«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ «ԱՍՏՂԵՐԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մարկո վան Բաստենի գլխավորած հավաքականն առայժմ անպարտելի է

Այսօր հիրավի մեծ ֆուտբոլի օր է Երեւանում: Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում այսօր ժամը 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի հոլանդական ֆուտբոլի «աստղերին»: Իսկ ավելի վաղՙ ժամը 16-ին «Հրազդան» մարզադաշտում մրցավեճի կբռնվեն նույն երկրների երիտասարդական հավաքականները:

Երեկ առավոտյան մեր հավաքականը վերջին մարզումն անցկացրեց, որից հետո գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը կարճատեւ մամուլի ասուլիս հրավիրեց: Նա ընդհանուր առմամբ գոհ է նախապատրաստության ընթացքից, ֆուտբոլիստների վերաբերմունքից, որոնք քրտնաջանորեն են մարզվում: Վիսմանն արդեն կողմնորոշվել է մեկնարկային կազմի հարցում, որը կհրապարակի խաղի օրը: Ցավոք, վնասվածքի պատճառով հանդիպմանը չի կարող մասնակցել Համլետ Մխիթարյանը: Գլխավոր մարզիչը գովեստի խոսքեր հղեց Արամ Հակոբյանի հասցեին, ով առաջնության հանդիպումներում ու եվրոգավաթներում իրեն լավագույն կողմերով դրսեւորեց եւ իր հաստատուն տեղը գրավեց հավաքականում: Ըստ Վիսմանի, հոլանդացիների հետ խաղում կիրառելու են 4+4+2 տակտիկական խաղաոճը, որը փորձարկել էին Հորդանանի հետ ընկերական խաղում: Հոլանդացի մասնագետը նաեւ նշեց, որ առաջիկա խաղում փորձելու են դժվարություններ ստեղծել մրցակցի համար:

Անկասկած, հոլանդական ֆուտբոլն այսօր աշխարհում ուժեղագույններից մեկն է: Հոլանդիայի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային վերջին ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Բրազիլիայի եւ Արգենտինայի ընտրանիներից հետո: Իսկ սա նշանակում է, որ ներկա պահին մեր հավաքականի մրցակիցը Եվրոպայի ուժեղագույն հավաքականն է:

Հոլանդական ֆուտբոլն իր մասին խոսել տվեց անցյալ դարի 70-ական թվականներին, երբ հանրահայտ մարզիչ Ռինուս Միխելսիՙ տոտալ ֆուտբոլի կնքահոր գլխավորությամբ երկրի ազգային հավաքականը երկու անգամ նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը, դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր: Տոտալ ֆուտբոլի հաջորդ սերունդը եւս հետ չմնաց իր նախորդներից: 1988 թ. Հոլանդիայի հավաքականը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իրենց վարպետ խաղով հատկապես աչքի ընկան Ռուդ Գուլիտը, հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը եւ ներկայում «Բարսելոնը» գլխավորող Ֆրանկ Ռայկարդը: Հոլանդական ֆուտբոլի ներկայիս սերունդը եւս բավականաչափ տաղանդաշատ է: Թեեւ Մարկո վան Բաստենը զգալիորեն երիտասարդացրել է հավաքականի կազմը, սակայն անվանի վետերանները շարունակում են իրենց հաջող մրցելույթները: Այսօր հոլանդացիների կազմում ամենափորձառուները 35-ամյա դարպասապահ Էդվին վան դեր Սարն ու նույն տարիքի կիսապաշտպան Ֆիլիպ Կոկուն են: Սարը հավաքականում անցկացրել է 101 խաղ, Կոկունՙ 91: Պաշտպանությունում առավել փորձառուն 30-ամյա Ջովանի վան Բրոնկհորստն է: «Բարսելոնի» ֆուտբոլիստը հոլանդացիների կազմում մասնակցել է 50 հանդիպմանՙ խփելով 3 գնդակ: Հարձակման գծում փորձառուների հետ մեկտեղ հաջողությամբ են հանդես գալիս երիտասարդները: Ներկայում լավ մարզավիճակում են «Բավարիայի» գրոհների առաջատար Ռոյ Մաքայը եւ «Մանչեսթր յունայթեդի» ռմբարկուներից մեկըՙ Ռուդ վան Նիստելռոյը: Վերջինս Հոլանդիայի հավաքականի ներկա կազմից բոլորից շատ գոլեր է խփել ազգային թիմում: Նա 43 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ: Իսկ ահա Ռոյ Մաքայն առայժմ չի կարողանում իրեն լիովին դրսեւորել հավաքականում: Նա եւս 43 խաղ է անցկացրել, սակայն ընդամենը 6 գոլի հեղինակ է դարձել: Ի դեպ, Մաքայի մասնակցության հարցն առայժմ անորոշ է, քանի որ հավաքականի վերջին մարզումներից մեկի ժամանակ վնասվածք է ստացել: Երիտասարդ ֆուտբոլիստներից մեծ հեռանկար ունի «Չելսիում» հանդես եկող Արիեն Ռոբենը: Նա 15 խաղում արդեն 6 գոլ է խփել:

Իհարկե, Հոլանդիայի հավաքականը չես համեմատի մեր ընտրանու հետ: Տպավորիչ է հոլանդացիների անցկացրած խաղերի հաշվեկշիռը: Հավաքականների մակարդակով նրանք 630 խաղ են անցկացրել, որից 299-ում հաղթել են, 142-ն ավարտել են ոչ-ոքի, 189-ում պարտվել են: Այդ խաղերում հոլանդացիները 1301 գոլ են խփելՙ սեփական դարպասը բաց թողնելով 887-ը: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը, որ հիմնադրվել է 1992 թ., մինչ օրս ընդամենը 87 խաղ է անցկացրել (+17=21-49, 65-159): Անշուշտ, հոլանդացիները կձգտեն Երեւանում զարգացնել հաջողությունն ու ամրապնդել առաջատարի իրենց դիրքերը: Եթե նրանց հաջողվի հաղթել, ապա դա կլինի հոբելյանականՙ 300-րդ հաղթանակը: Ի դեպ, Մարկո վան Բաստենի գլխավորությամբ Հոլանդիայի ընտրանին առայժմ չի պարտվել: Անցկացրած 12 հանդիպումներից 8-ն ավարտվել է հոլանդացիների հաղթանակով, 4-ում գրանցվել է ոչ-ոքի: Համաշխարհային ֆուտբոլի «աստղերից» ոչ բոլորին է հաջողվում հետագայում իրենց դրսեւորել նաեւ մարզչական գործունեությունում: Մարկո վան Բաստենը, որ 3 անգամ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստՙ արժանանալով «Ոսկե գնդակին», ապացուցում է, որ որպես մարզիչ էլ կարող է նշանակալի հաջողությունների հասնել:

Իհարկե, զուտ մարզական առումով հոլանդացիների հետ հանդիպումը մեր հավաքականի համար առանձնակի նշանակություն չունի: Մեր ֆուտբոլիստները վաղուց են ձախողել ընտրական մրցաշարը: Մնում է, որ կորցնելու ոչինչ չունեցող մեր ընտրանին գոնե արժանավայել խաղ ցուցադրի:

Մրցաշարային աղյուսակ

1-ին խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Հոլանդիա871020-322
2. Չեխիա870128-721
3. Ռումինիա1061317-1019
4. Ֆինլանդիա840416-1412
5. Մակեդոնիա1022610-198
6. Հայաստան91175-204
7. Անդորրա91174-274

Այսօր կկայանան նաեւ Ռումինա-Չեխիա, Անդորրա-Ֆինլանդիա հանդիպումները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4