«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2005-09-02 | #157, 2005-09-03 | #158, 2005-09-06


ՄԻԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԵՍ ՀԱՍՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈԼԱՆԴԻԱՙ 0-1 (0-0)

3 սեպտեմբերի, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ:

Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Ռոմիկ Խաչատրյան, Աղվան Մկրտչյան, Սամվել Մելքոնյան (Վալերի Ալեքսանյան, 84), Կարեն Ալեքսանյան, Արամ Հակոբյան (Արամ Ոսկանյան, 80), Էդգար Մանուչարյան (Արա Հակոբյան, 18):

Հոլանդիա- Էդվին վան դեր Սար, Յան Կրոմկամպ (Յան Վենեգոր օֆ Հեսելինկ, 63), Խալիդ Բուլահրուզ, Բարի Օպդամ, Ջովանի վան Բրոնկհորստ, Հեդվիգես Մադուրո, Դիրկ Կույտ, Դանի Լանդզատ (Վեսլի Սնեյդեր, 52), Ռուդ վան Նիստելռոյ, Ֆիլիպ Կոկու, Ռոբին վան Պերսի (Ռաֆայել վան դեր Վարտ, 75):

Գոլըՙ Նիստելռոյ (63):

Զգուշացվեցին Կրոմկամպն ու վան Բրոնկհորստը:

Մեծ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումը մարզական առումով կարեւոր էր միայն հոլանդացիների համար, որոնք պայքարում են աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգրի համար: Հաշվետու խաղում հոլանդացիների կազմում բացակայում էին Ռոյ Մաքայն ու Արիեն Ռոբենը, ինչը զգալիորեն թուլացրել էր հյուրերի հարձակողական ներուժը: Մեր հավաքականում էլ զգացվում էր Համլետ Մխիթարյանի բացակայությունը, ով օժտված է խաղը կազմակերպելու հմտությամբ:

Լավ գիտակցելով, որ մրցակիցը բավական ուժեղ է, ՀՀ հավաքականի մարզիչներն ընտրել էին պաշտպանական տակտիկաՙ հիմնական ուշադրությունը դարձնելով սեփական դարպասի անառիկությանը: Ընդհանուր առմամբ մեր ֆուտբոլիստներին հաջողվեց կատարել առաջադրանքըՙ բավական հաջող դիմագրավելով մրցակցի գրոհներին: Անշուշտ, մեր հավաքականում լավագույնը դարպասապահ Ռոման Բերեզովսկին էր, որը մի քանի դրվագներում պարզապես հիացրեց իր վարպետությամբՙ հետ մղելով Նիստելռոյի, Կույտի, Կոկուի չափազանց վտանգավոր հարվածները: Սակայն նա էլ անզոր գտնվեց, երբ բազմաքայլ կոմբինացիայից հետո Նիստելռոյը շրջադարձ հարվածով, ընթացքից գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Այդ միակ գոլն էլ հաղթանակ պարգեւեց հոլանդացիներին:

Եթե պաշտպանությունում մեր ֆուտբոլիստներն ինչ-որ չափով հաջող խաղացին, ապա հարձակողական գործողություններն իսպառ բացակայում էին: Առջեւի գծում գործող Էդգար Մանուչարյանը, ապա նրան փոխարինած Արա Հակոբյանը, ինչպես նաեւ Արամ Հակոբյանն այդպես էլ չկարողացան գոնե մեկ անգամ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Իսպառ բացակայում էր կոմբինացիոն խաղը, չգտնվեց մեկը, որ կազմակերպեր խաղընկերների խաղը, նրանց գրոհի առաջնորդեր: Նախորդ հանդիպումներում էլ մեր հավաքականը պարտվել էր, սակայն աչքի էր ընկել հարձակողական գործողություններով: Այս անգամ առջեւի գծում մեր հավաքականի խաղը պարզապես հիասթափեցրեց: Միակ գոլային պահը հոլանդացիների դարպասին ստեղծվեց 21-րդ րոպեին, այն էլ հյուրերի սխալի հետեւանքով, սակայն Արա Հակոբյանը չկարողացավ օգտվել դրանից:

Այսպիսով, Հենկ Վիսմանի գլխավորությամբ մեր հավաքականն ընտրական մրցաշարում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ զբաղեցրեց վերջին հորիզոնականը, քանի որ Անդորրայի ընտրանին սեփական հարկի տակ ոչ-ոքի (0-0) խաղաց ֆինների հետ: Զգալիորեն սրվեց պայքարը 2-րդ տեղի համար: Դրան նպաստեց ռումինացիների հաղթանակը չեխերի նկատմամբ (2-0): Երկու գոլերն էլ իր օգտին գրանցեց Ադրիան Մուտուն: Ներկայացնենք խաղի վերաբերյալ մարզիչների կարծիքները:

Մարկո վան Բաստեն (Հոլանդիա)- Հանդիպմանը նախապատրաստվելիս դժվարությունների հանդիպեցինք: Վնասվածքների պատճառով խաղին չմասնակցեցին Մաքայն ու Ռոբենը: Չէի սպասում, որ դժվար խաղ կստացվի ու դժվարությամբ կհաղթենք: Մրցակիցը լավ կազմակերպված խաղ ցուցադրեց, մեզ ազատ գործելու հնարավորություն չէր տալիս: Արդյունքից գոհ եմ, խաղի որակիցՙ ոչ: Ուրախ եմ հավաքականի ցույց տված ընդհանուր արդյունքի համար: Նույն ձեւով պիտի շարունակենք հանդես գալ:

Հենկ Վիսման (Հայաստան)- Հոլանդիան հզոր թիմ է եւ նրա դեմ միայն կոլեկտիվ խաղով կարելի է պայքարել: Մենք լավ սկսեցինք խաղը, սակայն, ցավոք, Մանուչարյանը վնասվածք ստացավ, իսկ նրան փոխարինած Արա Հակոբյանն առջեւի գծում լավ չէր գործում: Հոլանդացիները վտանգավոր մի քանի պահեր ստեղծեցին, բայց Բերեզովսկին իր տեղում էր: Առաջին խաղակեսում կոլեկտիվ խաղի շնորհիվ հաջողվեց վնասազերծել մրցակցին: 2-րդ խաղակեսում չհաջողվեց նույն ձեւով գործել, դրա համար բավական ուժ էր անհրաժեշտ: Փորձում էինք մամլիչ գործողությունների դիմել, բայց բավականաչափ արդեն հոգնել էինք: Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստները բարձր կարգապահություն դրսեւորեցին: Երբ Հեսելինկը խաղադաշտ մտավ, հոլանդացիների հարձակողական գործողություններն ավելի ակտիվացան, եւ դա ի վերջո տվեց իր արդյունքը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Հոլանդիա981021-325
2. Ռումինիա1171319-1022
3. Չեխիա970228-921
4. Ֆինլանդիա941416-1413
5. Մակեդոնիա1022610-198
6. Անդորրա101274-275
7. Հայաստան101185-214

Ընտրական հերթական հանդիպումները կկայանան սեպտեմբերի 7-ին: Այդ օրը ՀՀ հավաքականը կհյուրընկալվի Չեխիայի ընտրանուն: Ընտրական 1-ին խմբում կկայանան նաեւ Հոլանդիա-Անդորրա, Ֆինլանդիա-Մակեդոնիա մրցախաղերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4