Մայր աթոռ Սբ. Էջմիածնից տեղեկացանք սեպտեմբերի 3-6-ը Մայր աթոռում տեղի ունեցած Հայաստանյայց առաքելական Սբ. եկեղեցու Մեծ եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող խառն (էջմիածին-Անթիլիաս) հանձնաժողովի առաջին նիստի մասինՙ անդամակցությամբ Սեպուհ արք. Սարգսյանի, Եզնիկ եպս. Պետրոսյանի, Գեղամ եպս. Խաչերյանի, Բաբկեն վրդ. Չարյանի, Զատիկ վրդ. Ավետիքյանի, Դանիել վրդ. Ֆնդկյանի:
Մինչ նիստի աշխատանքներն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ հայրապետն ընդունել եւ իր օրհնությունն է հղել հանձնաժողովի անդամներին, Սեպուհ արք. Սարգսյանը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա հայրապետի ողջույններն ու բարեմաղթություններն է փոխանցել: Նիստում քննարկվել են հարցի ուսումնասիրության շրջանակների, աշխատանքային ժամանակացույցի խնդիրները: Առաջին աշխատանքային ժողովը տեղի կունենա նոյեմբերի 8-12-ը:
Մեծ եղեռնի զոհերի սրբադասման հարցը նոր չէ մեր եկեղեցու համար օրակարգային, սակայն Եղեռնի 90-րդ տարելիցը դարձնում է հրատապայինՙ իբրեւ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն վերջնական ճանաչմանը նպաստող կարեւոր հանգամանք: Մայր աթոռում կայացած անդրանիկ համատեղ նիստի աշխատանքներում ուրախալին նաեւ այն է, որ հարցը կարեւորվում է երկու կաթողիկոսությունների համար:
Այս հարցին վերջերս անդրադարձել է «Ազգը» Ժնեւի հայոց եկեղեցու հովիվ Աբել քահանայի գրքի առիթով:
Մ. Բ.