Երեկ տեղի ունեցավ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 14 հատուկ դպրոցի եւ Դիլիջանի «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի ննջասենյակային մասնաշենքի բացումը:
Թիվ 14 հատուկ դպրոցը, որ 1961 թ.-ից չէր վերանորոգվել, 2004 թ. մարտից հիմնանորոգվել է: Իր հարկի տակ տեսողության զանազան խնդիրներ եւ այժմ 120 աշակերտ ունեցող դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ: Ամբողջությամբ փոխվել են դպրոցի տանիքը, ջրմուղ-կոյուղու համակարգը, վերանորոգվել են դասասենյակները, տեղադրվել են ժամանակակից սանտեխնիկա եւ պատուհաններ, ինչպես նաեւ կառուցվել է կաթսայատուն: Ինչպես դպրոցի բացման ժամանակ նշեց ՀՕՖ գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, դպրոցաշինությունը ՀՕՖ-ի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի իրականացրած առանցքային եւ համալիր ծրագիր է, քանի որ վերջերս նրանք վերակառուցել են նաեւ թույլ լսողություն ունեցող երեխաների թիվ 15 դպրոցի եւ «Հաղթանակ» տուն-ինտերնատի ճաշարանային մասնաշենքերը:
Չափազանց ուրախ եւ աշխույժ էին հատկապես դպրոցի երեխաները: 14-ամյա Վրեժ Մանուկյանի համար այս տարի դպրոցն անճանաչելի է դարձել եւ ամբողջովին բարեփոխվել: Թեպետ լավ չի տեսնում, բայց «զգում եմ, որ պայմաններն այն ժամանակվա համեմատ շատ լավ են»:
Նույն օրը տեղի ունեցավ Դիլիջանի «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի բացումը: ՀՕՖ-ի ջանքերով եւ ֆլորիդահայ բարերարուհի Լուսինե Մարտիրոսյան-Հարվիի նախաձեռնությամբ կազմակերպված սփյուռքահայերի հանգանակություններով վերանորոգվել է առողջարանի ննջարանային մասնաշենքը: Տարեկան առողջարանում կազդուրվում են 250-300 երեխաներՙ 50 օր բուժմամբ: Առողջարանում կան երեխաներ, որոնք ժամանակին հիվանդացել են պալարախտով եւ կարիք ունեն առողջարանային բուժման, ինչպես նաեւ կան երեխաներ, որոնք մերձավորների հետ շփվելու հետեւանքով հիվանդացել են եւ կրկին ունեն կանխարգելիչ բուժման կարիք:
Բուժհաստատության ննջարանային մասնաշենքում կատարվել է սեյսմիկ ամրացում, լուծվել են ջրամեկուսացման խնդիրները, անցկացվել են ինժեներական համակարգերՙ ջրի, կոյուղու, օդափոխության եւ ներքին ջեռուցման, ինչպես նաեւ ամբողջությամբ փոխվել են մասնաշենքի տանիքը, դռներն ու պատուհանները, հատակածածկերը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ