«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԱՏԱՐԿՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է, ՔԱՆ ՂԱՐԱԲԱՂԸ»

Գրում է թուրքական թերթը եւ ակամա պատասխանում Հայաստանի դատարկման մոլուցքով տառապող շրջանակներին

Պոլսահայերի «Հայ թերթ» ինտերնետային էջում առաջնահերթ նշանակություն է տրվում Հայաստանի, Հայկական հարցի եւ սփյուռքի վերաբերյալ թուրքական մամուլում լույս տեսած հրապարակումներին: Որպես կանոն «Հայ թերթը» նշում է ներկայացվող նյութի աղբյուրը, տեղն ու ամսաթիվը: Սեպտեմբերի 1-ին ինտերնետային այս թերթն իր էջում տեղադրել է «Ադրբեջանի դատարկումն ավելի լուրջ խնդիր է, քան Ղարաբաղը» խորագրով հոդվածը: Թեեւ որպես աղբյուր նշվել է թուրքական «Սթար» թերթըՙ հրատարակված հուլիսի 31-ին Ստամբուլում, բայց հոդվածագրի անունը մոռացության է տրվել:

Մինչդեռ հոդվածագիրը ղարաբաղյան հիմնահարցին ցույց է տալիս թուրքական իրականության համար միանգամայն անսովոր մոտեցում, Հայաստանի դատարկման համանուն թերթերի բացականչություններին պատասխանելիս միաժամանակ արժանի պատասխան է տալիս նաեւ հայկական այն շրջանակներին, որոնք ուռճացնում են երկրից արտագաղթած հայերի թիվը:

Այս ամենն առանձնակի նշանակություն է հաղորդում «Սթար» թերթի վերոհիշյալ հոդվածին, որն առանց կրճատումների ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.

«Մայր հայրենիքի վերաբերյալ խոսակցությունները մի կողմ, ես ամեն կերպ աշխատում են ճշմարտացի արտացոլել թուրքալեզու հանրապետությունների իրավիճակը հետխորհրդային շրջանում:

Մեզ բոլոր առումներով ամենասրտամոտն Ադրբեջանն է: Եկեք միասին, ելակետ ընդունելով անլուծելի դարձած ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը, անդրադառնանք ազգագրական այն կնճռին, որը չափազանց լուրջ մոտեցում է պահանջում:

Կազանում ԱՊՀ գագաթաժողովի հաջորդ օրըՙ օգոստոսի 27-ին հանդիպեցին Իլհամ Ալիեւն ու Ռոբերտ Քոչարյանը:

Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին մայիսի 16-ին Վարշավայում: Ինչպես միշտ, այս հանդիպման նախօրյակին եւս մոտալուտ հաշտեցման լուրեր էին տարածվում: Նույնը կատարվեց նաեւ Կազանի հանդիպումից առաջ: Բայց ապարդյուն, որովհետեւ կոնկրետ որեւէ քայլ չի կատարվել:

1993 թ. ապրիլի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Քելբաջարի ազատման պայմանավորվածություն էր ձեռք բերվել, եւ ճշտվել էր դրա ժամանակացույցը: Նախատեսվում էր, որ հայկական ուժերը շրջանից դուրս գան հուլիսի 15-ին: Սակայն, երբ Աբուլֆազ Էլչիբեյը հեղաշրջման արդյունքում տապալվեց, նրանք դուրս չեկան: Ադրբեջանի նորաստեղծ կառավարության առաջին ձեռնարկումը եղավ այն, որ Ղարաբաղում կռվող Ազգային ճակատի գրոհայիններին հետ կանչեց եւ ցրեց: Հեյդար Ալիեւն այդ օրերին ասել է. «Մեր բանակը չի կռվում»: Նույն թվին, հուլիսից հոկտեմբեր հայերը բացի Ղարաբաղից, Քելբաջարից եւ Լաչինից գրավեցին եւս 5 շրջանՙ Աղդամը, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն:

1994 թ. մայիսին Բիշքեկում հրադադար ստորագրվեց: Դրանով ստեղծվեց անորոշ վիճակ: Հայտնի չէրՙ Ադրբեջանը հանձնվե՞ց, պարտությո՞ւն կրեց, թե՞ հաղթեց:

Հայր Ալիեւը Քոչարյանի հետ դեմ առ դեմ 22 հանդիպում ունեցավ: Արդյունքի չհասան: ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովում Ալիեւը «Հայաստանը զավթել է Ադրբեջանը» հայտարարությամբ պատճառ դարձավ, որ եվրոպական այս կառույցի որոշմանը վետո դրվի, եւ դա ներկայացվի իբրեւ հերոսություն:

Այս դեպքն այնպես էր մատուցվել, որ այդ օրերին Բաքվում լույս աշխարհ եկած որոշ նորածիններին տրվեց Լիսաբոն անունը: Ավելին, Գյանջայի մարզպետը ժողովներից մեկում ասաց. «Մեր նախագահը Լիսաբոնի «Սամմիտ» քաղաքում հերոսություն կատարեց», դրանով էլ դարձավ երգիծական հանդեսի հերոսը:

Փախստականների ճամբարում Հեյդար Ալիեւը նույնիսկ ընդգծեց, որ հայերը դրսում շատ ուժեղ են, այդ իսկ պատճառով մենք չենք կարող պատերազմել նրանց հետ (2002 թ.): Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսքը մշտապես կտուրը գցեց: Ադրբեջանի համար նա անընդունելի պայմաններ առաջադրեց եւ կտրականապես մերժեց Թուրքիայի միջնորդությունը:

Հայաստանի խորհրդարանի երկօրյա նիստում (2005 թ. ապրիլի 18-19-ին) պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մատնանշեց. «Հայկական երկրորդ պետության հզորացման համար հնարավոր ամեն ինչ անելու ենք եւ թույլ չենք տալու, որ մեր թշնամինՙ Թուրքիան հանդես գա միջամտությամբ»:

Մայիսի 15-17-ը Եվրոմիության վարշավյան գագաթաժողովում երկու երկրների նախագահները հանդիպումները շարունակելու հրահանգ տվեցին իրենց արտգործնախարարներին: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գծով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը հայտարարեց. «Համաձայնությունը կարող է ձեռք բերվել օգոստոսին»: Օգոստոսի 23-24-ինՙ Կազանում նախագահների հանդիպումից առաջ Մոսկվայում հանդիպեցին երկու արտգործնախարարները: ինչպես միշտՙ ջուր ծեծվեց:

Կարճ ասած, կարգավորման գործընթացն անխափան շարունակվեց: Սակայն որեւէ արդյունք չի արձանագրվել: Հայաստանն այդ հարցում ավելի հզոր երեւաց: Ռուսաստանը միշտ Հայաստանին թիկունք կանգնեց: Հիմա անդրադառնանք բուն խնդրին: Անընդմեջ գրում-ջնջում են, թե Հայաստանում ընդամենը 2 միլիոն մարդ է մնացել: Մինչդեռ մեդալը երկրորդ երես էլ ունի: Դատարկվում է նաեւ Ադրբեջանը: 1993 թ.-ից մինչ այսօր 3 միլիոն մարդ այնտեղից Ռուսաստան է գաղթել: Նույնիսկ Շվեդիայում ադրբեջանցի փախստականներն իրենց թվով գերազանցում են մնացած բոլոր երկրների փախստականներին: Այս երկում ավելի քան 2 հազար ադրբեջանցի կա: Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակով բնակվում են 200 հազար ադրբեջանցիներ: Նրանցից եւս 200 հազարը Թուրքիայում են, 300 հազարըՙ Ուկրաինայում, իսկ 100 հազարըՙ Իրանում:

Այսինքնՙ 8 միլիոնանոց Ադրբեջանի բնակչությունը մի ակնթարթում կրճատվել է գրեթե կիսով չափ: Իսկ ընտրությունները մոտենում են, եւ այդ առումով ասելիքներ դեռ կունենանք»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4