Հարյուր թուրք «գիտնականներ» են աշխատակցում Թուրքիայի տարբեր հիմնարկություններում, կենտրոններում ու հաստատություններում գրելու եւ հրատարակելու համար գրքեր եւ հոդվածներ ընդհանրապես հայկական հարցերի, մասնավորապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Թուրք կառավարությունից անմիջականորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվող այդ կենտրոնների կամ հաստատությունների մեծ մասը ստեղծվել է հակահայ քարոզչություն ծավալելու նպատակով: Դրանցում գրքեր, հոդվածներ են գրվում, որոնք տասնյակ օտար լեզուներով թարգմանվում եւ ուղարկվում են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող գրադարաններին, լրագրողներին, գիտնականներին ու խորհրդարանակներին: Բայց հակառակ այս քարոզչական «պատերազմի» վրա ծախսված միլիոններիՙ թուրքական կառավարությունը դեռեւս գոհ չէ ձեռք բերածից: Անցյալ ամիս Թուրքիայի արտգործնախարար Գյուլը հայտարարեց, որ Անկարան ավելի մեծ գումարներ է հատկացնելու այդ նպատակին: Անկարայում տեղադրված քարոզչական այդ հաստատություններից մեկը կոչվում է «Հայկական հետազոտությունների ինստիտուտ» (Էրմենի արաշթիրմալարի էնստիտուսու) եւ մաս է կազմում «Եվրասիական մարտավարական ուսումնասիրությունների կենտրոնի»: Այս «ինստիտուտը» 2001-ից մի պարբերական է հրատարակում, որն ամբողջությամբ նվիրված է հայերին վատաբանելու գործին: Անցյալ շաբաթ թուրքական ֆորումի վարչականներից Ֆաթմա Շարիքայան անգլերեն էր թարգմանել եւ ֆորումի կայքէջում զետեղել ամերիկահայ քարոզչության վերաբերյալ դոկտ. Սենոլ Քանտարչիի հոդվածը, որը 2001 թ. հրատարակվել էր հայկական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) պարբերականում «Հայկական լոբբին: Հայկական սփյուռքի ստեղծումը Ամերիկայում եւ լոբբիի գործունեությունը» վերնագրով: Թուրքերենով լույս տեսած այս հոդվածն այնքան էլ մեծ ուշադրության չէր արժանացել, մինչդեռ Շարիքայայի անգլերեն տարբերակըՙ իր վերամշակված «Ամերիկայի հայկական լոբբիի ծախսած գումարները: Միայն 1994-ին Ամերիկայի հայկական համագումարը ծախսել է 7 մլն դոլար Կոնգրեսում քարոզչության համար» վերնագրով, սենսացիոն արագությամբ լայն արձագանքներ ունեցավ: Եվ զարմանալի չէ, որովհետեւ այնտեղ պատմական եւ փաստագրական այնպիսի աղաղակող սխալներ կան, որ նույնիսկ դպրոցական աշակերտը չէր անի:
Քանտարչին գրում է, որ հայ ուսանողները, որոնք 1840-ականներին Մ. Նահանգներ են ժամանել, «թուրքերի հանդեպ ատելությամբ են մեծացել եւ հակառակ իրենց փոքր թվին, կարողացել են հակաթուրք տրամադրություններ առաջացնել Ամերիկայում»: Հեղինակի միտքն այն է, որ հայերը թուրքերի դեմ քարոզչությամբ զբաղվում են ավելի քան 165 տարի: Սակայն Քանտարչին չի նշում, թե ինչո՞ւ էին այդ երիտասարդներն այդքան վատ տրամադրված թուրքերի հանդեպ, ի՞նչ էին արել թուրքերը նրանց կամ նրանց ընտանիքներին դեռ ցեղասպանությունից շատ առաջ:
Արդարացնելու համար թուրքական քարոզչության ակտիվացման պահանջները, Քանտարչին այնուհետեւ գրում է. «Հայկական հարյուրավոր քարոզչական խմբեր ստեղծվեցին Ամերիկայում: Ընդհանուր թիվն ուղղակի ապշեցնող է, եթե հաշվի առնենք, որ ամեն մեկն ունի իր մասնաճյուղերը երկրի տարբեր մասերում: Բացի կրոնական խմբավորումներից, հայկական հաստատությունների թիվը 1.046 է: Կրոնականների հետ այդ թիվը հասնում է 1.228-ի, նրանց բոլորի նպատակն է ծավալել հակաթուրք քարոզչություն»:
Քանտարչին պնդում է, որ մինչ հայերի թիվն Ամերիկայում տատանվում է 800 հազարից 1 միլիոնի միջեւ, «նրանց ներկայացուցչությունը Կոնգրեսում անհամեմատ բարձր է»: Սա բացահայտ սուտ է, քանի որ Սենատում ոչ մի ամերիկահայ չկա, իսկ Ներկայացուցիչների պալատի միայն երկու անդամները կիսով չափ հայկական ծագում ունեն:
Ամերիկահայ կազմակերպությունների անունները ճշգրիտ չնշելուց բացի, հեղինակն իր ամենամեծ սխալն է կատարումՙ պնդելով, որ «միայն 1994-ին հայկական համագումարը ծախսել է 7 մլն դոլար, մեծ մասը Կոնգրեսումՙ քարոզչության համար»:
Այս թիվն այնքան մեծ ազդեցություն է գործել, որ մի թուրք հոդվածը կարդալուց հետո թուրքական մի կայքէջում գրել է, որ չնայած բաստուրմա շատ է սիրում, բայց ստիպված է հրաժարվել, քանի որ հայերն են պատրաստում, եւ բաստուրմային տված գումարի մի մասը հավանաբար գնալու է քարոզչական աշխատանքներին:
Անմիջապես նշեմ, որ բոլոր հայկական կազմակերպությունների ծախսած ընդհանուր գումարը նույնիսկ նշված 7 մլն դոլարի մի փոքրիկ մասնիկը չի կազմում:
Վերջին 3 տարիների հրատարակած տվյալներովՙ հայկական համագումարը 2003 թ., քարոզչության նպատակներով ծախսել է ընդամենը 30 հազար դոլար, 2002-ինՙ 27 հազար դոլար եւ 2001-ինՙ 100 հազար դոլար: 1994-ին կառավարական, իրավական եւ քարոզչական աշխատանքների համար կազմակերպությունը ծախսել է 272 հազար դոլար: Կարելի է ենթադրել, որ 100 հազարից մի փոքր պակաս գումար հավանաբար ծախսվել է Կոնգրեսում քարոզչության համար: «Գիտնականի» նշած եւ այս թվերի միջեւ եղած տարբերությունը, հավատացած եմ, ապշեցնող է:
Հստակ է, ուրեմն, որ հայերը քիչ փող են ծախսում քարոզչության նպատակներով: Թուրքական կառավարությունն, ի հակադրություն հայերի, միլիոններ է ծախսումՙ «գնելու» համար ամերիկյան լավագույն քարոզչական հաստատությունները: Երբ մի երկիր փորձի ծածկել ցեղասպանության նման համընդհանուր մի ոճրագործություն, բնականաբար միլիոնների կարիքը կզգա: Բայց դա, ինչպես թուրքերից շատերն են հասկանում այժմ, փողերի վատնում է, քանի որ ցեղասպանությունը թաքցնել չի լինի: Երբ ճշմարտությունը քո կողմն է, ինչպես հայերի պարագայում, կարիք չկա միլիոններ ծախսելու:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»