... Արմենբաշի բառը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4