«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


ՌՈՒՍ ՆԱՎԱՍՏԻՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՆԻԳԵՐԻԱԿԱՆ ԲԱՆՏԻՑ

Սեպտեմբերի 10-ին «Ազգը» տեղեկացրել էր, որ Նիգերիայի դատարանը գրավի դիմաց որոշել է ազատ արձակել նավթի մաքսանենգության մեղադրանքով 2003 թ. հոկտեմբերի 8-ին ձերբակալված 12 ռուս նավաստիներին: Թերթը նաեւ մեջբերել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի այն խոսքերը, թե երկուշաբթի օրը նրանք ազատ կարձակվեն եւ վերջնական դատավճռին կսպասեն Նիգերիայում ՌԴ դեսպանատանը կամ առեւտրային ներկայացուցչությունում:

Այդպես էլ եղավ: Երեկ ՌԻԱ գործակալությունը հաղորդեց, որ ռուս նավաստիների արձակման որոշումն ընդունված է: «Նիգերիայում իմ ներկայացուցիչը եւ ռուս նավաստիների նոր փաստաբանը բանտ են մեկնում նրանց վերցնելու, որպեսզի ՌԴ առեւտրային ներկայացուցչության տարածքում ապրեն մինչեւ վերջնական դատավճռի կայացումը», հեռախոսով հայտնեց Արա Աբրահամյանը:

ՌԴ ԱԳՆ-ի հետ սերտորեն գործակցող Արա Աբրահամյանը նավաստիների արձակումը համարում է ռուսական դիվանագիտության հաղթանակ: «Անկախ դատարանի վճռից, վերջին խոսքը Նիգերիայի նախագահինն է», ընդգծել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4