Վերջին ժամանակներս իրենց հեղինակային իրավունքներին տեր կանգնելու փորձ անող երգիչների հրապարակային ելույթները որեւէ անձի դեմ չեն, որեւէ մեկին նսեմացնելու նպատակ չունեն: Արվեստագետներն ընդամենը կամենում են տեր կանգնել իրենց իրավունքներին ու պատնեշ դնել իրենց ձայներիզներից ստացված շահույթը «գրպանողների» ճանապարհին: Ժուռնալիստների միությունում երեկ հրավիրված ասուլիսում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ստիպված եղավ այս մասին հստակորեն հայտարարել, քանի որ «Ռեկո-ռեկորդս» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանի հարցերը հասկանալի պատճառներով ամբողջապես ուղղված էին 6-րդ վարչության գործելակերպի դեմ:
«Հայ հեղինակ» կազմակերպության ղեկավար Սուսաննա Ներսիսյանը նշեց, որ թեպետ 2001 թվականից իրենք պարբերաբար զգուշացնող գրություններ են ուղարկել ձայներիզներ արտադրող ֆիրմաներին, սակայն դրական որեւէ փոփոխություն չի գրանցվել: Անցած տարվանից կեղծ ձայներիզների շուկան վերահսկում է Հայաստանի ոստիկանության 6-րդ վարչությունը, որին իրենք դիմել են իրավիճակը օբյեկտիվ ներկայացնելու խնդրանքով:
Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի ասելով, արդեն շրջանառության մեջ է դրվել հեղինակային իրավունքի նոր օրենքի նախագիծը, որն այս ամսվա վերջին կդրվի կառավարության քննարկմանը եւ հաջորդ տարվանից կունենանք օրենք, որով խստագույնս կպատժվի մեզանում արդեն անսանձելի դարձած «պիրատությունը»:
«Երգիչների համար համերգը գովազդ է, նրանք փող են աշխատում CD-ներով: Մեզանում լրիվ հակառակն է: Այս տարի մեկնել էի Մ. Նահանգներ, իմ ձայներիզների վաճառքից այնտեղ ստացա 25 հազար դոլար, ստիպված եղա երգել հազար ու մի փոքրիկ ռեստորաններում, որի ոչ հավեսը ունեմ, ոչ էլ տարիքը: Եթե այստեղ ոստիկանությունը չպատժի մեր հեղինակային իրավունքները խախտող թափթփուկներին, ես ենթադրում եմ, որ այդ ֆունկցիան իրենց վրա կվերցնեն «անհատ ձեռներեցները»: Դուք հասկանում եք, ինչ եմ ասում: Շատերը երեւի «Կնքահայր» ֆիլմի միայն առաջին մասն են տեսել, վերջինը չեն տեսել: Այն բալիկները, որ այդ գործերը անում են, թող պատկերացնեն, թե ինչ կարող է պատահել իրենց ստուդիաների հետ: Այսինքնՙ ինչ տրամաբանությամբ իրենք են գործում, նույնը իրենց կփոխանցվի: Հայաստանում բռի կապիտալիզմ է եղել թե՛ նախորդ կառավարության ժամանակ, թե՛ ներկայիս», ասաց Ռուբեն Հախվերդյանը:
Երգահան, նկարիչ Մարտին Ահարոնյանը նկատեց, որ իրեն չի հետաքրքրում է, թե ով է վերահսկում հայաստանյան «պիրատությունը», ինքը միայն ցանկանում է ազատվել մի երեւույթից, որն այսօր լուծված է նույնիսկ աֆրիկյան երկրներում: «Գրեթե բոլոր երկրներում «պիրատության» համար սահմանված են մեծ տուգանքներ, ոչ մի տեղ դրանով զբաղվողներն անպատիժ չեն մնում: Ամբողջ աշխարհում այդ հարցերը լուծվում են նրանց գրպանին խփելով»:
Իր հեղինակային իրավունքները պաշտպանելու համար երգահան բանաստեղծ Վահան Անդրեասյանը վերջին տարիներին դիմել է տարբեր անձանց ու կազմակերպությունների, սակայն դրական որեւէ արդյունքի չի հասել: «Մեր միակ ելքը բողոքելն է, առայժմ ուրիշ միջոց չունենք: Քանիցս դիմել ենք դատարան, բայց մեր հայցերը մերժվել են, ընթացք չեն ստացել, քանի որ դրանց միջամտել են պետական պաշտոնյաները: Կոնկրետ ես հայց եմ ներկայացրել Արթուր Գրիգորյանի երգի պետական թատրոնի դեմ, քանի որ վերջինիս թողարկած սկավառակների մեջ տեղ են գտել նաեւ իմ խոսքերով երգեր, որոնց համար ես գումար չեմ ստացել: Հասույթ չեմ ստացել նաեւ համերգներից, փառատոներից»:
Ներկա պահին երգիչներն ու երգահաններն իրենց բողոքները ներկայացնում են «Հայ հեղինակին», վերջինս էլՙ ոստիկանության 6-րդ վարչությանը, որը, «Ռեկո- ռեկորդսի» տնօրենի ասելով, երբեք չի դիպել Հայաստանի առաջին «պիրատ» «Կարեն ստուդիոյի» շահերին, քանի որ նրա ղեկավարը 6-րդ վարչության պետ Աշոտ Գիզիրյանի սանիկն է: «Բոլորի աչքերը կապելու համար 6-րդ վարչությունը երեկ նրան բռնել է, բայց մի քանի օրից կասի ոչ մի խախտում չկա ու բաց կթողնի: Իմ դեմ ոչ մի երգիչ չի բողոքել, 6-րդ վարչությունը որոշել է փակել մեր ընկերությունը ՙ խորհուրդ տալով պայմանավորվել: Ո՞ւմ հետ, գուցե իրե՞նց»:
Թեպետ լրատվամիջոցները քանիցս անդրադարձել են «Ռեկո-ռեկորդս» ստուդիայի բողոքներին, 6-րդ վարչությունն առայժմ լռություն է պահպանում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ