«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ ԿՆՇՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՎ 9-ԻՆ

Իսկ սգո պարագաների վաճառքը կկանոնակարգվի օրենքով

Քաղաքապետարանում երեկ հրավիրված ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ փոխքաղաքապետ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ յուրաքանչյուր հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը կնշվի Երեւանի օրը: Այս տարի տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին եւ 9-ին: Ակնկալվում է մեծ թվով հյուրերի առկայություն: Արդեն հայտնի է միջոցառումների գլխավոր ռեժիսորը: Դա Վիգեն Ստեփանյանն է: Տոնակատարությունները կսկսվեն հոկտեմբերի 8-ին: Այդ օրը օպերայի եւ բալետի պետական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ, իսկ դրա ավարտից հետո համերգ Ազատության հրապարակում: Համերգներ եւ տոնական միջոցառումներ տեղի կունենան մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Փոխքաղաքապետը հայտնեց նաեւ, որ տոնակատարությունը կեզրափակվի աննախադեպ հրավառությամբ:

Մշակույթի ոլորտի մյուս նորությունն այն էր, որ քաղաքապետարանը 14 մլն դրամ է հատկացրել երաժշտական դպրոցներում սովորող միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, զոհված, հաշմանդամ ազատամարտիկների եւ գերազանցությամբ սովորող երեխաների ուսուցման ծախսերը վճարելու համար: Այսինքն, այդ երեխաներն ամբողջությամբ կազատվեն ուսման վճարից: Արման Սահակյանը ընդգծեց, որ հատկապես կարեւորվելու են ժողգործիքների գծով սովորողները, քանի որ նրանց թիվը վերջին տարիներին նվազել է:

Առեւտրի եւ սպասարկումների ոլորտից Արման Սահակյանը ներկայացրեց շինանյութերի վաճառքի օբյեկտներում ստեղծված վիճակը: Նա նշեց, որ մայրաքաղաքում հաշվառված են նման 256 օբյեկտներ, որոնք իրենց ապրանքների վաճառքը իրականացնում են մայթերի վրա, երբեմն նաեւ մեքենաների երթեւեկելի մասում եւ անգամ զավթած հողատարածքներում: Անմիջապես տնից վաճառք իրականացնող սուբյեկտները 65-ն են: Ըստ Արման Սահակյանի, այդ բոլոր խախտումների համար տնտեսվարողները զգուշացվել են, եւ հավանաբար հետագայում կկիրառվեն ավելի խիստ միջոցառումներ: Սակայն հասկանալի չեղավ, թե կոնկրետ ինչ միջոցառումներ կարող է կիրառել քաղաքապետարանը, երբ որոշ ժամանակ անց հենց փոխքաղաքապետը նշեց, որ իրենք օրենսդրական լծակներ չունեն կարգազանցներին պատժելու համար: Նույնը կարելի է ասել նաեւ փողոցային առեւտրի կապակցությամբ, որտեղ, Արման Սահակյանի հավաստմամբ, խնդրի վերջնական կարգավորման համար տարիներ կպահանջվեն: Այս դեպքում նա կարեւորեց փողոցային առեւտրից չօգտվելու հանգամանքը, ասելով, որ այն կարծիքը, թե փողոցում վաճառվող ապրանքներն ավելի էժան են, չի համապատասխանում իրականությանը: Նրա հավաստմամբ, փողոցում եւ շուկայում վաճառվող ապրանքների գները չեն տարբերվում միմյանցից:

Ռեստորաններից եւ սրճարաններից լսվող բարձր երաժշտության վերաբերյալ բողոքներ գրեթե չեն եղել, հայտնեց փոխքաղաքապետը եւ ասաց, որ եւս մեկ ժամով երկարացվել է գիշերային ժամերին աղմուկը թույլատրված սահմանները չգերազանցելու ժամանակը: Այն այժմ տեւում է գիշերվա ժամը 23-ից մինչեւ առավոտյան 8-ը:

Սգո պարագաների վաճառքի մասին երեկվա բանախոսը չցանկացավ երկար խոսել, ասելով, որ շուտով խորհրդարանի քառօրյա նիստերի քննարկմանը կդրվի «Հուղարկավորության մասին» օրենքի նախագիծը, որտեղ կկարգավորվեն այդ հարցերը: Արման Սահակյանը միայն տեղեկացրեց, որ համաձայն օրենքի, մասնավորապես դագաղները պետք է վաճառվեն գերեզմանոցների մոտ գտնվող հատուկ առանձնացված տարածքներում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4