Դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները երեկ այդպես էլ չհայտնվեցին մայրաքաղաքի Բուզանդի փողոցում բարիկադներ խփած վերջին ընտանիքներին վտարելու: Իրենց ավերված տների փլատակների մոտ արդեն մի քանի օր նստադուլ անող բնակիչներին վաղ առավոտից միացել են Արամի, Կողբացու, Աբովյան, Ամիրյան փողոցների բնակիչները, ինչպես նաեւ ուսանողներ, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանց մեջ են եղել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը, ԱԺՄ, «Հանրապետություն» կուսակցությունների եւ ԺՏԵՄ միության անդամները:
Մի քանի անգամ հավաքվածներին մոտեցած ոստիկանները լուռ հեռացել են: Որեւէ միջադեպ երեկ տեղի չի ունեցել, քանի որ բնակիչներին այնտեղից վտարելու փորձ չի արվել: Բուզանդի 15 շենքի բնակիչները սպառնացել են բենզին լցնել ԴՀԱԿ-ի աշխատակիցների վրա, եթե հանկարծ հայտնվեն ու փորձեն վտարել իրենց: Այսօր ժամը 19-ին ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը, որը Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնորդն է, Բուզանդի փողոցում կանցկացնի հանրահավաք:
Ռ. Պ.