ԼՈՆԴՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Էնթընի Քանթորը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Թորիլդա Էբոթ-Ուոթին, որը կտեղափոխվի այլ դիվանագիտական աշխատանքի:
Ինչպես հաղորդում է «M2 Presswire» գործակալությունը, Էնթընի Քանթորն իր նոր պարտականություններին կանցնի 2006 թ. հունվարից:
Էնթընի Քանթորը ծնվել է 1946 թ.: Շուրջ չորս տասնամյակ` 1966թ.-ից սկսած, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության համակարգում եւ արտերկրում Միացյալ Թագավորության դիվանագիտական առաքելություններում, այդ թվում Տոկիոյում, Օսակայում, Հանովերում, Հանոյում, Ռանգունում, Աքրայում: 2001-2005 թթ., մինչ նոր նշանակումը, Պարագվայում Միացյալ Թագավորության դեսպանն էր: Ամուսնացած է, ունի երեք զավակ: