«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


«ԱԳՐԱՄ ԽԱՆԻ» ՊԱՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

«Պատմությունները պարի մեջ են, պետք է միայն մեկ անգամ հասկանալ, թե ինչպես կարդալ դրանք, բաոբաբի գլխիվայր ծառեր, հողատերեր, երկունքի մեջ գտնվող կանայք, քնած հասարակություն: Շարժումը երկրային է, վայրընթաց, շատ գեղեցիկ է դիտվում վերեւից: Թվում է, թե պարողները հողի եւ երկնքի մասնիկներն են», գրում է «The Observer»-ը պարային մենակատար Ագրամ Խանի ելույթի առիթով: «Ագրամ Խան» ընկերության ներկայիս ռեժիսոր Ֆառուք Չոդրիին մենակատարը թիմակցեց 1999-ին, երբ ներգրավվեց բելգիական բեմական արվեստի հետազոտական եւ վերապատրաստման ստուդիաների «Էքս-գրուպ» ծրագրերում: Այստեղ Ագրամին տրամադրվեց պարային խումբ եւ մասնագիտական աջակցություն: Այս ընթացքում բրիտանական պարային փառատոնում նրա ներկայացրած «Ազատ թռիչքը»ՙ սոլո աշխատանքը, աննախադեպ հաջողություն ունեցավ եւ ուշադրություն գրավեց: 2000-ին իր մասնակցությամբ «Սրընթաց շարժում» գործը Ագրամի խորեոգրաֆիկ գործունեության սկիզբը դրեց, որին հաջորդեց Չոդրիի հետ «Ագրամ Խան» ընկերության հիմնադրումը: Խումբը համարվում է աշխարհի առաջատար երիտասարդ պարային խմբերից մեկը, որը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի նշանավոր բեմերում եւ փառատոներումՙ արժանանալով մրցանակների, իսկ մենակատարըՙ բարձր կոչումների:

Ընկերության ամենաամբողջական ստեղծագործությունը «Ma»-ն է: Պարային արվեստի պլաստիկային գերազանց տիրապետող արտիստները ելույթ են ունենում թավջութակահարի, հարվածային գործիքներով կատարողների եւ երգչի հետ: Պարային ռիթմիկան եւ շարժումները ներդաշնակվում են հնդկական երաժշտական լեզվի հարուստ սիմվոլիկային, որն ուղեկցվում է հնդկական թմբուկիՙ մրիդանգամի նվագակցությամբ:

Խմբի ներկայացումներին հատուկ են պարային արվեստի տարրերի անսովոր համադրումներըՙ ժամանակակցի եւ դասականի, որը կատարվում է անշարժության եւ արագության հաջորդականությամբ, եւ շարժումների լեզվին հաղորդում է ճկունություն, զգայունություն, ուժ եւ դրամատիզմ:

Խմբի արվեստը, որին ծանոթ չենք, ներկայացվում է ըստ մեզ տրամադրած տեղեկության: Հայ հանդիսականն այս անսովոր մշակույթին հաղորդակցվելու հնարավորություն կունենա այսօր երեկոյանՙ օպերային թատրոնում: Պարային ներկայացումը կազմակերպել է հայաստանյան «Բրիտանական խորհուրդը»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4