Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում իր հաղթարշավն է շարունակում ամենատարեց մասնակից, 35-ամյա Անդրե Աղասին: Քառորդ եզրափակիչում նա բավական համառ ու անզիջում մրցապայքարում պարտության մատնեց իր հայրենակից Ջեյմս Բլեյկին: Առաջին երկու խաղափուլերում առավելությունը Բլեյկի կողմն էր, որը հաղթեց միեւնույնՙ 6-3 հաշվով: Սակայն փորձառու Աղասուն հաջողվեց փոխել մրցակցության ընթացքը եւ հաջորդ 2 խաղափուլերը շահել նույնպիսի հաշվով: Իսկ վճռորոշ խաղափուլում հաղթողը որոշվեց թայ-բրեյքում: Հաջողությունն ուղեկցեց Աղասուն: Այդ հաղթանակից հետո Անդրե Աղասին հայտարարել է, որ երբեք իրեն այնքան լավ չի զգացել, որքան այժմ: «Խաղի ընթացքում թվում էր, թե հնարավոր չէ մրցակցին հաղթել, սակայն կարողացա ինչ-որ կերպ հակախաղ գտնել եւ պարտության մատնել Բլեյկին: Մինչդեռ կարող էի արդեն 1 ժամ 20 րոպե անց տանուլ տալ ողջ մրցախաղը», նշել է Աղասին:
Կիսաեզրափակիչում Աղասու մրցակիցը կլինի նրա մեկ այլ հայրենակիցըՙ մարզասերներին քիչ հայտնի Ռոբին Ջինեպրին, որը շատերի համար անսպասելի պարտության մատնեց արգենտինացի Գիլյերմո Կորիային (4-6, 6-1, 7-5, 3-6, 7-5):
Կանանց մրցաշարում կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց ռուսաստանցի Ելենա Դեմենտեւան: Նրա մրցակցուհին թենիսիստուհիների դասակարգման առաջատար Լինդսեյ Դեւենպորտն էր: Դա մրցակցուհիների 15-րդ մրցախաղն էր, որից 10-ում հաղթող էր ճանաչվել Դեւենպորտը: Այս անգամ Դեմենտեւային հաջողվեց առավելության հասնել (6-1, 3-6, 7-6): Դեմենտեւան ոչ միայն կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց, այլեւ նպաստեց իր հայրենակցուհի Մարիա Շարապովայիՙ թենիսիստների դասակարգման ցուցակը գլխավորելուն: Այժմ կիսաեզրափակիչում Դեմենտեւան ուժերը կչափի ֆրանսուհի Մարի Պիրսի հետ, որը պարտության մատնեց իր հայրենակցուհի Ամելի Մորեսմոյին (6-4, 6-1): Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Մարիա Շարապովան եւ Կիմ Կլիյստերսը:
Տղամարդկանց զուգախաղում Բոբ եւ Մայք Բրայան եղբայրները մտան եզրափակիչՙ հաղթելով Պոլ Գոլդստեյն-Ջիմ Թոմաս զույգին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ