«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2005-09-06 | #159, 2005-09-07 | #160, 2005-09-08


ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿՎԱԾ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՈՒՍԱՑՆՈՂ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹԳԻԾԸ

Եվրոհանձնաժողովի (ԵՄ-ի գործադիր մարմինն է) տրանսպորտի եւ էներգետիկայի գլխավոր տնօրենության ղեկավար Ֆրանսուա Լամուրեն 2004 թ. նոյեմբերի 15-ին Բաքվում հայտարարեց, որ ԵՄ-ն շահագրգռված է Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության իրագործմամբ: «Մենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք այդ նախագիծը, որպեսզի հետագայում կարողանանք ֆինանսավորել: Սակայն բացի ԵՄ միջոցներից, մենք պետք է տեսնենք ֆինանսավորման հնարավոր այլ աղբյուրներ», ասել էր Լամուրեն:

Նույն տարվա դեկտեմբերի 28-ին, Լամուրեի խրախուսական հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները Թբիլիսիում ստորագրեցին Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության համաձայնագիր: 2005 թ. մայիսի 25-ին, արդեն Բաքվում, երեք երկրների նախագահներ Սեզերը, Սաակաշվիլին եւ Ալիեւը հայտարարեցին երեք երկրները Եվրոպային կապող «երկաթուղային միջանցքի» ձեւավորման մասին:

Պաշտոնական Երեւանը Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման եւ ԵՄ-ի կողմից այս նախագիծը ֆինանսավորելու առնչությամբ մտահոգություն հայտնեց անցնող գարնան վերջին օրը: Հայաստանի արտգործնախարարը մայիսի 31-ի թվագրված նամակով դիմում է Եվրոհանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտի հարցով հանձնակատար Ժակ Բարրոյին` շարադրելով Հայաստանի դիրքորոշումը: Որպեսզի պարզ լինի, թե որքանով է հավանական ԵՄ-ի ֆինանսական միջոցներով Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման հավանականությունը, անհրաժեշտ է ծանոթանալ Օսկանյանի նամակի բովանդակությանը եւ ոգուն:

«Տեղեկանալով, որ ներկայում դուք քննարկում եք Թուրքիայից Վրաստան նոր երկաթուղի կառուցելու հնարավորությունը, թույլ տվեք ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը: Ինչպես գիտեք, գոյություն ունի գործող երկաթգիծ, որը Գյումրիով Կարսը կապում է Թբիլիսիին: Սա անփոխարինելի միջանցք է ԵՄ-ից ֆինանսավորվող ՏՐԱՍԵԿԱ ծրագրում: Այն չի շահագործվել Հայաստանը շրջափակելու Թուրքիայի քաղաքական որոշման պատճառով: Երկաթուղային նոր գիծ կառուցելու ներկայիս որոշումը պահանջում է շատ մեծ դրամական միջոցներ եւ գումար: Ավելին, դա հարում է Թուրքիայի արդեն տասնամյակ շարունակվող շրջափակման քաղաքականությանը: (Հայ-թուրքականը) միակ փակ սահմանն է ամբողջ Եվրոպայում: Հայաստանը բանականությունից հեռու եւ անընդունելի է համարում նման լուծումը: Եթե Հայաստանն է Թուրքիայի համար խնդիրը, ապա Հայաստանը պատրաստ է չօգտվել այդ (Կարս-Գյումրի) երկաթգծից: Եթե Եվրոպան իսկապես ուզում է Կովկասում համագործակցություն, այս (Կարս-Գյումրի) երկաթգծի վերաշահագործումը լավագույն խթանն է այդ գործընթացի համար: Այդ միջանցքը չշահագործելը կդժվարացնի եվրոպական հարեւանության քաղաքականության հաջող իրականացումը», ասվում է Օսկանյանի նամակում:

Հայաստանը չի կարող խոչընդոտել Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանը, մանավանդ որ այդ ծրագիրը քաղաքական եւ ֆինանսական աջակցություն է գտնում Եվրոպայում: Երեւանի դիվանագիտական շրջանակներում դեռեւս ակնկալիքներ կան, որ հոկտեմբերի 3-ին սկսվող Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցություններում հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցը կդրվի օրակարգում: Անկարան, սակայն, դժվար թե տեղի տա: Թուրքական իշխանությունները հրաժարվում են ճանաչել անգամ ԵՄ անդամ Կիպրոսի անկախությունը: Նման պայմաններում եվրոպացիները հավանաբար շահարկեն Հայոց ցեղասպանության իրողությունը, ինչը վիրավորական է Հայաստանի եւ սփյուռքի համար:

Հայաստանի ԱԳՆ մի պաշտոնյա «Ազգի» հետ զրույցում նշեց, որ, Երեւանը «Կարս-Ախալքալաք երկաթուղու նախագիծը դիտում է քաղաքական ակցիա, որը չի նպաստում տարածաշրջանային համագործակցությանը, իսկ երկաթուղու շինարարությունը նպաստում է Հայաստանի մեկուսացմանը, ինչն արվում է արհեստականորեն»: Դիվանագետի կարծիքով, Կարս-Ախալքալաքն այլ արժեք չունի, քան Կարս-Գյումրի երկաթգիծը չօգտագործելը: «ԵՄ-ն խրախուսում է տարածաշրջանային համագործակցությունը, մինչդեռ Կարս-Ախալքալաքի ֆինանսավորման դեպքում ԵՄ-ն արմատական հակասության մեջ է մտնում իր իսկ հռչակած սկզբունքի հետ: Նրանք նպատակ ունեն ֆինանսավորել մի ծրագիր, որն ուղղված է Հայաստանի մեկուսացմանը», ասաց դիվանագետը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4