Ճշմարիտ բարեգործությունը մեր օրերում խիստ փնտրված ու ողջունելի երեւույթ է, ինչպես մարդասիրական, այնպես էլ օրինակելի լինելու տեսակետից: Սակայն զարմանալի մի գաղտնապահություն կարող է փչացնել բարեգործական ակցիայի մասին մեր պատկերացումները: Այդպես եղավ նաեւ այն դեպքում, երբ փորձեցինք մանրամասնել Կալիֆոռնիայի հայ ատամնաբույժների միության բարեգործական ակցիան Երեւանում: Սակայն բացի շրջիկ ատամնաբուժական կենտրոնի մեքենան ու այնտեղ աշխատող բժիշկներին տեսնելուց, ուրիշ բան չկարողացանք արձանագրել զուտ այն պատճառով, որ ատամնաբուժական գործող կազմի անդամներն իրենց «չխոսկանությունը» պատճառաբանեցին այսպես. «Մեր կազմակերպիչ Գեղամն ասել է` առանց իմ թույլտվության ոչ ոքի հարցերին չպատասխանեք»: Գեղամի թույլտվության համար փորձեցինք զանգել նրա բջջային հեռախոսին, սակայն ապարդյուն. զգուշավոր կազմակերպիչը նաեւ անհասանելի էր: Արդյունքը այն տհաճ զգացողությունն է, որ մարդ ունենում է անարդարորեն կասկածելի համարվելու պարագայում: Իհարկե, չենք ժխտում, որ անբարեխիղճ լրագրողներ էլ են պատահում, սակայն կարելի՞ է արդյոք բոլորին նույն արշինով չափել, հարգարժան, բայց եւ անհասանելի պարոն Գեղամ: Նույնն է, թե բոլոր ատամնաբույժներին կամ բարեգործներին չափենք վայ-բժիշկների կամ շահախնդիր վայ-բարեգործների արշինով:
Ընդգծենք, դա ե՛ւ անարդար է, ե՛ւ ոչ կառուցողական:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ