Լոնդոնի «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբն ու «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 3-5-ը անցկացրեցին սեմինարՙ փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողների համար: Սեմինարավարներ Թիմ Գրաութ-Սմիթը (Լոնդոն), Լիլի Պոբերեժսկայան (Ուկրաինա) եւ Էլինա Պողոսբեկյանը (Հայաստան) առաջին 2 օրերին աշխատեցին Երեւանի եւ Գյումրու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Գործնական ու աշխույժ մթնոլորտում նրանց հաջողվեց մեկ անգամ եւս պարզել, թե որոնք են լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների արդյունավետ աշխատանքին խանգարող հանգամանքները: Լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների մեկմեկու աշխատանքին տված դրական եւ բացասական գնահատականները հավասարազոր էինՙ 2 պլյուս եւ 10 մինուս: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհությունների մեջ նշված էր, որ որոշ լրագրողներ իրենցից գումար են պահանջում կազմակերպության աշխատանքները լուսաբանելու համար: Հարցի վերաբերյալ տեսակետներ արտահայտող լրագրողներից մեկն, օրինակ, համոզված էր, որ հասարակական կազմակերպություններին հատկացված դրամաշնորհային ծրագրում գումար է հատկացվում նաեւ լրագրողների համար, որը սակայն ծախսվում է ասուլիսների վրա: Ի դեպ, սեմինարի ամենաուսանելի դասերից մեկը, հատկապես հասարակական կազմակերպությունների համար, «մամուլի ասուլիս» վարժությունն էր, որի վրա նրանք թեպետ աշխատել էին բավականին ջանադրորեն, սակայն ռիթմի զգացողությունը դարձյալ բավարար չէր: Գրեթե բոլոր ասուլիսներին բնորոշ երկարաձգված խոսքից նրանց չէր հաջողվել հրաժարվել անգամ մասնագետների խորհրդով առաջնորդվելիս: Դրա կողքին նրանք սովորեցին շատ գնահատելի մի բանՙ խոսել ոչ միայն կատարված հետազոտությունների չոր տվյալները մեջբերելով, այլեւ իշխանավորների ու հասարակության ուշադրությունից դուրս մնացած, օգնության կարոտ մարդկանց մասնակից դարձնելով: Կոնկրետ այս դեպքում հարցն առնչվում էր տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների անտեսմանը:
ՀԿ-ների ներկայացուցիչներից ոմանք անկեղծորեն նշեցին, որ լրագրողների մասին իրենց բացասական կարծիքը սեմինարի ընթացքում էականորեն փոխվեց, ինչն այսուհետեւ դյուրին կդարձնի համատեղ աշխատանքը:
Ռ. Պ.