«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2005-09-08 | #161, 2005-09-09 | #162, 2005-09-10


ԳԱԼՈՒՍՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ՀԵՐԹՆ ԷԼ ԿԳԱ»

Արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ «Փյունիկի» նախկին հարձակվող Գալուստ Պետրոսյանը հանդես է գալիս Մոլդովայի «Զիմբրուում»: Նրա հետ մեր զրույցում նախ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են ընթանում գործերը թիմում:

- Առայժմ ամեն ինչ նորմալ է: Առաջնությունը նոր է մեկնարկել, ընդամենը 3 տուր է կայացել: Մեկնարկային խաղին չմասնակցեցի, քանի որ հրավիրվել էի ազգային հավաքականՙ նախապատրաստվելու Հորդանանի ընտրանու հետ հանդիպմանը: Երկրորդ տուրում «Դաչիայի» հետ հանդիպման խաղասկզբում գոլ խփեցի, եւ խաղը շահեցինք 2-0 հաշվով: Իսկ հաջորդ տուրում 0-1 հաշվով զիջեցինք «Շերիֆին»: Նախորդ տարվա համեմատ թիմի կազմը զգալիորեն ուժեղացվել է, մեծ թիվ են կազմում լեգեոնականները, հատկապես ռումինացիները: Անցյալ տարի «Զիմբրուն» տեղի երիտասարդ ֆուտբոլիստներով 5-րդ տեղն էր գրավել, եւ, բնականաբար, արդյունքը չէր գոհացրել ակումբի ղեկավարությանը: Այժմ թիմի առջեւ խնդիր է դրվել պայքարել երկրի չեմպիոնի ու գավաթակրի կոչումների համար:

- Ընդհանուր մարզավիճակդ ինչպիսի՞ն է:

- Նորմալ: Խաղում եմ կենտրոնական հարձակվողի գոտում: Ավելի շատ խաղադաշտում համագործակցում եմ ռումինացի փորձառու մի ֆուտբոլիստի եւ Մոլդովայի երիտասարդական հավաքականի խաղացողի հետ, որոնք գրոհների ժամանակ գործում են մի փոքր հետ քաշված եւ հաճախակի են ինձ գնդակներ մատակարարում, նաեւՙ բարձրից, հաշվի առնելով գլխով լավ խաղս:

- Դու անցյալ մրցաշրջանի երկրորդ շրջանից ես հանդես գալիս «Զիմբրուում»: Դա բավական ժամանակ է մոլդովական ֆուտբոլի մասին կարծիք կազմելու համար:

- Իհարկե, հայկական ֆուտբոլի համեմատ մոլդովական ֆուտբոլի խաղամակարդակը զգալիորեն բարձր է: Այստեղ թիմերը հիմնական շեշտը դնում են ուժային պայքարի վրա: Որոշիչը ոչ այնքան ֆուտբոլիստների տեխնիկական վարպետությունն է, որքան ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Հիմնականում հաջողության են հասնում նրանք, ովքեր ֆունկցիոնալ ավելի լավ են պատրաստված:

- Որքան տեղյակ եմ, պայմանագիրդ «Զիմբրուի» հետ 3 տարով է: Այլ թիմերից կա՞ն առաջարկներ:

- Առայժմ ոչ: Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, աստիճանաբար մտնում ենք հունի մեջ, բարելավում մարզավիճակը: Հնարավոր է, որ մինչեւ դեկտեմբեր նման առաջարկներ ստացվեն:

- Բազմիցս հրավիրվել ես Հայաստանի ազգային հավաքական, սակայն առայժմ քեզ բախտ չի վիճակվում տեղ զբաղեցնել հիմնական կազմում: Դա քեզ հոգեբանորեն չի՞ ճնշում:

- Կարծում եմ, իմ հերթն էլ կգա: Առայժմ երեւի թե մարզիչները չեն վստահում ինձ: Դա նաեւ նրանից է, որ իմ խաղը նրանք փաստորեն չեն տեսել: Իհարկե, խաղալ-չխաղալու հարցը մարզիչն է որոշում: Իմ խաղային ունակությունները ստուգելու լավ առիթ էր Հորդանանի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որին հրավիրվել ու նախապատրաստվել էի, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտա: Իհարկե, հավաքականում ընդգրկվելն առաջին հերթին ինձանից է կախված: Եթե Մոլդովայում հաջող մրցելույթներ ունենամ ու արդյունավետ խաղ ցուցադրեմ, կարծում եմ, ի վերջո կարժանանամ հավաքականի մարզիչների վստահությանը:

- Դու փաստորեն հավաքականի տարբեր մարզիչների գլխավորությամբ ես մարզվել: Ինչպիսի՞ տարբերություններ ես տեսնում նրանց մարզման մեթոդիկայում:

- Յուրաքանչյուրն էլ մարզման իր առանձնահատկություններն ուներ: Իմ կարծիքով, օրինակ, Ստոյկիցան մեծ ուշադրություն էր դարձնում տակտիկական հարցերին եւ հենց դրանց շնորհիվ էլ հաջողվում էր լավ խաղ ցուցադրել: Վիսմանն ավելի շատ սիրում է կոմբինացիոն ֆուտբոլը, պայքարը, ուշադրություն է դարձնում փոխանցումներին, մամլիչ գործողություններին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4