Նյու Յորքում իրենց մրցավեճն են շարունակում թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության մասնակիցները: Երկրորդ փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեց մրցաշարի ամենափորձառու մասնակիցներից մեկըՙ Անդրե Աղասին: Խորվաթ Կառլովիչի հետ մրցավեճը չափազանց համառ ստացվեց: Բոլոր երեք խաղափուլերում էլ հաղթողը որոշվեց թայ-բրեյքում: Աղասին ընդամենը մեկ միավորի տարբերությամբ հաղթեց մրցակցին: Մրցաշարի ինտերնետային կայքի հարցման արդյունքներով Անդրե Աղասին ճանաչվել է ուրբաթ օրվա լավագույն թենիսիստ:
Սեփական հարկի տակ հաջող են հանդես գալիս նաեւ ամերիկացի Բլեյքն ու Ջինեպրին, որոնք հաղթելով համապատասխանաբար Անդրեեւին ու Միլլերին, շարունակում են պայքարը, իսկ ահա Սպեյդին զիջեց արգենտինացի Կորիային, Բեյկերը պարտվեց Մալիսին: Ռուսաստանցի թենիսիստներից հաջողությունն ուղեկցեց Միխայիլ Յուժնուն, որն առավելության հասավ շվեդ Բյորկմանի նկատմամբ: Երրորդ փուլի ուղեգիր են նվաճել նաեւ Գրոժանը, Ռոբրեդոն, Գասկեն, Լյուբիչիչը, Բերդիխը, Հաասը, Սոդերլինգը:
Կանանց մրցաշարում հաջող են հանդես գալիս ռուսաստանցի թենիսիստուհիները: Երկրորդ փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին Դեմենտեւան, Միսկինան, Լիխովցեւան, Չակվետաձեն: Ուժեղագույն թենիսիստուհիներից հաջորդ փուլ են մտել նաեւ Դեւենպորտը, Էնենը, Մորեսմոն, Դեշին, Պիրսը: Թենիսի կանանց եւ տղամարդկանց ընկերակցությունները եւ ԱՄՆ-ի թենիսի ֆեդերացիան հայտարարել են, որ հնարավորինս կաջակցեն «Կատրինա» փոթորկից տուժածներին: Թենիսի ԱՄՆ-ի ֆեդերացիան փոթորկից տուժածների հիմնադրամին արդեն փոխանցել է 500 հազար դոլար: Տուժածներին օգնելու իր յուրօրինակ առաջարկն է կատարել ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Նա երեկվանից մրցաշարում վաստակած յուրաքանչյուր միավորի դիմաց այդ հիմնադրամին կփոխանցի 100-ական դոլար: Այս ակցիան կշարունակվի մինչեւ տարեվերջ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ